Խոսքի ազատության սահմանափակման որոգայթները. hraparak.am
Advertisement 1000 x 90

Խոսքի ազատության սահմանափակման որոգայթները. hraparak.am

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019-ի դեկտեմբերի 12-ի կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է փոփոխություններ մտցնել քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերում: Եթե հրաշք տեղի չունենա, ապա առաջիկայում ահաբեկչության, շենք-շինություններ, օդանավեր զավթելու, բանդիտիզմի, քրեական ենթամշակույթի եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված այլ հանցագործությունների շարքում կունենանք նոր հոդված՝ 226.2. համարակալմամբ: Կառավարության պահանջով քրեական պատասխանատվություն է սահմանվելու ատելության խոսքի, այսինքն` բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու- քարոզելու համար:

Ատելության խոսքի դեմ պայքարի կամ ինչպիսի այլ գեղեցիկ հիմնավորումներով կամ միջազգային փորձի հղումներով էլ փորձեն արդարացնել` սույն օրենսդրության փոփոխությունն ունի մեկ անուն` խոսքի ազատության իրավունքի սահմանափակում: «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան, որ ընդունվել է 70 տարի առաջ, Հռոմում, Հայաստանը վավերացրել է 2001թ. հունվարի 25-ին`դառնալով Եվրոպայի խորհրդի 42-րդ անդամը: Կոնվենցիայի 10-րդ հոդվածը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ եւ գաղափարներ ստանալու եւ տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության եւ անկախ սահմաններից»: Սույն նորմը, այլ խմբագրությամբ, ունենք նաեւ մեր Սահմանադրության մեջ (հոդված 42): Ե՛վ կոնվենցիան, ե՛ւ ՀՀ սահմանադրությունը թույլատրելի են համարում խոսքի ազատության սահմանափակումը, նախ` բացառապես օրենքով եւ ապա` որոշակի նպատակներով, որոնց թվարկումը կարեւոր է խնդիրն ամբողջության մեջ ընկալելու համար: Այդ նպատակներն են, ըստ եվրոպական կոնվենցիայի` պետական անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, հասարակական անվտանգությունը, անկարգությունների կանխումը, այլ անձանց հեղինակության եւ իրավունքների պաշտպանությունը, արդարադատության հեղինակության եւ անաչառության պահպանումը եւ այլն:

Իսկ ըստ ՀՀ սահմանադրության` խոսքի ազատության սահմանափակումը կարող է կատարվել պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց պատվի եւ բարի համբավի եւ այլ հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

Ներկա կառավարության համոզմամբ, մեզանում կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը հաճախ բացարձականացվում է, օգտագործվում նաեւ ի վնաս հասարակության, ավելի ճշգրիտ` ի վնաս ժողովրդի: Ահա, սույն փոփոխության մեխը: Տարիներ շարունակ գործող իշխանություններին ազատորեն ու անարգել քննադատելու, շատերի պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու եւ ի վերջո հասարակական կարգի խախտման, զանգվածային անկարգությունների ճանապարհով իշխանության եկածները 2 տարի էլ չդիմացան խոսքի ազատության ռեժիմին: Իրեն ժողովրդավար հռչակած իշխանությունը կենսագործում է եվրոպական կոնվենցիայի եւ ՀՀ սահմանադրության ընձեռած հնարավորությունը եւ փորձում է Քրօրով սանձահարել խոսքի ազատությունը: Մի բան, որ կարող էին, սակայն չարեցին նախորդ նախագահները:

Եվս մեկ որոգայթ մղում է զգուշավորության, եւ կառավարությունն ու իշխող խմբակցությունը պետք է աներկբա պարզաբանումներ տան` արդյոք իրավական որոշակիությունից կաղող այս հոդվածն ինչ-որ իրավիճակում չի՞ օգտագործվի սեռական փոքրամասնություններին երբեմն չափից ավելի կոշտ քննադատողներին, նրանց նկատմամբ խտրական վերաբերմունք հրահրողներին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով: Բանն այն է, որ հիշյալ հոդվածի նկարագրական (պրեզումպցիոն) մասում թվարկվում են այն հանգամանքները, որոնցով պայմանավորված ատելության խոսքը որակվում է որպես հանցանք: Դրանք են` սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքները: Անմիջապես աչք է զարնում բոլոր ժամանակների ՀՀ սահմանադրությունների եւ քրեական օրենսգրքերի համար խորթ «գենետիկական հատկանիշ» եզրույթը: Հանուն արդարության պետք է ասել, որ «գենետիկական հատկանիշը» ամիսներ առաջ հասարակական թեթեւ շփոթ առաջացրեց, երբ այն տեղ գտավ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի իշխող խմբակցության անդամների հեղինակած մի հայտարարության մեջ: Այն ժամանակ «Հրապարակը» նկատել էր, որ փորձ է արվում «սղղացնել» ԼԳԲՏ համայնքին պաշտպանության տակ առնող տեքստ (10.10.2019թ.): Ինչպես տեսնում ենք, «գենետիկական հատկանիշը» այժմ արդեն առանց խոչընդոտի «սղղալով» մուտք է գործում Քրեական օրենսգիրք:

Ուսանելի կլինի հետեւել այս օրինագծի խորհրդարանական քննարկումներին. տեսնենք` ինչ բացահայտումներ կլինեն:

Արա ՍԱՀԱԿՅԱՆ

hraparak.am