Վերջին տարիներին մարդիկ, որոնք բուժվել են օնկոլոգիական հիվանդություններից մանուկ հասակում, ավելի հազվադեպ են դիմում սրտանոթային համակարգի բարդությունների գանգատով. 1970-ականներին այդպիսի բարդությունները տեղի էին ունենում շատ ավելի հաճախ: Այդ մասին հրապարակվել է The BMJ պարբերականում:
Այդ տվյալները վկայում են, որ հակաքաղցկեղային թերապիայի կողմնակի ազդեցությունները կրճատելու շուրջ ջանքերը զգալի հաջողություն են գրանցել:
Վերջին տարիներին մասնագետները կենտրոնացել են այն հարցի շուրջ, որ դարձնեն քաղցկեղի բուժումը պակաս վտանգավոր, կրճատեն ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ կողմնակի ազդեցությունների քանակը: Սակայն այդ ջանքերի արդյունավետության մասին մինչև վերջերս քիչ տեղեկատվություն կար:
Նոր գիտաշխատության մեջ գիտնականները ներգրավել են ավելի քան 23 000 հիվանդի, որոնք ավելի վաղ մասնակցել են Childhood Cancer Survivor Study հետազոտությանը: Այս հետազոտությանը մասնակցել են չափահաս մարդիկ, որոնք ստացել են բուժում մանկական չարորակ ուռուցքների ամենատարածված տեսակներից ազատվելու համար:
Հատուկ հարցաթերթերի միջոցով գիտնականները պարզել են, որ հաճախ նախկին օնկոլոգիական հիվանդները տառապել են սրտանոթային անբավարարությամբ, սրտի իշեմիկ հիվանդություններով, սրտի արատով, Պերիկարդի հիվանդություններով (սրտի արտաքին թաղանթի հիվանդություն) և առիթմիայով: Նրանք նաև հաշվի են առել սրտանոթային հիվանդությունների գործոնները՝ շաքարային դիաբետը, հիպերտոնիան, ծխելը, արյան մեջ խոլեստերինի մակարդակը, քաշը, ֆիզիկական ակտիվության մակարդակը:
Պարզվել է, որ հիվանդների թիվը, որոնք ենթարկվել են սրտի համար վտանգավոր քիմիաթերապիայի, մեծացել է վերջին տասնամյակում՝ ի տարբերություն 1970-ականների, սակայն նրանց մեծամասնությունը սկսել են ստանալ դեղորայքի ավելի փոքր չափաբաժին: Բացի այդ, հիվանդների թիվը, որոնք ստանում են սրտի վրա ազդող ռադիոթերապիա, կրճատվել է 1970-ականներին 77 տոկոսից՝ 1990-ականներին հասնելով 40 տոկոսի:
Հետազոտության հեղինակների խոսքով՝ սրտի իշեմիկ հիվանդության ռիսկը հիվանդների մոտ, որոնք մանուկ հասակում բուժվել են քաղցկեղի դեմ, նվազել է 1970-ականներին 0.38 տոկոսից հասնելով 0.24 տոկոսի 1980-ականներին և մինչև 0.19 տոկոսի 1990-ականներին: Նախ դա տեղի է ունեցել հիվանդների հաշվին, որոնք բուժվել են Հոջկինի հիվանդությունից:
Որպես հետազոտության գլխավոր եզրահանգում՝ գիտնականները համարում են, որ Հոջկինյան լիմֆոմայի և որոշ այլ ուռուցքների բուժման համար ռադիոթերապիայի կիրառման կրճատումը հանգեցրել է սրտի իշեմիկ հիվանդությունների թվի կրճատմանը: