Ինչու են դպրոցներում գնահատականներն ամփոփվելու մինչև մարտի 13-ը եղածի հիման վրա. պարզաբանում
Advertisement 1000 x 90

Ինչու են դպրոցներում գնահատականներն ամփոփվելու մինչև մարտի 13-ը եղածի հիման վրա. պարզաբանում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը պարզաբանեց, թե ինչու են հանրակրթական ուսումնական հաստատություններում տարեկան գնահատականներն ամփոփվելու մինչև մարտի 13-ը եղածի հիման վրա։ Մայիսի 1-ին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ Անդրեասյանը նշեց, որ այդ որոշումը կայացրել են բոլորի համար հավասար պայմաններ ունենալու սկզբունքից ելնելով։

«Պետք է հաշվի առնենք, որ մեր երկրում պայմանները, ցավոք, բոլոր երեխաների համար հավասար հասանելի չեն հեռավար կրթության համար։ Ունեցել ենք բավականին թվով երեխաներ Երևանում և մարզերում, որոնք զրկված են եղել հեռավար ուսուցման մասնակցելու հնարավորություններից, և այս երեխաները պետք է ունենան նույն պայմանները, ինչ մյուս երեխաները»,- ընդգծեց Անդրեասյանը։

Նախարարի տեղակալի խոսքով՝ հանրակրթությունը կրթություն է բոլորի համար, որը և սահմանադրական իրավունք է ու ամրագրված է օրենքով, հետևաբար որոշում կայացնելիս այն պետք է վերաբերվի բոլորին։

«Մեզ շատ են հարցնում, թե այդ դեպքում ինչ եղավ մարտի 13-ից հետո սկսված գործընթացի հետ, արդյոք դա իզուր էր։ Ոչ, իհարկե իզուր չէր և հենց առաջին օրից, երբ մենք կոչ ենք արել անցկացնել հեռավար ուսուցում, արվել է, որպեսզի ապահովվի կրթության շարունակականությունը, որպեսզի այս ընթացքում երեխաները դուրս չմնան կրթությունից, և մենք այդ աշխատանքը ամբողջությամբ հաշվի ենք առնում։ Այն դասընթացները և այն թեմաները, որոնք անցել են այս ընթացքում, որևէ երեխա և ուսուցիչ չի կրկնելու եկող տարի»,- ընդգծեց Անդրեասյանը՝ հավելելով, որ այսպիսով նախարարությունը ճանաչում է այդ գործընթացը և գնահատում կատարված աշխատանքը։



Նման նյութեր