ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը մոտ օրերս ՀՀ առողջապահության նախարարությունից կստանա կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրության պաշտոնական գրությունը:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսումինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը նշեց, որ պաշտոնական գրությունն ունենալուց անմիջապես հետո կսկսեն թեստերի տրամադրումը:
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, որն իրականացում է փորձարկումները, արդյունքներն ուղարկել է Առողջապահության նախարարություն, որն էլ արդեն գրությունն առաքել է ինստիտուտ: Մենք նշել էինք, որ օրական 2 հազար թեստ կարող ենք արտադրել, սակայն անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի ավելացնել ծավալները»,- ասաց Արսեն Առաքելյանը: Նա տեղեկացրեց, որ արդեն 6 հազար թեստ ունեն պահեստավորված: Այս ընթացքում փորձարկել են արտադրության ներուժի հնարավորությունները: Արդյունքները հաշվի առնելով՝ ինստիտուտի տնօրենը վստահեցրեց, որ հանգիստ կարող են ավելացնել արտադրության ծավալները:
Խոսելով թեստերի որակից՝ Արսեն Առաքելյանը տեղեկացրեց, որ, ըստ փորձարկումների, իրենք ստացել են 98 տոկոս ճշտություն:
Թեստերի արտադրության ընթացքում ինստիտուտը սերտորեն համագործակցել է արտասահմանյան գործընկերների հետ: Ինչ վերաբերում է թեստերի արտահանման հարցին, ապա Արսեն Առաքելյանը տեղեկացրեց, որ այս պահին դա չեն քննարկում, որովհետև թեստերը պետք է անցնեն սերտիֆիկացիայի և գրանցման բավական երկար փուլ, իսկ դրա համար օրենսդրական հնարավորություններ են պետք:
Թեստերի արտադրության հետ կապված աշխատանքները սկսվեցին մարտին: Բուն ֆիզիկական թեստերի մշակման աշխատանքները սկսվեցին մայիսի կեսերին: Արսեն Առաքելյանը նշեց, որ մեկ թեստի արժեքը կազմում է 2.75 ԱՄՆ դոլար, ինչը բավական մատչելի է: Ըստ ուսումնասիրությունների՝ շուկայում միջին արժեքը 10 ԱՄՆ դոլար է: