Ավագ Երեքշաբթի օրվա խորհուրդը ներկայացնում է «Տասը կույսերի» առակը (Մատթ. 25:1-13), որը հորդորում է նմանվել իմաստուն կույսերին և պատրաստ լինել Տիրոջ հրաշափառ Գալստյանը:
Առակը հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի մասին է, ովքեր լապտերներով գնում էին փեսային դիմավորելու: Հինգ իմաստունները լապտերների հետ լրացուցիչ ձեթ վերցրեցին, իսկ հիմարները` ոչ: Երբ փեսային դիմավորելու ժամանակն եկավ, լապտերների ձեթը վերջացել էր, և նրանք, ովքեր ձեթ չէին վերցրել իրենց հետ, վերադարձան ձեթ գնելու: Այդ ժամանակ փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահ մտան:
Իմաստուն կույսերն ամբողջ կյանքի ընթացքում ողորմությամբ ու բարի գործերով ամբարել էին «ձեթը», որն առակում խորհրդանշում է հավատքի գործերը։ Դրանցով է լուսավոր մեր հոգևոր ընթացքը, որպեսզի կարողանանք դիմավորել Քրիստոսին։
Իսկ մյուս հինգ կույսերը խորհրդանշում են նրանց, ովքեր լսում են Տիրոջ խոսքը, բայց հոգևոր կյանքում ծուլանում են՝ ապրելով խավարի մեջ:
Ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան դուրս եկած տասը մանուկներից հինգի ձեռքում կան վառվող մոմեր, որոնք խորհրդանշում են հինգ իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգի ձեռքում՝ հանգած մոմեր, որոնք խորհրդանում են հինգ հիմար կույսերին։
Տասը կույսերը խորհրդանշում են արդարներին ու անիրավներին: Հետևաբար իմաստունները համարվում են մաքուր հոգու զգայարանները, իսկ հիմարները՝ մարմնինը: Լույսը հոգու և մարմնի մաքրության նշանն է, իսկ յուղը՝ մարդասիրության և ողորմության: Յուղն այն նյութն է, որի շնորհիվ վառվում է լապտերը. ողորմությունն այն ճանապարհն է, որը տանում է դեպի ապաշխարհություն, մեղքերի քավություն: Ինչպես ասում է Դանիել մարգարեն. «Քո մեղքերը քավի՛ր ողորմությամբ, և քո անօրենությունները՝ աղքատներին գթալով, թերևս Աստված համբերատար լինի քո հանցանքների նկատմամբ» (Դան. Դ 24)
Յուղը մեր կարեկցանքն է, պատրույգը՝ պահքը, որի ընթացքում մարդը հեռու է մնում մարմնական ցանկություններից, իսկ արդյունքում բոցավառվող կրակն այն սերն է, որով քայլում ենք դեպի Աստված:
Չնայած այն հանգամանքին, որ մյուս հինգ կույսերը մանկությունից ի վեր պահել էին իրենց կուսությունը, սակայն բարի գործերի բացակայությունը բավական էր , որպեսզի մարած լապտերների պատճառով կիսատ թողնեին այն ճանապարհը, որը տանում էր դեպի աստվածային լույսը: