Աչքերս բացեցի ու հիվանդասենյակի արդեն սովորական դարձած առաստաղի փոխարեն տեսա հյուրանոցի համարը։ Սկսեցի մանրակրկիտ ուսումնասիրել այն սենյակը, որտեղ տեղափոխվել եմ երեկ։ Այստեղ կանցկացնեմ մեկուսացման և լիարժեք ապաքինման մնացած ժամանակահատվածը, իսկ մինչ այդ պատմեմ ձեզ երեկվա խելահեղ ու անմոռանալի օրվա մասին։
Մայիսի 21-ը ոչնչով չէր հավակնում տարբերվել նախորդ մի քանի օրերից, բացի նրանով, որ երակային ներարկումն այդ օրվանից սկսած այլևս չէի ստանալու։ Սովորականի պես արթնացա ժամը 7։30, կես ժամ անց չափեցի ջերմությունս, ջերմաչափի սնդիկը կանգ առավ 37,1 թվի վրա, սակայն ինքնազգացողությունս վատ չէր։ Րոպեներ անց սենյակ եկավ բուժքույրս, բերեց երկու դեղահաբ, նկատեցի, որ բացակայում է C վիտամինը, պարզվեց, որ այդ օրվանից նաև դա է հանվել պարտադիր դեղերիս ցանկից։
Ամեն ինչ սկսվել էր սովորականից լավ։ Տրամադրությունս բարձր էր։ Դեղերի թվի պակասելը հուշում էր, որ ապաքինվում եմ և ուրախությունից չէի էլ նկատել, թե ինչպես են պակասում նաև հեռախոսիս մարտկոցի մեջ եղած լիցքերը, չնայած նրան, որ հեռախոսս այդ պահին միացված էր լիցքավորման։ Անջատվել էր հիվանդանոցի և ամբողջ Արտաշատ քաղաքի էլեկտրամատակարարումը։ Բուժքույրերից հետաքրքրվեցի, թե երբ նորից հոսանք կունենանք, բայց իրենք էլ չգիտեին։ Մոտ 15 րոպե անց հեռախոսս ամբողջովին անջատվեց ու մեկուսացման մեջ գտնվելու ընթացքում առաջին անգամ ամբողջությամբ կտրվեց նաև կապս արտաքին աշխարհի հետ։ Առանց հեռախոսի, հարազատներիս ու ընկերներիս հետ շփման առաջին ժամն անցավ այն հույսով, որ հոսանքազրկումը մեկ ժամից ավելի չի տևի, սակայն, երբ սկսվեց երկրորդ ժամը, հասկացա, որ սպասումը երկար է ձգվելու։
Որևէ բանով ինձ զբաղեցնելու հնարավորությունից զրկված, որոշեցի մի փոքր քնել։ Դեռ նոր էին աչքերս փակվել, երբ դուռը թակեցին։ Հիվանդասենյակ մտավ մի բուժքույր, որի ձայնն անծանոթ էր։ Նրա հետ մինչ այդ պահը շփում չէի ունեցել։ Սենյակ մտնելուց հետո ասաց, որ պետք է նմուշառում կատարվի, այսինքն՝ դարձյալ կորոնավիրուսի թեստ հանձնեմ, պարզելու համար՝ արդեն լիարժեք ապաքինվել եմ, թե ոչ։ Այդ գործողությունից քիչ անց սենյակ եկավ արդեն ծանոթ բուժքույրն ու հայտնեց, որ տեղափոխվելու եմ այլ մեկուսացման վայր։
Անսպասելի նորությունից քունս փախավ, սկսեցի մտածել այն մասին, թե ուր եմ տեղափոխվելու, ինչպես, երբ, ինչ փոփոխություն է լինելու կյանքումս այս անգամ։ Ուրախալի նորությունը ստանալու հետ, գրեթե, միաժամանակ միացավ նաև հիվանդանոցի էլեկտրամատակարարումը, ու սկսեցի պատրաստվել հիվանդանոցը լքելուն։
Իրերս հավաքելուց հետո առանձնահատուկ երջանկությամբ ու հաճույքով հագա այն վերնաշապիկը, որը կրում էի նաև հիվանդանոց տեղափոխվելու պահին, սակայն այդ ժամանակ մեծ մասամբ չէի էլ մտածում հագուկապիս մասին, մաքրեցի կոշիկներս, որոնք արդեն մեկ շաբաթ է՝ պահարանից դուրս չէին բերվել, հագա աթոռին դրված տաբատս, սանրեցի մազերս, օծանելիք ցանեցի։ Այնպես էի պատրաստվում, կարծես մի կարևոր միջոցառման պետք է մասնակցեի։
Արդեն պատրաստ էի հիվանդասենյակից դուրս գալուն, երբ մի տոպրակ բերեցին և ասացին, որ դրա մեջ դրված շապիկը հագնեմ։ Անակնկալի եկած բացեցի տոպրակն ու հայտնաբերեցի «Կյանք կա» գրությամբ սև շապիկը, որի վրա նկարված էր Կենաց ծառը, իսկ ներքևում «Ն.Ա.» գրությունն էր, որը հուշում էր, որ նվերը ինձ հետ մեկ շաբաթ առաջ շփված լինելու պատճառով ինքնամեկուսացած ընկերուհուս՝ Արմինեի կողմից էր։ Տոպրակում կար նաև մի արկղիկ, որի մեջ գունավոր թերթիկների վրա գրված էին սոցիալական ցանցում հրապարակումներիցս մեկի տակ ինձ ուղղված բարեմաղթանքների մեկնաբանություններն ու դրանք գրած մարդկանց անունները։
Զգեստափոխվելուց հետո դուրս եկա սենյակից, դուռը փակելուց առաջ վերջին անգամ նայելով մեկ շաբաթ ինձ հյուրընկալած սենյակի իրերին։ Ձեռնոցով ու դիմակով էի, քայլում էի բուժքրոջ հետևից, սակայն այս անգամ չէր սարսափեցնում ճանապարհի ախտահանման գործողությունը, որին ականատես էի եղել նաև օրեր առաջ, երբ պետք է գնայի հերթական հետազոտություններն անցնելու։
Երկուսով հասանք հիվանդանոցի մուտքի մոտ, որտեղ ինձ էր սպասում շտապօգնության մեքենան, բուժքրոջս՝ Նարեի հետ իրար հրաժեշտ տվեցինք, պայմանով, որ հաջորդ անգամ հանդիպելու ենք միայն հիվանդանոցի պատերից դուրս։
Նստեցի շտապօգնության մեքենան, ուղղությունը դեպի Երևան էր, որտեղ պետք է մեկուսացվեի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում։ Ճանապարհին սկսեցի դետալ առ դետալ ուսումնասիրել շտապօգնության մեքենան։ Այդ ցանկությունը չունեի այն ժամանակ, երբ նոր էի տեղեկացել, որ վարակված եմ ու տեղափոխվում էի հիվանդանոց, իսկ հիմա ավելի քիչ անհանգստացնող բան կար ու մինչ Երևան հասնելը, շատ ազատ ժամանակ ունեի։
Մինչ ուսումնասիրում էի մեքենայում առկա պատգարակը, նստատեղերը, բժշկական սարքավորումները, ընթացքում պատասխանում էի հեռախոսազանգերին ու նամակներին, չնկատեցի, թե ինչպես հասանք Երևան, ու մեքենան կանգ առավ մի շինության դիմաց, որտեղ շտապօգնության բազմաթիվ այլ մեքենաներ կային։ Վայրկյաններ անց հասկացա, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բակում ենք։
Լրագրողի հետաքրքրասիրությունս քիչ էր մնում՝ երջանկությունից միջիցս դուրս ցատկեր ու սկսեր վազվզել հիվանդանոցի ներսում, արձանագրելով այն ամենն, ինչ կատարվում էր այդտեղ, սակայն, որպես վարակակիր, ստիպված էի նստել մեքենայում այնքան ժամանակ, մինչ կթույլատրեին իջնել։
Կորոնավիրուսի Հայաստան գալու առաջին օրերից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը դարձել է այն վայրը, որտեղ գոնե մի քանի րոպեով լինելը լրագրողների մի մասի համար երազանքի պես բան է, սակայն բացի հիվանդներից ու բուժաշխատողներից, այստեղ այլ մարդիկ մուտք գործելու հնարավորություն հիմա չունեն։ Ճակատագրի այս աննախադեպ հնարավորությունից ցնցված, աչքերս այս ու այն կողմ էին վազում։ Փորձում էի գոնե տեսողական հիշողությամբ մտապահել շուրջս կատարվող ամեն բան։
Հիվանդանոցի բակում կանգնած էին 10-ից ավելի շտապօգնության մեքենաներ, որոնք բերել էին ինձ պես վարակվածների։ Շենքի ներսում դռները փակ էին, բացի հատուկ հանդերձանքով, դիմակով ու ձենռոցներով բուժաշխատողներից, որոնք մեծ արագությամբ այս ու այն կողմ էին սլանում, ուրիշ ոչ ոքի հնարավոր չէր տեսնել։ Երկրորդ հարկի պատուհանից, որտեղ անհրաժեշտ փաստաթղթերս էին լրացնում հյուրանոց տեղափոխելու համար, նկատեցի հիվանդանոցի բակում պատրաստված կապույտ շինությունը, որը նախատեսված է կորոնավիրուսով վարակված անձանց համար։ Այդ հատվածում ևս տեսանելի էին միայն հիվանդների մոտ մտնող և շինությունից դուրս եկող բժիշկները։
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը նման էր հոլիվուդյան ֆիլմերում իմ տեսած բուժհաստատություններին։ Վերջին ֆիլմը, որ դիտել էի, մինչև կորոնավիրուսով վարակվելս, 2011թ. նկարահանված «Վարակ» լիամետրաժ ֆիլմն էր, որտեղ նկարագրվում է Հոնգ Կոնգում առաջացած ու ամբողջ աշխարհով տարածված համավարակի պատմությունը։ Ինֆեկցիոն հիվանդանոց մուտք գործելու առաջին իսկ պահից, կարծես, այդ ֆիլմում հայտնված լինեի։
Ջերմաչափում իրականացնելուց ու անհրաժեշտ փաստաթղթերը լրացնելուց հետո դարձյալ նստեցի մեքենան, որպեսզի ուղևորվենք հյուրանոց։ Որպես լրագրող բարդ էր դուրս գալ այն տարածքից, որտեղ հայտնվելը մինչ այդ անհասանելի ցանկություն էր։ Այնուամենայնիվ, պետք էի հետևել բժիշկների հրահանգներին և չխոչընդոտել նրանց, առանց այդ էլ լարված աշխատանքը։
Հիմա արդեն հյուրանոցում եմ ինքնամեկուսացված։ Այստեղ, եթե առողջական հավելյալ խնդիրներ չառաջանան, դեղեր չեմ ընդունելու, սակայն մշտապես շարունակելու եմ լինել բուժաշխատողների հսկողության ներքո։ Շուտով հայտնի կդառնա նաև նոր հանձնած թեստիս պատասխանը և կորոշվի բուժմանս հետ կապված հետագա ընթացքը։
Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ վարակի հաղթահարման դժվար շրջանն անցյալում է։
Կորոնավիրուսային հիվանդությունը դատավճիռ չէ, այն վարակ է, որից, ցավոք, լիարժեք ապահովագրված մարդիկ չկան, բայց պետք է ամուր լինել ու հաղթահարել այն։ Ինչպես արդեն հայտնի դասական դարձած արտահայտությունն է ասում՝ կորոնավիրուսից հետո կա՛ կյանք…
Նորայր Շողիկյան