«Շերենցի կողքին չի կարելի վատ խաղալ. խաղընկերոջը վարակում է իր անմիջականությամբ, պարզությամբ ու անկեղծությամբ։ Զարմանում եմ, թե բնությունն ինչպե՞ս է այդպիսին ստեղծել նրան, ի՞նչն է նրա գաղտնիքը։ Ինձ թվում է՝ ոչ ոք չգիտի։ Պարզությունը քիչ է, անմիջականությունը դարձյալ քիչ է։ Համաժողովրդական է, համամարդկային…»,– այսպես է արտահայտվել Մհեր Մկրտչյանն իր ավագ ընկերոջ մասին։
«Շերենց ասելիս միանգամից միտքս են գալիս երեխաները՝ մեծ, հսկա երեխաները, որովհետեւ այնքան մանկական անմիջականություն, որքան Շերենցն ուներ, այնքան միամտություն, անհնար է պատկերացնել»,– այսպիսին է դերասանը ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի հուշերում։
Կինոգետ Ռոբերտ Մաթոսյանի խոսքով՝ Շերենցի ճակատագիրը ժամանակաշրջանի ճակատագիրն էր։ «Շատ տարօրինակ է, շատ ինքնատիպ եւ զարմանալի։ Ինչու, որովհետեւ որեւէ դերասանական դպրոցից դուրս էություն էր, որովհետեւ ինքն իրենով պատմություն էր կրում, նրան նայելով՝ պատմություն էիր տեսնում»,–ասում է դերասան, բեմադրիչ Աշոտ Ադամյանը։
Ապրիլի 5-ին ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Շերենցի ծննդյան օրն է։ Ծնվել է 1913 թվականին Թիֆլիսում, մանկությունն անցկացրել Լենինականի (այժմ՝ Գյումրի) եւ Ստեփանավանի որբանոցներում։ Դերասանական գործունեությունը սկսել է 1931թ., մինչեւ 1934 թ. խաղացել է Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1934—37 թթ. սովորել է Մոսկվայի Ռ. Սիմոնովի ղեկավարած հայկակական դրամատիկական թատրոն—ստուդիայում։ 1937—68 թթ. որպես դերասան աշխատել է Լենինականի պետական դրամատիկական թատրոնում, այժմ արդեն՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն։
Շերենցի կերտած կերպարները գերել են իրենց բարությամբ, մաքրությամբ, ազնվությամբ՝ դերասանին բերելով համաժողովրդական սեր։ Խաղընկերները նրան համարում էին էպիզոդիկ, փոքրիկ դերերի վարպետ։
«Շերենցը սիրված դերասան էր։ Նրա մեջ անբռնազբոսության, դերասանական խառնվածքի եւ մարդկային էության այնպիսի համաձուլվածք կար, որ դժվար էր իրարից զատել։ Շերենցի ճշմարտացիությունն ու բնականությունը բխում էին իր բնույթից։ Առաջին հայացքից շատերին թվում է, թե ինքն իրեն է խաղում, բայց դա այդպես չէ։ Նա այն բացառիկ երեւույթներից է, երբ կարծես թե չի փոխվում եւ միաժամանակ ստեղծում է միմյանցից տարբեր կերպարներ։ Լաերտ Վաղարշյանի «Քաոսում» պապաշայի դերը միայն բավական է պատկերացնելու համար, թե որքան տարբեր կարող էր լինել Շերենցը։ Յուրահատուկ էր նա»,–«ՀՀ»—ի թղթակցի հետ զրույցում ասաց կինոգետ, արվեստագիտության թեկնածու Սիրանույշ Գալստյանը։
Կինոգետը Շերենցի խաղացած դերերի շարքում բացառիկ է համարում «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում գերեզմանի մոտ խաղացած հատվածը. «Բառերով անհնար է նկարագրել, դերասանական անկրկնելի ձայնի հնչերագ ուներ, նրա կերպարներն աչքի են ընկնում պարզությամբ, բայց ոչ երբեք պարզունակությամբ»։
Ս. Գալստյանը առանձնահատուկ ջերմությամբ հիշեց, որ Շերենցի հետ հարեւանությամբ էին ապրում, եւ չափազանց մեծ էր լինում իր ուրախությունն ու հուզմունքը, երբ մանկության տարիներին հանդիպում էր դերասանին Աբովյան փողոցում։
Արաքսյան՝ Շերենցի թոռնուհին, տարիներ առաջ գտել էր պապիկի օրագիրը, որտեղ գրված է եղել նրա եւ կնոջ՝ Քնարիկ Երանոսյանի առաջին հանդիպման մասին։ Երիտասարդ Շերենցը խաղալիս է եղել Գյումրու թատրոնում, իսկ դահլիճի առաջին շարքում են լինում նրա ապագա կինն ու քույրը։ Շերենցը գրառել է օրագրում, որ առաջին շարքում նստած աղջիկը գրավել է իր ուշադրությունը, հետո հանդիպել են թատրոնից դուրս, եւ սկսվել է նրանց սիրո պատմությունը։ Շերենցի կինը՝ Քնարիկ Երանոսյանը, Հայաստանի արվեստի առաջին կին գործիչն էր։
Ազատ Շերենցը մահացել է 1993 թվականի դեկտեմբերի 25—ին։ Հատկանշական է, որ մեկ օր անց մահացել է Մհեր Մկրտչյանը, ում հետ երկար ճանապարհ էին անցել, լավագույն ընկերներ էին կյանքում եւ ֆիլմերում։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ