Չնայած շատ երկրների կառավարություններ դեռևս կողմ չեն միջազգային զբոսաշրջության ուղղությունների վերաբացմանը, այնուամենայնիվ, որոշ երկրներ մեղմացրել են սահմանափակումները և իրենց սահմանները բացել օտարերկրյա այցելուների համար: Միջազգային զբոսաշրջային վերաբացվող ուղղությունների մասին հայտնում է CNN-ը:
Ինդոնեզիայի Բալի կղզին, հաջողությամբ հաղթահարելով համավարակային ճգնաժամը, մինչև հոկտեմբեր կընդունի օտարերկրյա այցելուներին:
Բարբադոսը հայտարարել է, որ իր սահմանները կվերաբացվեն հուլիսի 12-ից, չնայած այցելուները պետք է հետևեն համավարակային խիստ կանոններին` ունենալով թեստի բացասական պատասխան, կրելով դիմակ և պահպանելով առնվազն մեկ մետր սոցիալական հեռավորություն:
Կիպրոսը հունիսի 9-ից վերականգնել է օդային հաղորդակցությունը։ Այցելուները պարտավորվում են հետևել մի շարք կանոնների` ջերմաչափում, թեստի բացասական արդյունք կամ հենց տեղում թեստավորում: Կիպրոսի տնտեսության 15 %-ը հիմնված է զբոսաշրջության վրա:
Եգիպտոսը մարտից արգելել էր ճանապարհորդելը երկրում, փակ էին հյուրանոցները, ռեստորանները, սրճարանները: Սակայն կառավարությունը կայացրել է որոշում հուլիսի 1-ից վերագործարկել միջազգային թռիչքները` այցելուների համար սահմանելով պարտադիր կանոններ:
Ֆրանսիա ժամանող օտարերկյա այցելուները կպարտավորվեն անցնել 14-օրյա մեկուսացման ռեժիմ: Այստեղ վերաբացվում են լողափերը: Հունիսի 2-ից բացվել են հյուրանոցները, բարերը, ռեստորանները, սրճարանները: Երկրի ամենաշատ այցելվող թանգարան Լուվրը կվերաբացվի հուլիսի 6-ից:
Վրաստանը հուլիսի 1-ից ևս վերաբացում է իր սահմանները օտարերկրյա այցելուների համար, որոնք պետք է կրկին հետևեն համավարակային խիստ կանոնների, վերագործարկվում են միջազգային չվերթները: Թույլատրվում է նաև ներքին զբոսաշրջությունը «ապահով գոտիներում», որոնք սահմանել է կառավարությունը:
Գերմանիան թույլատրել է այցելուների մուտքը Թուրքիայից, Միացյալ Թագավորությունից, Իսլանդիայից, Լիխտենշտեյնից, Նորվեգիայից և Շվեյցարիայից: Մնացած երկրների հաշվով որոշումը դեռևս քննարկման փուլում է: Հունիսի 15-ից բաց է Ավստրալիայի հետ սահմանը, թույլատրված են փոխադարձ այցելությունները, որոնց արդյունքում մեղմացվել են սահմանափակումները: Բացվել են բարերը, ռեստորանները, թանգարանները, մինչդեռ կան հյուրանոցներ, որոնք փակ են:
Հուլիսի 1-ից թույլատրվել են միջազգային թռիչքները նաև Հունաստանում: Արգելված են Մեծ Բրիտանիայից և Շվեդիայից թռիչքները մինչև հուլիսի 15-ը: Թեստավորված այցելուները` դրական արդյունքով, պետք է անցնեն 14-օրյա մեկուսացում:
Իսլանդիան իր սահմանները այցելուների առաջ բացել է հունիսի 15-ին: Այցելուները պետք է անցնեն 14-օրյա մեկուսացում և պահպանեն համավարակային կանոնները:
Սահմանները վերաբացող երկրների շարքում են նաև Իտալիան, Ջամայկան, Մալդիվները, Մալթան, Մեքսիկան, Պորտուգալիան, Իսպանիան, Թաիլանդը, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Միացյալ Թագավորությունը: Տվյալ երկներ մուտք գործող այցելուները պարտավորվում են խստորեն հետևել համավարակային կանոններին` անցնել 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմ, կրել դիմակ, լինել թեստավորված կամ տեղում թեստավորվել, օդանավակայաններում կամ այլ վայրերում պահպանեն սոցիալական հեռավորություն: