Թեև Գյումրու գիմնազիայի հիմնադրման տարեթիվը համարվում է 1905 թվականը, սակայն մինչ այդ, Երևանի նահանգապետի և Կովկասի ուսումնական Օկրուգի հոգաբարձության միջև ծավալված գրավոր երկխոսության արդյունքում, 1879 թ. նոյեմբերին Ալեքսանդրապոլում (ներկայիս Գյումրիում) հիմնվում է իգական պետական տարրական դպրոց՝ պրոգիմնազիա, որտեղ առաջին տարում սովորում են 18 աշակերտուհի, դասավանդում` յոթ ուսուցիչ: Ուսուցումը տարվում է ռուսերեն լեզվով:
Գիմնազիան կառուցվում է Նիկոլայ II ցարի և համայնքի կողմից հավաքված հանգանակությունների հաշվին:
Նիկոլայի II-ը համաձայնում է գումար հատկացնել շինարարության համար, բայց միայն մի պայմանով`եթե դպրոցն իր քրոջ` Օլգայի անունով կոչվի: Հենց դրա համար էլ գիմնազիան կոչվել է Օլգինյանը։ Իսկ արդեն 1937թ.-ին ռուս հայտնի բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի մահվան 100-րդ տարելիցի նախօրեին, դպրոցը անվանակոչվում է մեծանուն բանաստեղծի պատվին։
1905-1906թթ. պրոգիմնազիան վերածվում է գիմնազիայի, որտեղ արդեն սովորում էին շուրջ 376 աշակերտ, որոնցից 239–ը ազգությամբ հայեր էին, 127-ը` ռուսներ, և 10–ը` այլ ազգի ներկայացուցիչներ: Պարզվում է` բոլոր ցանկացողները չէ, որ կարող էին սովորել այս հաստատությունում. դրա համար պետք էր հատուկ կարգավիճակ։ Աշակերտուհիները հիմնականում ազնվականների և առևտրականների դուստրերն էին։
Իսկ 1912 թ. Արդեն շահագործման է հանձնվում դպրոցի այժմյան շենքը, որը համարվում է քաղաքի լավագույն ճարտարապետական կառույցներից մեկը: «Այստեղ սովորեցրել են կանացի վարվելակերպ և վերաբերմունք, ասեղնագործություն, ձեռագործ, պար, օտար լեզուներ, հատկապես, այդ ժամանակ շատ ընդունված էր ֆրանսերեն»,- մեզ հետ զրույցում պատմում է Գյումրու քաղաքապետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը՝ նշելով, որ գիմնազիայում այդ տարիներին պատրաստել են նաև բուժքույրեր, ովքեր իրենց հմտություններն օգտագործել են ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։
1920թ. գիմնազիան վերածվում է երկրորդ աստիճանի երկսեռ ուսուցմամբ միջնակարգ դպրոցի: 1930 թ.-ին այն դասվում է «օրինակելի դպրոցների» շարքին:
Սպիտակի երկրաշարժի պատճառով դպրոցի շենքը վթարային է դառնում և վերականգնվում միայն 2001 թվականին։ Այսօր թիվ 6 հիմնական դպրոցն ունի ավելի քան 500 աշակերտ։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am