Աչքերի քաղցկեղը շատ հազվադեպ հիվանդություն է, բայց անչափ վտանգավոր: Գերմանացի գիտնականները հայտնել են, թե ինչպիսի փոփոխություններով է հնարվոր ճանաչել աչքերի քաղցկեղը, հայտնում է Focus ամսագիրը:
Տարբերակվում է աչքերի քաղցկեղի երկու տեսակ. ռետինոբլաստոմա և խորիոիդալ մելանոմա: Ռետինոբլաստոման հաճախ ախտորոշում են մանկական տարիքում, և այն սովորաբար առաջինը նկատում են ծնողները: Լուսարձակմամբ լուսանկարելու ժամանակ ռետինոբլաստոմայով երեխայի մի բիբը կարմիր է լինում, իսկ մյուսը՝ սպիտակ, նարնջագույն կամ այլ գույնի: Աչքի այս քաղցկեղի մեկ այլ նշան կարող է լինել շլությունը:
Ինչ վերաբերում է խորիոիդալ մելանոմային, ապա այն ընդհանուր քիչ բան ունի մաշկի մելանոմայի հետ, չնայած անվանումների համապատասխանությանը:
Շարիտե կլինիկական համալիրի ակնաբուժության դեպարտամենտի տնօրեն Անտոնիա Յուսենը պնդում է, որ մաշկի քաղցկեղը համեմատաբար հեշտ է բուժվում իմունոթերապիայի միջոցով, մինչդեռ խորիոիդալ մելանոման գրեթե չի արձագանքում թերապևտիկ ներգործությանը. այն իրեն պահում է ինչպես սաղմնային կամ արխաիկ ուռուցք, որը կարող է թափանցել օրգանիզմի ցանկացած բջիջ և ունի տարածվելու մեծ ռիսկ:
Այս պատճառով խորիոիդալ մելանոմայի դեպքում այդքան կարևոր է վաղ հայտնաբերումը, ընդգծել է Անտոնիա Յուսենը:
Նման ուռուցքը հաճախ առաջանում է 20-ից մինչև 30 տարեկանում: Մասնագետի խոսքով՝ աչքերի քաղցկեղի այս տեսակի ախտանշանները կախված են այն հանգամանքից, թե ուռուցքը աչքի որ հատվածում է աճում, բայց դրանք բոլորը, այսպես թե այնպես, կապված են տեսողության վատթարացման հետ:
«Միջին տարիքի մարդը կարող է մտածել, թե իրեն ընթերցելու համար ակնոց է հարկավոր: Ուստի տեսողության հետ կապված բոլոր խնդիրները, նույնիսկ անմեղ թվացողները պետք է պարզաբանի ակնաբույժը»,- նշել է փորձագետը: