25-ամյա կնոջ գլխացավի պատճառը հազվադեպ սինդրոմն էր. «Աստղիկ» ԲԿ-ում Հայաստանում առաջին անգամ հետաքրքիր վիրահատություն են կատարել
Advertisement 1000 x 90

25-ամյա կնոջ գլխացավի պատճառը հազվադեպ սինդրոմն էր. «Աստղիկ» ԲԿ-ում Հայաստանում առաջին անգամ հետաքրքիր վիրահատություն են կատարել

25-ամյա Ի.Հ.-ին երկար ժամանակ անհանգստացնում էին տարօրինակ ցավերը պարանոցի ձախ կողմում, որոնք տարածվում էին ականջի և ձախ քունքի վրա։ Կինը նորմալ բերանը բացել նույնպես չէր կարողանում։ Նա այցելել է թե՛ թերապևտների, թե՛ քիթ-կոկորդ-ականջաբանի, թե՛ այլ մասնագետների, բայց ոչ ոք չէր կարողացել հասկանալ, թե խնդիրն ինչում էր։

Տարօրինակ ցավերի պատճառը միանգամայն անսպասելի էր, և պարզել հաջողվեց միայն այն ժամանակ, երբ կինը գնաց «Աստղիկ» բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժնի ղեկավար Յուրի Պողոսյանի մոտ։ Պարզվեց, որ պացիենտի մոտ մախաթակոճային սինդրոմ է՝ բավական հազվադեպ խնդիր, որի մասին մինչ այդ նա երբևէ չէր էլ լսել։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում բժիշկ Պողոսյանը պատմեց, որ մախաթակոճային սինդրոմը հիվանդություն է, որի դեպքում քունքոսկրի մախաթանման ելուստը ավելորդ երկարության պատճառով բորբոքում է այն շրջապատող նյարդային, անոթային և մկանային հյուսվածքները։

Մարդկանց մեծ մասի մոտ, ինչպես բացատրեց մասնագետը, այդ ելուստը ունի 45 միլիմետր երկարություն և ոչ մի բանի չի խանգարում։ Բայց մարդկանց մոտ 4 տոկոսի մոտ այն նորմայից երկար է, և գլուխը շարժելու դեպքում այն հարվում է հարևան հյուսվածքների հետ, ինչն առաջ է բերում քրոնիկական ցավեր՝ հիմնականում դեմքի կողմնային մասի խորքի մասում։

«Դա ասես մատի փուշ լինի։ Եթե մատդ չշարժես և դրան չդիպչես, փուշը կարելի է և չզգալ, բայց շարժվելիս ու հպվելիս այն կվնասի հարևան հյուսվածքները, և մարդը ցավ կզգա։ Մոտավորապես այդպես էլ մախաթանման ելուստն է շարժվելիս բորբոքում հարևան հյուսվածքները և առաջ բերում ցավի զգացողություն», – բացատրել է մասնագետը։

Գործող շատ բժիշկներ այս խնդրի մասին անգամ չեն էլ լսել, հենց այդ պատճառով էլ այն բավական հաճախ չեն ախտորոշում։ Պացիենտները հայտնվում են քիթ-կոկորդ-ականջի մասնագետների, նյարդաբանների մոտ, բայց երկարատև սիմպտոմատիկ բուժումը անարդյունավետ է լինում, չէ՞ որ ցավերի պատճառը չի վերացվում։

25-ամյա պացիենտին ցուցաբերվել է վիրաբուժական միջամտություն՝ մախաթելունի ռեցեկցիա. վիրահատության ընթացքում, որը կատարվել է հոկտեմբերի 10-ին, մասնագետը ընդհանուր թմրեցմամբ հեռացրել է ելուստի ավելորդ մասը (համարյա 1.5 սանտիմետր)։ Սա առաջին նման վիրահատությունն  էր Հայաստանում, և այն տևել է մեկ ժամ 20 րոպե։ Վիրահատությունից 7 օր անց կարերը հանվել են, և այդ ընթացքում պացիենտը ոչ մի ցավ արդեն չի ունեցել։ Հիմա նա լիովին ապաքինվել է վիրահատությունից հետո և իրեն լավ է զգում։

Ինչպես նշել է մասնագետը, կա նման վիրահատության անցկացման 2 հիմնական մեթոդ՝ հասանելիություն ստորին ծնոտի եռանկյունուց կամ բերանի խոռոչից։ Առաջին եղանակը  համարվում է պակաս տրավմատիկ, և նման վիրահատության դեպքում հազվադեպ են նյարդերի կամ անոթների վնասման բարդություններ առաջանում, ուստի մասնագետները ընտրել են հենց այդ տարբերակը։ Թեև պացիենտի ծնոտի տակ նման վիրահատությունից հետո ոչ մեծ սպի է մնում, նա ավելի արագ է վերականգնվում և վերադառնում նորմալ կյանքի, իսկ կյանքի որակը նկատելիորեն բարելավվում է քրոնիկական ցավերից ազատվելու շնորհիվ։

med.news.am