Առողջապահության նախարարությունը վիրուսային հեպատիտների կանխարգելման և դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի շրջանում իրականացնում է հեպատիտ Ց-ի ախտորոշման և բուժման ծրագիր, որի շահառուների խմբերն են.
1) Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ.
2) 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք.
3) 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք.
4) 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք.
5) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք.
6) Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում.
7) Զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ.
8) Փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողներ, ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքների անդամներ.
9) Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ.
10) Ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք.
11) Բռնադատվածներ.
12) Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ.
13) Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք.
14) Ապաստան հայցողներ ու նրանց ընտանիքների անդամներ:
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է հետևյալ փուլերով.
1) արտահիվադանոցային բժշկական կազմակերպությունների՝ (թերապևտ, վարակաբան, ընտանեկան բժիշկ) հեմոդիալիզի բաժանմունքների, հիավանդանոցային օղակի բժիշկների վերոհիշյալ շահառուների խմբերում ընդգրկված անձանց մոտ հեպատիտ Ց-ի ախտորոշման նպատակով իրականացվում է պացիենտի հավաքագրում և ուղեգրում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց.
2) ուղերգված հիվանդներին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում իրակնացվում է լաբորատոր-ախտորոշիչ հետազոտություն հետևյալ ծավալով՝
ա) «Հեպատիտ Ց» PCR/ՓՍՌ մեթոդով
բ) «Հեպատիտ Ց» վիրուսի (HCV) գենոտիպի որոշումը ՊՇՌ մեթոդով.
3) լաբորատոր-ախտորոշիչ հետազոտության արդյունքում գենոտիպ «1b» հաստատված ախտորոշում ունեցող պացիենտներին տրամադրվում է բժիշկ-մասնագետի խորհրդատվություն և դուրս է գրվում դեղատոմս, որից հետո դեղատոմսով պացիենտը առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստանում է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն տրամադրված հակավիրուսային դեղերը:
Բոլոր այն քաղաքացիները, ովքեր շահառուների խմբերում են և ունեն առողջական խնդիր կապված հեպատիտ Ց-ի ախտորոշման և բուժման հետ, ծրագրում ընդգրկվելու համար կարող են դիմել տեղամասային պոլիկլինիկա կամ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց: