Նախորդ տարվա հունիս-նոյեմբեր ամիսներին Սևանի թերակղզու ավտոկայանատեղիի տարածք են այցելել 158 հազար 162 զբոսաշրջիկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սևանի զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակի պատասխանատու Դավիթ Թորոսյանը,որն արդեն 5-րդ տարին է, ինչ ամռան և աշնան ամիսներին Սևանի թերակղզու տարածքում տեղակայված շարժական գրասենյակի միջոցով կազմակերպում է տեղեկատվական աշխատանքները, ամռան և աշնան ամիսներին տեղեկատվական շարժական գրասենյակի ծառայություններից օգտվել է 5082 զբոսաշրջիկ. այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ ավելի է մոտ 2000-ով: Զբոսաշրջիկներից 4110-ը ստացել են զբոսաշրջային ինֆորմացիա, 912-ը` ընդհանուր:
Ի դեպ, զբոսաշրջիկների առավել մեծ թիվ է գրանցվել օգոստոս ամսին` 1246, որոնցից 979-ին տրվել է զբոսաշրջային, իսկ 267-ին` ընդհանուր ինֆորմացիա: Նախորդ տարվա համեմատ, ըստ ծագման երկրների, գրանցվել են էական տեղաշարժեր: Այսպես` եթե 2018-ին զբոսաշրջիկների հնգյակը գլխավորել են Լեհաստանից ժամանածները ՝416, ապա 2019-ին առաջին հորիզոնականում են Ֆրանսիայից ժամանածները` 548:
2018-ին երկրորդից հինգերորդ հորիզոնական զբաղեցրած երկրների` Ֆրանսիա` 373, Գերմանիա` 298, Ռուսաստանի Դաշնություն` 190, Իրան` 188, փոխարեն 2019-ին արձանագրվել է հետևյալը` Իտալիա` 459, Լեհաստան` 405, Բելգիա` 397, Իսպանիա` 316: Զբոսաշրջիկների հոսքը տեսանելի է եղել Գերմանիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Չեխիայից: Գրասենյակի պատասխանատուն ներկայացնում է նաև ծառայությունից օգտվածների սեռային պատկերը. կենտրոնի ծառայություններին է դիմել 2783 տղամարդ, 2299 կին:
Ըստ տարիքային շեմերի էլ ամենաակտիվը եղել են 61 և բարձր տարիք ունեցողները` 1972 զբոսաշրջիկ կամ օգտվողների 38.8 տոկոսը, այս ցուցանիշը 2018-ի համեմատ աճել է 8 տոկոսով: «Ինչպես ցույց է տալիս հինգ տարվա վիճակագրությունը, Իրանից ժամանողների դեպքում արձանագրվել է կտրուկ անկում: Եթե 2015-ին արձանագրվել է 5803 իրանցու այց, 2016-ին` 7081, 2017-ին` 16156, ապա 2018-ին այդ թիվը եղել է 1823, 2019-ին` 3759: Մեր դիտարկմամբ՝ այն ունի երեք պատճառ` առաջին` Իրանում լրջորեն աշխատում են Վրաստանի և Ադրբեջանի տուրօպերատորները, որոնք համեմատաբար ավելի մատչելի գներ են առաջարկում, երկրորդ`խորությամբ շրջանառվում է Հայաստանի հակագովազդը, երրորդ` Իրանից որպես զբոսաշրջիկ դուրս գալու նպատակով պետությունը թույլատրում է փոխանակել առավելագույնը 500 դոլարին համարժեք դրամ, ինչն ուղղակիորեն անհնար է դարձնում դեպի Հայաստան շրջագայությունը»,-նշեց Դավիթ Թորոսյանը:
Գրասենյակի ծառայություններից օգտվողների գերակշիռ մասը անգլիախոսներ են` 3072 մարդ, որոնց հետևում են ֆրանկոֆոնները. նրանց թիվը 1598 է: Եռյակը եզրափակում են ռուսախոսները, որոնց թիվը 412 է: Այս եռյակը գերակշռել է նաև 2018 թվականին:
Իհարկե, քիչ չեն այն զբոսաշրջիկները կամ այցելուները, ովքեր թեպետ չեն օգտվել գրասենյակի ծառայությունից, սակայն այցելել են թերակղզու տարածք, ինքնուրույն կազմակերպել ժամանցային ծրագիրը: Հունիս-նոյեմբեր ամիսներին այդ թիվը եղել է 158 հազար 162, որոնց գերակշիռ մասը եղել են Եվրոպայից ժամանածները` 26 հազար 256 զբոսաշրջիկ: Ամփոփելով զբոսաշրջային հիմնական ժամանակահատվածը` Դավիթ Թորոսյանը հավելում է, որ այս տարի հոսքը եղել է բավականին մեծ: «Եթե 2015թվականին Սևանի թերակղզու ավտոկայանատեղիի տարածք է այցելել 21 հազար 527, 2016-ին` 32 հազար 878, 2017-ին` 83 հազար 044, 2018-ին` 131 հազար 229, ապա 2019-ին՝ 158 հազար 162 զբոսաշրջիկ: Տեղեկատվական գրասենյակի կողմից մատուցվել են հետևյալ ծառայությունները` ինֆորմացիայի տրամադրում գլոբալ առումով, ինչպես նաև Սևան քաղաքի և հարակից համայնքների վերաբերյալ, տուրօպերատորների ծառայություններից չօգտված անձանց համար տուրիստական ուղղություններն ընդգրկող քարտեզի կազմում, զբոսաշրջիկներին անվճար քարտեզների, բուկլետների, ուղեցույցների տրամադրում տարբեր լեզուներով, զբոսաշրջիկների ցանկությամբ հյուրանոցներում, քոթեջներում, ռեստորաններում ամրագրումներ, տաքսիների և ջրային տրանսպորտի միջոցների ամրագրում, ինչպես նաև զբոսավարի գործառույթ` անվճար հիմունքներով»,- հավաստեց Դավիթ Թորոսյանը:
Խոսրով Խլղաթյան