Հաճախ ՄԻԱՎ-վարակակիր կանայք մերժված են դառնում հայրիշխանական հասարակությունում։ Sputnik Արմենիան ներկայացնում է պատմություններ կանանց մասին, որոնք շարունակում են ապրել և մեծացնել երեխաներին` ի հեճուկս վարակի։
Հայաստանում գրանցված են մոտ 2500 ՄԻԱՎ վարակակիրներ։ 70 տոկոսը տղամարդիկ են։ Հոգեբանական տեսանկյունից ՄԻԱՎ վարակակիր կանանց համար ավելի բարդ է ապրել հայ հասարակությունում։
Հաճախ հարազատները և ընկերները չեն իմանում նրանց հիվանդության մասին։ Հայաստանում ՄԻԱՎ վարակակիր կանանց հիմնականում վարակում են ամուսինները` աշխատանքային միգրանտները։
«Զարգացնելով կանանց ներուժը» հասարակական կազմակերպությունը զբաղվում է ՄԻԱՎ-վարակակիր կանանց բարոյական աջակցությամբ։ Կազմակերպության մի քանի շահառուներ պատմել են իրենց մասին, բայց չեն ցանկացել, որ իրենց անունները հրապարակվի։ Sputnik Արմենիան ներկայացնում է երեք կանանց պատմությունները։
Պարզվեց` նա ոչ թե մեկ սիրուհի ունի, այլ միանգամից մի քանի…
Ն.-ն 17 տարեկան էր, երբ ծնողները որոշեցին ամուսնացնել նրան, քանի որ ընտանիքը փող չուներ բուհի ուսման վարձը վճարելու համար։
«Ես չէի ուզում ամուսնանալ, բայց ծնողներս ասացին, որ նա թագուհու նման է պահելու ինձ, ես ոչ մի բանի կարիք չեմ ունենա։ Նա ինձնից մեծ էր 10 տարով։ Հարսանիքից հետո մենք տեղափոխվեցինք Ռուսաստան։ 5 ամիս հետո իմացա, որ հղի եմ»,- պատմում է կինը։
Կլինիկայում գինեկոլոգն աղջկան ուղարկում է անալիզներ հանձնելու։ Նրա մոտ ՄԻԱՎ են հայտնաբերում։ Կլինիկայում ասում են, որ ամուսինը պարտադիր պետք է հետազոտություն անցնի։
«Նա ծեծեց ինձ, երբ ասացի իմ ախտորոշման մասին։ Մեղադրեց դավաճանության մեջ։ Երեխայի ծնունդից հետո ես կանանց լուսանկարներ գտա նրա հեռախոսի մեջ։ Երբ նրան պատմեցի այդ մասին, պարզվեց, որ ոչ թե մեկ սիրուհի ունի, այլ մի քանիսը… Նա ասաց, որ թքած ունի ինձ վրա, ես նրա համար ոչինչ չարժեմ»։
Ն.-ի առողջությունը սկսել է վատանալ. թուլություն է զգացել, անընդհատ ջերմություն և հազ է ունեցել։ Կնոջն ապրելու ուժ է տվել որդին։ Մի օր նա հավաքել է խղճուկ խնայողությունները, իրերը և վերադարձել Հայաստան` ծնողների մոտ։
«Ես չէի կարող ծնողներիս պատմել իմ հիվանդության մասին։ Նրանք ուրախ էին թոռան համար, և ամուսնուս մոտ վերադառնալու մասին խոսակցություն չկար։ Ես ազատվեցի նրանից։ Բայց ՄԻԱՎ-ն ընդմիշտ կմնա ինձ հետ»։
Մի քանի տարի անց Ն.-ն իմացել է, որ ամուսինը մահացել է Ռուսաստանում. նրա մոտ ՄԻԱՎ է եղել։
Մանկաբարձն ինձ ասաց` քո նմաններին պետք է վառել
Անհաջող ամուսնությունից հետո 23-ամյա Դ.-ն երկրորդ անգամ է ամուսնացել։ Աղջիկը հղիացել է, հետազոտությունների ժամանակ նրա մոտ ՄԻԱՎ են հայտնաբերել։ Բժիշկը` երիտասարդ մի աղջիկ, հանգստացրել է Դ.-ին` ասելով, որ ախտորոշման մեջ ոչ մի սարսափելի բան չկա, և ճիշտ խնամքի դեպքում ՄԻԱՎ-ը չի անցնում երեխային։ Դ.-ի ամուսինն այդ ժամանակ Ռուսաստանում է եղել։ Կինը զանգել է նրան, պատմել ամեն ինչ, խորհուրդ տվել նույնպես անալիզ հանձնել։ Նրա մոտ ՄԻԱՎ չեն հայտնաբերել. ամենայն հավանականությամբ, Դ.-ին վարակել է նրա առաջին ամուսինը։
«Ես իսկապես շատ ուրախ էի, որ գոնե ամուսինս առողջ է։ Բայց այդ օրվանից հետո մեր միջև անդունդ առաջացավ։ Նա անտարբեր ու սառը դարձավ իմ հանդեպ։ Եթե նա նույնպես վարակվեր, մեր երջանկությունը հօդս չէր ցնդի…»։
Ծննդաբերության օրը իմանալով կնոջ ախտորոշման մասին` մանկաբարձը զզվանքով նայել է նրան և ասել. «Քո նմաններին պետք է վառել, ոչ թե թույլ տալ երեխա ունենալ»։«Աչքերիցս արցունքներ հոսեցին։ Ես հեկեկալով դուրս եկա սենյակից։ Ինձ պետք է կեսարյան հատում անեին։ 14 ժամ տանջվում էի ցավից։ Շատ արյուն էի կորցրել։ Ուղղակի հրաշք էր, որ երեխաս առողջ ծնվեց իմ այդքան ապրումներից և արյուն կորցնելուց հետո։ Վերակենդանացման բաժանմունքում ոչ ոք չմոտեցավ ինձ։ Բոլոր ծննդկաններին, բացի ինձնից, տեղափոխեցին հիվանդասենյակներ։ Մայրս ստիպված էր վճարել բուժքույրերին, որպեսզի ինձ նույնպես տեղափոխեն սենյակ»։
Երբ երեխան 1,5 տարեկան է եղել, ծնողներն ամուսնալուծվել են։ Կնոջ ախտորոշման մասին հիմա միայն մայրը գիտի և ամեն կերպ աջակցում է նրան։
Ես ավելի շատ երեխաներիս համար էի անհանգստանում, քան ամուսնուս մահվան…
Ա.-ի ընտանեկան կյանքն ընթացել է սովորական հունով։ Ամուսինները համատեղ կյանքի 5 տարիների ընթացքում երկու երեխա են ունեցել։ Բայց մի օր ընտանիքի կյանքը գլխիվայր շրջվել է։ Ամուսինը կաթված է ստացել, նրան հոսպիտալացրել են ու ախտորոշել գլխուղեղի ուռուցք և ՄԻԱՎ։ Վարակի պատճառով տղամարդու դիմադրողականությունն ընկել է, նրան չեն կարողացել վիրահատել։ Մի քանի ամիս անց մահացել է։
«Երբ սկսում եմ հիշել անցյալս և վերլուծել ամուսնուս պահվածքը, ինձ թվում է, որ նա ուղղակի թաքցրել է ինձնից իր հիվանդությունը։ Նա վատ էր զգում իրեն, բայց չէր դիմում բժշկի։ Ամուսնուս մահից հետո բժիշկների խորհրդով երեխաներիս հետ գնացի հետազոտության։ Երեքիս մոտ էլ ՄԻԱՎ հայտնաբերեցին։ Ես ավելի հեշտ տարա ամուսնուս մահը, քան այն, որ երեխաներս վարակված են»։
Բուժհաստատությունում զարմացել են` ինչպես է պատահել, որ կնոջ երկու հղիությունների ժամանակ ՄԻԱՎ չեն հայտնաբերել։ Երեխաները հոսպիտալացվել են։ Նրանց նշանակել են հակառետրովիրուսային դեղեր։
«Ազգականներս ոչինչ չգիտեն մեր կարգավիճակի մասին, և ես չեմ պատրաստվում պատմել նրանց այդ մասին։ Չեմ կարող թույլ տալ, որ երեխաներիս այլ աչքերով նայեն։ Ես շատ շնորհակալ եմ մեր բժշկին։ Եթե նա չլիներ, ես չէի հաղթահարի այդ սթրեսը»։Կինը բուժվել է Երևանում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում։
Պաշտոնական տվյալներով` 2007թ.-ից Հայաստանում կանխարգելիչ բուժում ստացած կանանց շարքում չեն եղել ՄԻԱՎ-ը երեխային փոխանցվելու դեպքեր։ 2019թ.-ին ՄԻԱՎ վարակակիր երեխաներով երկու ընտանիքներ են դիմել են ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն։
Հայաստանում գործում են երկու կլինիկաներ, որոնք բացահայտում են և խորհրդատվություն տրամադրում ոչ միայն ՄԻԱՎ-ի հարցում, այլ նաև արյան միջոցով փոխանցվող այլ վարակների` հեպատիտ B, C, սիֆիլիս։ Առաջին կլինիկան բացվել է 2014թ.-ին, երկրորդը` 2016թ.-ին։ 2013թ.-ին գյուղական ամբուլատորիաներում և շարժական կլինիկաներում անցկացվել է մոտ 60 հետազոտություն` ՄԻԱՎ, հեպատիտներ B, C և սիֆիլիս հիվանդությունները բացահայտելու համար։