Արտաքին զարգացումներից ելնելով՝ հնարավոր է մի օր արթնանանք ու տեսնենք, որ Նիկոլը ստիպված է դիմել ժողովրդին և նույնիսկ իր կողմից շատ ատելի մարդկանց. Ալբերտ Բաղդասարյան. tert.am
Advertisement 1000 x 90

Արտաքին զարգացումներից ելնելով՝ հնարավոր է մի օր արթնանանք ու տեսնենք, որ Նիկոլը ստիպված է դիմել ժողովրդին և նույնիսկ իր կողմից շատ ատելի մարդկանց. Ալբերտ Բաղդասարյան. tert.am

Իշխանության վարած քաղաքականության, որոշումներ կայացնելու ունակության և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է  1990-1995թթ Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանի հետ: Նրա կարծիքով՝ Հայաստանի պետական կառավարման համակարգն իրենից ենթադրում է ավտորիտար ռեժիմ: Նա գտնում է, որ նախորդ երեք նախագահների ժամանակ պետությունը եղել է ավտորիտար, հիմա էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք է ավտորիտար: Մեկ հոգու իշխանությունը երբեք չի կարող մրցունակ պետություն ստեղծել 21-րդ դարում, այդ թվում՝ Նիկոլի օրոք:

– Պարոն Բաղդասարյան, այսօրվա իշխանությունն ունի՞ որոշում կայացնելու վճռականություն:

– Ցանկացած բան որոշում է: Օրինակ, երբ Ամուլսարը պետք է շահագործեին, Նիկոլ Փաշինյանն, ըստ իր ստանձնած պարտավորությունների, պարտավորվել էր շատ արագ բացել այն, և ամեն ինչ անում էր, որ շահագործվի: Երբ բնակչությունը չհամաձայնեց, չենթարկվեց, թույլ չտվեց, նա որոշում կայացրեց հետաձգել, հիմա այլ ճանապարհներով է ցանկանում խնդիրը լուծել:

– Ըստ իրավիճակի որոշո՞ւմ փոխել:

– Ավտորիտար ռեժիմներում այդպես են գործում, որոշում են կայացնում ըստ իրավիճակների: Քանի որ չկա հակակշիռների մեխանիզմ, որ որոշումները կայացնեն ըստ օրենքի, ժողովրդի պահանջի: Այդ ժամանակ է, որ գործում է մեկ հոգու կամքը. այդ մի հոգու կամքը կամ հանդիպում է դիմադրության՝ ինչպես 1996 թվականի սեպտեմբերի 25-ին, 2004 թվականի ապրիլի 4-ին, 2008-ի մարտի 1-ին և այդպես է որոշում կայացվում, կամ որոշում է կայացվում փոխել վեկտորները, պահանջները: Երկրորդ տարբերակով որոշում կայացրեց Սերժ Սարգսյանը և հրաժարական տվեց: Այնպես որ որոշումներ կայացնելու մեխանիզմները միշտ նույնն են՝ նայած ինչքան է դիմադրությունը, կարևորն այն է, թե որոշում կայացնելուց ինչի վրա են հիմնվում, ինչ նպատակներ են հետապնդում:

– Վերադառնանք ներկա իշխանություններին: Կարծիք կա՝ այս իշխանությունները ժամանակավոր են և երկար չեն ղեկավարելու, Դուք ի՞նչ եք կարծում:

– Դե, կարելի է քաղաքականապես գնահատել, որ ժամանակավոր է: Եթե փողոցը լցվեր 50-100 հազար ցուցարարներով, և Նիկոլն էլ հասցրած չլիներ այնքան ամրապնդեր ոստիկանությանը, որ հրաման տար ջրցանով, պայթուցիկներով ցրելու, և Երանոսյանին նորից ընդուներ աշխատանքի, որ Մուկուչյանի նման հարցերը լուծող դառնար, այդ ժամանակ ես կասեի, որ շանս կա ժամանակավոր լինելու, բայց քանի որ այդպիսի բան չկա, քանի Երանոսյանը հետ չի ընդունվել աշխատանքի Նիկոլի կողմից, քանի դեռ փողոցում 100 հազարավոր ցուցարարներ չկան, համընդհանուր դժգոհությունը չի կուլմինացվել, բյուրեղացել և ֆոկուսացվել ու այդ ընթացքում իշխանությունը Նիկոլի ձեռքում ամբողջությամբ չի կենտրոնացել, որևէ գնահատական տալ չեմ կարող: Իսկ երբ կլինի այդպես, այդ ժամանակ կռիվ կլինի, համակարգն իր տրամաբանությունն է թելադրում: Նիկոլը ենթարկվում է համակարգի տրամաբանությանը, իրեն թվում է, թե ինքն է համակարգին ենթարկել իրեն, բայց չարաչար սխալվում է, Ռոբերտ Քոչարյանից ուժեղ չլինի… Միշտ համակարգն է ենթարկում իրեն մարդուն, ու մարդուն միշտ թվում է՝ ինքն է համակարգին ենթարկացրել: Այդ համակարգի տրամաբանությամբ, Նիկոլ Փաշինյանն այնպայման, որպես ինքն իրեն ներշնչած, որ ինքը լեգիտիմ իշխանավոր է, անպայման պետք է ուժ կիրառի, որ իր 5 տարին պահի, և այդ ուժ կիրառելու որոշումն իր կողմից նույն ձևով կընդունի, ինչ կերպ ընդուվեց Ամուլսարի որոշումը՝ կախված հանգամանքներից, որի մասին խոսեցի: Բայց ենթադրություններ անելը ժամանակավոր կլինի, իսկ իմ գործը սառը դատելն է:

Ներքին զարգացումներից չի բխում, որ այս իշխանությունը ժամանակավոր լինի, ներքին զարգացումներն ավելի շատ ինձ հակում են այն մտքին, որ 5 տարի կձգի, այ արտաքին զարգացումները, որոնք անկանխատեսելի են և համակարգի ու Նիկոլի տրամաբանությունից դուրս, կտրուկ արագությամբ են փոխվում, այդտեղ որևէ մեկը կանախտեսել չի կարող:

– Ավելի շատ արտաքին գործոնի՞ց է կախված իշխանությունների վաղաժամ գնալը:

– Արտաքին ասելով՝ ես ավելի շատ նկատի ունեմ տարածաշրջանային զարգացումները, Թուրքիա-Ռուսաստան տանդեմի գործողությունները, Պուտին- Էրդողան պակտը, թե ինչ պակտ կստորագրեն նրանք արդի զարգացումների շուրջ, ինչ համաձայնությունների կգան: Առայժմ համաձայնության չեն գալիս, ակտիվ բանակցություններ են վարում և՛ Սիրիայի, և՛ Ղարաբաղի, և՛ Հայաստանի հարցով: Ընդհանրապես, Թուրքիայի և Ռուսաստանի ստրատեգիական տարածքային զարգացումները շատ հաճախ հակամետ են: Պետք է սպասել Պուտին-Էրդողան պակտին, ըստ այդմ էլ կերևա, թե Հայաստանի որ մասը, որ երկրի կազմում է սահման գծելու, և Նիկոլը ստիպված ինչ դերակատարություն է ստանձնելու. կտեսնի, որ ինքն անզոր է և ստիպված իշխանությունը կհանձնի ժողովրդին, որ ժողովուրդը կարողանա դիմակայել հերթական ռուս-թուրքական համաձայնություններին, այդ ռուս-թուրքական համաձայնություններին ինչ աչքով կնայի Արևմուտքը… այդ բոլոր զարգացումներն այնքան բարդ են, հարափոփոխ ու արագ, որ շատ հնարավոր է մի գեղեցիկ օր արթնանանք և տեսնենք, որ Նիկոլը ստիպված է դիմել ժողովրդին և նույնիսկ իր կողմից շատ ատելի մարդկանց, որպեսզի չընկնենք Լեհաստանի օրը, ինչպես երկրորդ համաշխարհայինի սկիզբը եղավ:

Ամբողջությամբ՝ tert.am



Նման նյութեր