Հայ զբոսաշրջիկների` 2020 թվականի արտագնա ամառային հանգիստը վտանգված է։ Մի շարք երկրներ սկսում են թեթևացնել սահմանափակումները և պատրաստվում ընդունել զբոսաշրջիկների, բայց ոչ Հայաստանից։
Հուլիսի 1-ին Եվրամիությունը հայտարարեց, որ իր արտաքին սահմանը կվերաբացի նաեւ միության շրջանակներից դուրս 15 երկրների համար։ (Ալժիր, Ավստրալիա, Կանադա, Վրաստան, Ճապոնիա, Մոնտենեգրո, Մարոկկո, Նոր Զելանդիա, Ռուանդա, Սերբիա, Հարավային Կորեա, Թաիլանդ, Թունիս և Ուրուգվայ. Չինաստանը ևս ցանկում է՝ մի պայմանով, որ համաձայնի վերացնել սահմանափակումները ԵՄ քաղաքացիների նկատմամբ:)
Հայաստանը և մի շարք այլ երկրներ ներգրավված չեն ԵՄ ցանկում։ Ցանկը թարմացվելու է երկու շաբաթը մեկ։ Այն խորհրդատվական բնույթ է կրում, այսինքն, ԵՄ յուրաքանչյուր պետություն ինքն է որոշելու, թե նշված ցանկի որ երկրի զբոսաշրջիկներին ընդունել։
«Կանաչ գոտու» երկրների ցանկում տարածաշրջանից ընդգրկված է հարևան Վրաստանը։ Առաջիկայում Վրաստանը կբացի սահմանները 5 երկրի համար, որոնք ևս առանց որևէ սահմանափակման բաց են Վրաստանի համար. խոսքը Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի մասին է։ Այդ երկրի քաղաքացիները կկարողանան Վրաստան ժամանել միայն ուղիղ ավիաչվերթով։
Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիան 59 տարբեր երկրների հետ ձևավորել է «ճանապարհորդական միջանցքներ», որում Հայաստանը ևս ներգրավված չէ։
Կիպրոսն էլ առաջին փուլով թույլ կտա թռիչքներ իրականացնել Հունաստանից, Մալթայից, Բուլղարիայից, Նորվեգիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, Սլովենիայից, Հունգարիայից, Իսրայելից, Դանիայից, Գերմանիայից, Սլովակիայից և Լիտվայից։
Հայ զբոսաշրջիկների սիրելի հանգստավայր Եգիպտոսը արդեն բացել է սահմանները, բայց այցելության առաջնային թույլտվությունը տրվել է կորոնավիրուսն ինչ-որ կերպ հաղթահարած երկրներին։
Հունաստանն էլ մոտ մեկ շաբաթից կբացվի օտարերկրացիների առաջ: Բաց կլինեն բոլոր հյուրանոցները, իսկ հուլիսի 1-ից արդեն իրականացվում են միջազգային ուղիղ չվերթներ դեպի հանգստավայրեր: Անվտանգությունն ապահովելու համար հյուրերը կթեստավորվեն, կսահմանվեն առողջապահական ու հիգիենիկ պահանջներ։ Վերաբացվող հյուրանոցներում անձնակազմը պարտադիր դիմակ և ձեռնոց է կրելու, նախաճաշը մատուցվելու է սենյակներում, ծովափին էլ ամեն ինչ կազմակերպվելու է այնպես, որ պահպանվեն սոցիալական հեռավորության նորմերը:
Գերմանիան թույլատրել է այցելուների մուտքը Թուրքիայից, Միացյալ Թագավորությունից, Իսլանդիայից, Լիխտենշտեյնից, Նորվեգիայից և Շվեյցարիայից: Մնացած երկրների մասին որոշումը դեռևս քննարկման փուլում է:
Հուլիսի 10-ին հայտնի դարձավ, որ Իտալիան եւս կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արգելել է 13 երկրներից ժամանող մարդկանց մուտքն Իտալիա։ Այդ երկրների թվում է նաեւ Հայաստանը։
Բոլոր երկրները նախապատվությունը տալիս են սահմանները բացել համավարակն ինչ որ չափով հաղթահարած երկրների համար։
Հայաստանում Wizz Air ընկերությունն օրինակ, հուլիսի 31-ին ամրագրած տոմսերի ու թռիչքների մասին ավիաընկերությունը պարբերաբար տեղեկություններ է տրամադրում՝ մասնավորապես նշում, որ փոփոխվում են թռիչքների անվանումը, բայց ոչ օրը։ Իսկ այն քաղաքացիները, որոնց նախապես ամրագրած թռիչքը չի կայացել, ավիաընկերությունը գումարի վերադարձ չի կատարել, փոխարենը այն վերածել է «վաուչեր»-ի, որով թույլ կտա մեկ տարվա ընթացքում ցանկացած այլ ժամանակ օգտվել թռիչքից։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից էլ բաց են Շենգենյան գոտու երկրների սահմանները։ Կազմվել է 2 ցուցակ. առաջինում այն երկրներն են, որոնց համար ԵՄ անդամ պետությունների սահմանները բաց կլինեն։ Այնտեղ 54 պետություն է ընդգրկված: Երկրորդ ցուցակում այն երկրներն են, որոնք COVID-19-ից շատ են տուժել և որոնց քաղաքացիներն առայժմ չեն կարողանա Շենգենյան գոտի մուտք գործել։ Առայժմ հրապարկված է միայն առաջին ցանկը։
Հայաստանը, որտեղ COVID-19-ի 30 հազարից ավելի դեպք կա, ցանկում ընդգրկված չէ, այսինքն՝ Հայաստանի քաղաքացիներին առայժմ չի թույլատրվի Շենգենյան գոտու երկրներ այցելել։
Եվրամիության «կանաչ գոտու» երկրների ցանկում տարածաշրջանից ընդգրկված է միայն հարևան Վրաստանը, որի սահմանը ևս փակ է Հայաստանի համար։ Ուշագրավ է, որ ցուցակում առկա է Թուրքիան, մինչդեռ այնտեղ COVID-ի 207.897 դեպք կա։ Ցանկից բացակայում է նաև Ռուսաստանը, որտեղ COVID-ի դեպքերը 700.000 է։