Երեկ երեկոյան քույրս՝ Լյուսին, հեռաձայնեց և հայտնեց, որ հորս փաստաբանը՝ Արամ Գևորգյանը, զանգահարել է իրեն և տեղեկացրել, որ հայրս մեռնում է քաղցկեղից: Սկզբում նա առաջագեղձի քաղցկեղ ուներ, որը, ակներևաբար, կարող էր բուժվել, բայց նա չհետևեց իրեն և այն տարածվեց դեպի լյարդը, իսկ հիմա հասել է ոսկորներին:
Ես անմիջապես գիտակցեցի, որ այս լուրը իմանալուց առաջ մեր միջև եղած տարաձայնությունները այլևս կորցրեցին իրենց նշանակությունը:
Անցյալ սեպտեմբերին նրան ասել էին, որ նա չի բոլորի 1981 թվականը: Նա չուզեց հիվանդանոց գնալ և մինչև այժմ ոչ մի նկատելի ցավ չուներ, թեև Լյուսին ասաց, որ գիշերները ինչ-որ ցավ է զգում:
Նա յոթանասուներկու տարեկան է, ապրել է առողջ, երկար կյանք: Նախանցյալ գիշեր ես կարդում էի նրա մի գիրքը, որը հրատարակվել է միայն հինգ տարի առաջ. «Որդիները գալիս ու գնում են, մայրերը՝ հարատևում»: Դա շատ լավ գիրք էր՝ գրված Սարոյանի վերելքի ժամանակաշրջանի մակարդակով: Էդուարդ Հոկլենդը այդպես էր գնահատել այս գիրքը «Նյու Յորք թայմզի» գրախոսությունների բաժնում, մի բան, որ շատ դուր էր եկել հորս:
Հիմա, նրա հիվանդության մասին կցկտուր ասվածը ճշտում է ինձ ու Լյուսիին (հավանաբար, իր բժշկից և փաստաբանից բացի, մենք առաջինն էինք, որ իմացանք այդ մասին): Ըստ երևույթին՝ նա ցանկացել է, որ այժմ մենք իմանանք այդ մասին, թեև հավանաբար նա տագնապել է կասկածներով, թե մենք ինչպե՞ս կընդունենք այդ լուրը, հատկապես ես, քանի որ վերջին չորս տարիների ընթացքում ոչ մի կապ չեմ ունեցել իր հետ:
Թեև, ինչքան էլ տարօրինակ հնչի, պիտի ասեմ, որ այդ ժամանակահատվածում մեր միջև եղած անջրպետը ավելի փոքր է եղել, քան երբ մենք հարաբերվում էինք իրար հետ: Հեռվից ես կարողանում էի ավելի սիրել ու հարգել նրան, մի բան, որ առաջներում ինձ չէր հաջողվում, երբ տեսնում ու գրում էի նրան: Իրականում նա շատ ամաչկոտ ու ներամփոփ է՝ ի հակադրություն իր հասարակական կյանքի: Երեք տարի, տարեկան մի քանի անգամ, մեկ կամ երկու ժամով, նա այցելում էր մեզ, և ինձ թվում էր, թե ահա ուր որ է կխախտվի սահմանը, և մենք կմտերմանանք…
Հենց այն ժամանակ էլ, 1978 թվականին, ես ավտովթարի ենթարկվեցի, ջախջախվեց ոտքիս կոճը: Այս առիթով ես մի հիմար և հանդիմանական նամակ ստացա նրանից: Նա ենթադրում էր, թե ես սխալ էի վարել մեքենան, գուցե եղել էի թմրադեղի ազդեցության տակ և այլն: Մինչդեռ պարզից էլ պարզ էր, որ մի մոտոցիկլ յոթանասուն մղոն արագությամբ ուղիղ գալիս էր ինձ վրա: Երբ առաջին անգամ տեսա մոտոցիկլը, արդեն մեկ մեքենայի հեռավորության վրա էր ինձանից, և այն բախվեց ինձ: Երբ ստացա հորս նամակը, անմիջապես պատասխանեցի, բայց հետո որոշեցի չուղարկել պատասխանը, որովհետև այլևս չուզեցի գործ ունենալ այդպիսի չոր, իմ նկատմամբ վստահությունը հիմնահատակ կործանող անձնավորության հետ:
Սա չի նշանակում, թե իմ նկատմամբ կասկածի ոչ մի հիմք չուներ նա կամ որևէ մեկը, բայց երբ ընկած ես, չես ուզում լսել այդ մասին:
Հիմա ես ուզում եմ նրան մենակ չթողնել, կանգնել նրա կողքին: Նա կարողացել է ճիշտ վարվել, և ես ուրախ եմ, որ նա իրեն չի ենթարկել քաղցկեղի բուժման հիվանդանոցային նվաստացնող պրոցեդուրաներին: Ես հստակորեն զգում եմ, որ նա պատրաստ է դիմակայել մահը և գիտի ինչպես մեռնել, և մենք՝ Լյուսին ու ես, պետք է պարզապես անենք ինչ որ կարող ենք, որպեսզի նա հանգիստ մեռնի:
Իր պարագային մահը բնական բան է: Նա արել է այն, ինչ պետք է աներ, և, միևնույն ժամանակ, նրա կյանքի այս վերջին փուլը ինձ համար հույժ կարևոր է, ես պետք է ներկա լինեմ այդ փուլին, սովորեմ նրանից:
Երեկ գիշեր, Լյուսիի հեռախոսազանգը լսելուց հետո, ես կանգնեցի հյուրասենյակում և պատմեցի կնոջս՝ Հեյլինին և երեխաներին հորս վիճակի մասին՝ առարկայորեն վերլուծելով այն, գուցե մի քիչ սառնասրտորեն: Հանկարծ Հեյլինը ասաց, որ մեր ավագ դուստրը՝ Ստրոուբերրին, որը տասը տարեկան է, շատ հուզված է:
-Քաղցրիկս, շա՞տ ես տխուր,-հարցրի ես:
-Այո,-ասաց նա և հեծկլտալով փլվեց բազմոցին:
Ես ստույգ չգիտեմ՝ իմ հա՞յրը, թե՞ իմ դուստրը շարժեցին իմ սիրտը, բայց իմ աչքերը լցվեցին արցունքով, և ես գնացի ու գրկեցի նրան:
-Հիշո՞ւմ ես պապիկին,-հարցրի նրան:
-Անշո՛ւշտ,-ասաց նա:
Նրա վշտի պարզությունը մեծ թեթևացում եղավ ինձ համար:
Ամբողջությամբ՝ vnews.am