Եկեք անկեղծ լինենք։ Այս շաբաթվա սկզբից արմատական փոփոխություններ տեղի ունեցան՝ փողոցներում ավտոբուսներ երևացին, ծնողները գնացին աշխատանքի, երեխաներն էլ մանկապարտեզ։ Սակայն բոլորս հասկանում ենք, որ բնականոն կյանքին վերադառնալը նաև մեծ վտանգներ է պարունակում։ Եվ առաջնային է դառնում գլխավոր հարցը՝ իսկ ինչպես է տարածվում վիրուսը։
Հետազոտողների համար, իհարկե, իդեալական կլիներ, եթե կարողանային ստանալ, այսպես ասած, անվտանգ վիրուս, վարակեին ինչ-որ մեկին ու հետո հետևեին, թե ինչպես է այդ մարդը նստում տրանսպորտ, վարակում մնացած ուղևորներին, հասնում աշխատավայր, վարակում գործընկերներին, մտնում խանութ, վարակում հաճախորդներին, վերջապես վերադառնում տուն և վարակում տնեցիներին։ Բայց նման հնարավորություն չկա։
Եվ, այնուամենայնիվ, ամենատարբեր երկրներում փորձեր են արվում ամփոփել եղած տվյալները։ Գոնե վիճակագրության մակարդակով դա հնարավոր է անել։ Հիշենք թեկուզ մեր փորձը՝ մի կին եկավ Իտալիայից, մասնակցեց նշանդրեքի արարողությանը, ինչից հետո ներկաների շրջանում գրանցվեց այսքան դեպք։ Սա արդեն սահմանափակ վերլուծության համար բավարար նյութ է։
Նման վերլուծություններ, բնականաբար, արվում են ողջ աշխարհում, և դրանց արդյունքները վերջերս ամփոփել է Սենթ Էնդրյուսի բրիտանական համալսարանի վիրուսաբան Մուգե Չևիկը։ Եվ այսպես։ Երևի թե ամենագլխավոր հարցը՝ հիվանդը քանի մարդու է վարակում։ Չինացի մասնագետներն ուսումնասիրել են ավելի քան 2000 դեպք, երբ 150 վարակակիրներ սերտ շփում են ունեցել մարդկանց հետ։ Վարակվել է այդ մարդկանց 6 տոկոսը։ Բայց այստեղ երկրորդ կարևոր հարցն է ծագում՝ ինչ է նշանակում սերտ շփում։ Որովհետև դեռ այն ժամանակ, երբ հիվանդությունը նոր էր տարածվում, բժիշկները միանգամից էլ այսպիսի տվյալ հրապարակեցին՝ կորոնավիրուսի կրողը միջին հաշվով վարակում է 2-3 մարդու։
Բոլորս հասկանում ենք, որ ամենասերտ շփումն ընտանիքներում է, և, այո, մասնագետները հաստատում են՝ վարակվելու ամենաբարձր վտանգը տնային պայմաններում է՝ 18-ից 22 տոկոս։ Այսինքն՝ եթե ձեր ընտանիքը բաղկացած է 5 հոգուց, նրանցից մեկը անպայման կվարակվի։ Էստեղ էլ, իհարկե, տարբերություններ կան։ Ամենամեծ հավանականությունն այն է, որ եթե հիվանդ է ամուսիններից մեկը, վարակը կփոխանցվի մյուսին։
Ինչու նյութս սկսեցի այն պարզ դիտարկումով, որ այս շաբաթ փողոցներում ավտոբուսներ երևացին։ Որովհետև տնային տնտեսություններից հետո երկրորդ ամենավտանգավոր վայրը հասարակական տրանսպորտն է։ Եթե բնակարանում վարակվելու հավանականությունը 13 տոկոս է, ապա տրանսպորտում՝ 11 տոկոս։ Համաձայնեք՝ տարբերությունն այնքան էլ մեծ չէ։ Ու քանզի սրճարաններն ու ռեստորաններն էլ են բացվել կամ բացվում, սա էլ ասեմ՝ սնունդը համատեղ օգտագործելու դեպքում վարակվելու հավանականությունը 7 տոկոս է։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am