Ինչպե՞ս պաշտպանվել կորոնավիրուսից եւ այլ ինֆեկցիաներից, եթե պատրաստվում եք այլ երկրներ մեկնել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի օգտակար խորհուրդներ.
Օդանավերի մասին
Եթե նախատեսել եք օդանավով թռիչք, խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ ոչ թե անցումի, այլ պատուհանի մոտի տեղերին: Խորհուրդ է տրվում նաեւ հնարավորինս հաճախ լվանալ ձեռքերը կամ մաքրել հակասեպտիկով, ձեռքերով դեմքին չհպվել եւ հեռավորություն պահպանել հազի կամ փռշտոցի ախտանիշներով մարդկանցից:
Զբոսանավերի մասին
Ցանկալի է խուսափել զբոսանավերով ուղեւորություններից: Եթե օդանավի մեջ սովորաբար անցկացնում եք մի քանի ժամ, ապա զբոսանավերով ուղեւորությունները շատ ավելի երկար են տեւում, եւ այնտեղ վարակման հավանականությունն ավելի մեծ է: Սա հաստատեց Ճապոնիայում Diamond Princess նավի փորձը. այս նավում կորոնավիրուսով էր վարակվել ուղեւորների մեծամասնությունը:
Հիգիենայի մասին
Դեմքին չհպվելու, ձեռքերը լվանալու եւ հիվանդ մարդկանցից հեռու մնալու խորհուրդն, իհարկե, արդիական է ոչ միայն օդանավերի համար: Ցանկալի է այս կանոններին հետեւել ամեն օր եւ հատկապես, եթե օտար երկրում եք: Հազալիս եւ փռշտալիս քիթն ու բերանը փակեք մեկանգամյա անձեռոցիկով, որն այնուհետեւ պետք է անմիջապես դեն նետել:
Սնունդի եւ ըմպելիքների մասին
Աշխատեք փողոցում սնունդ եւ ըմպելիք չգնել, հատկապես, եթե օտար երկրում եք: Ռեստորաններում նախապատվություն տվեք ձեր օրգանիզմի համար սովորական մթերքներին: Համոզվեք, որ դրանք անցել են անհրաժեշտ ջերմամշակում, քանի որ կիսահում մթերքները կարող են վտանգավոր լինել: Նաեւ աշխատեք խուսափել սնունդի մեջ ծովամթերքի գործածումից, որոնք ջերմամշակման չեն ենթարկվում:
Դիմակների մասին
Մասնագետները պնդում են, որ խորհուրդ է տրվում բժշկական դիմակներ կրել հիվանդ մարդկանց, որ առողջներին չվարակեն: Սակայն եթե այնպիսի վայրում եք, որտեղ մարդկանց մեծ կուտակում կա, հնարավոր է իմաստ ունի բժշկական դիմակ կրել: Չնայած այն 100-տոկոսանոց պաշտպանություն չի ապահովում, բայց, հավանաբար, վարակվելու հավանականությունն, այնուամենայնիվ, կնվազեցնի: