Ալկոհոլի անգամ չափավոր քանակությունը բարձրացնում է քաղցկեղի որոշ տեսակների առաջացման վտանգը։ Ճապոնիայում իրականացված և Cancer ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տալիս, որ քաղցկեղն ավելի հաճախ առաջանում է անգամ այն մարդկանց մոտ, ովքեր «վտանգավոր առավելագույնից» ավելին չեն խմում։
Հետազոտությունն ընդգրկել է 63 հազար 232 օնկոլոգիական պացիենտ և նույնքան էլ առողջ մարդկանց՝ դիտարկման խմբից (համեմատության համար)։ Գիտնականներին հետաքրքրում էր, թե որքան շատ ալկոհոլ են նրանք խմել իրենց ողջ կյանքի ընթացքում։
Պարզվել է, որ ամեն օր մեկ «դրինքի» (համարժեք է մեկ գավաթ գինուն, գարեջրի բաժակին կամ 60 միլիլիտր վիսկիին) օգտագործման դեպքում 10 տարվա ընթացքում նկատվել է քաղցկեղի առաջացման 5 տոկոսի ավելացում նրանց համեմատ, ովքեր ընդհանրապես չեն խմել։ Օրական երկու «դրինքը» 40 տարվա ընթացքում այդ ցուցանիշն ավելացնում է մինչև 54 տոկոս։
Ոգելից խմիչքների և քաղցկեղային հիվանդությունների առավել ակնհայտ կապ նկատվել է բերանի խոռոչի, կոկորդի, ստամոքսի և հաստ աղիի քաղցկեղների դեպքում։
Հետազոտության հեղինակները նշում են, որ չպետք է շտապել այս տվյալներն այլ երկրների բնակիչների վրա արտածելու հարցում, քանի որ ճապոնացիների մոտ կարող են լինել գենետիկ առանձնահատկություններ, որոնք ազդում են ալկոհոլի մետաբոլիզմի վրա։