Վիրուսը փոխում է զբոսաշրջային պլանները
Advertisement 1000 x 90

Վիրուսը փոխում է զբոսաշրջային պլանները

Կորոնավիրուսը փոխել է Իտալիա մեկնելու պատրաստվող մեր հայրենակիցների ծրագրերը։ Շատերն են ինքնաթիռի տոմսեր ձեռք բերել։ Իսկ Իտալիայում վարակը շատ արագ տարածվում է, անգամ այդ երկրում Հայաստանի  դեսպանությունը  կոչ է արել ՀՀ քաղաքացիներին այնտեղ մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում միայն։ Հայաստանի քաղաքացիներն էլ գնած տոմսերը կորցնելու վտանգի առաջ են կանգնած։ 

Կորոնավիրուսի տարածվածության և մահվան դեպքերի թվով երրորդ տեղը զբաղեցնող Իտալիան նաեւ հայ զբոսաշրջիկների սիրելի վայրերից է։ Ու նույն կորոնավիրուսի պատճառով նրանցից շատերի ծրագրերը խառնվել են։ Զրուցակիցս մինչև վարակի  բռնկումն  իր և դստեր համար դեպի Հռոմ  ուղևորության տոմսեր է գնել «Ռայն էյր» ավիաընկերությունից։

Ամբողջական փաթեթի համար  վճարել է մոտ  500 եվրո գումար, ևս 70 հազար դրամ` շենգեն վիզայի համար։ Սակայն ինչպես ինքը,  նրա նման շատ քաղաքացիներ  ևս խուսափում են  Իտալիա մեկնելուց։

«Ես փորձեցի հասկանալ, արդյոք հնարավո՛ր է  կազմակերպել  տոմսի վերադարձ։ Սակայն «Ռայն էյրը»  թույլ չի տալիս տոմսի   վերադարձ, բայց հնարավորություն տվեց  տոմսի ժամկետները փոխել»։

Թռիչքի ամսաթվերը փոխելու հնարավորություն ընկերությունը տալիս է, սակայն  զրուցակիցս հետագայում պարզել է, որ  փոփոխությունը ևս գումար արժե՝ յուրաքանչյուրի համար  80 եվրո տուգանք։  Եթե գումարենք նորից շենգեն վիզայի գումարը, ապա ծախսն աստղաբաշխական է դառնում` ասում է։ Պարզվեց, որ «Ռայնէյրը» Հայաստանում ներկայացուցիչ չունի։ Քաղավիացիայի կոմիտեից  ասացին, որ  խնդիրն իրենց լիազորությունների շրջանակում չէ։ Կոմիտեն  պատասխանատվություն չի կրում, քանի որ  ուղևորությունը դադարեցնելն ուղևորի  որոշումն է եղել։ Կոմիտեի նախագահ  Տաթևիկ Ռևազյանը խորհուրդ տվեց դիմել ուղևորիների  իրավունքների պաշտպանությամբ զբաղվող  «Փասինջեր»  ընկերությանը։ Այնտեղ հրաժարվեցին «Ռադիոլուրին» պաշտոնական մեկնաբանություն տալ, սպասում են խնդրի լուծմանը  պետական մակարդակով։

Սպառողների իրավունքների պաշտպանության  զբաղվող «Իրազեկ և պաշտպանված սպառող»  հասարակական կազմակերպության  նախագահ Բաբկեն Պիպոյանը  «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ  գործող նորմերով  իրենք էլ չեն կարող  պաշտպանել  սպառողների  իրավունքները։ Այս պարագայում սպառողը սեփական  խնդիրների հետ  միայնակ է մնացել։

«Տվյալ դեպքում ինքնաթիռի տոմսը պայմանագիր է, որտեղ  հստակ դրույթ կա ֆորսմաժորի մասին։ Մինչդեռ ֆորսմաժոր  տվյալ պարագայում սպառողն է։ Ըստ էության, չվերթը կարող է տեղի ունենալ և դիմացի կողմը պատրաստ է նրան ընդունել  և նա (սպառողը. խմբ.) ինքնուրույն է դա որոշում։ Բայց սա իրականում որքան էլ թվում է, թե իրավական նորմի տեսանկյունից  տրամաբանական է, բայց ռացիոնալ չէ։ Մենք գիտենք, որ կա վարակ և մենք ինքներս ենք քաղաքացիներին հորդորել զերծ մնալ վարակի  տարածման կենտրոններից։ Այս դեպքում գործադիրը ինքը պետք է  մեխանիզմներ գտնի և մշակի»։   

Տարբեր գերատեսչություններ պետք է ուսումնասիրեն դաշտն ու լուծումներ գտնեն յուրաքանչյուր քաղաքացու համար, կարծում է սպառողների իրավունքների պաշտպանը։

Ամբողջությամբ՝ armradio.am