Կեղտոտ օդը վտանգավոր է ոչ միայն շնչուղիների, այլ նաև աչքերի համար։ Լոնդոնի Համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ կեղտոտ օդ ունեցող տեղանքի բնակիչների մոտ գլաուկոմայի առաջացման վտանգն ավելի մեծ է։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, մասնագետները հետազոտություն են իրականացրել ավելի քան 100 հազար մասնակցի ներգրավմամբ։ Պարզվել է, որ օդում 2,5 միկրոմետր չափի աղտոտող մասնիկների համեմատաբար բարձր խտության դեպքում գլաուկոմայի առաջացման վտանգը բարձրանում է 6 տոկոսով։
Կոշտ մասնիկների պարունակությունն առավել աղտոտված տեղանքում տատանվել է 10,46-19,69 մկգ/մ3-ի սահմաններում։ Իսկ ամենաբարձրորակ օդ ունեցող շրջաններում այդ ցուցանիշը տատանվել է 8,17-9,38 մկգ/մ3-ի սահմաններում։ Ինչպես հավաստիացնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները, 10 մկգ/մ3-ից բարձր մեծությունները վտանգավոր են առողջության համար։
Օդի աղտոտումը հանգեցնում է անոթների նեղացման, ինչը բարձրացնում է սիրտ-անոթային հիվանդությունների և գլաուկոմայի առաջացման ռիսկը։ Բացի այդ, աղտոտող մասնիկներն ուղղակիորեն վնասում են նյարդային համակարգն ու բորբոքում առաջացնում։ Այս ամենը կարող է առաջ բերել ներաչքային ճնշման աճ և գլաուկոմա։