Ինչո՞ւ այս պատերազմն ըստ հնարավորության չպետք է ավարտվի միայն պաշտպանական հաղթանակով կամ միայն նախկին դիրքերի վերականգմամբ:
Այստեղ զգացմունքային կամ ուռա-հայրենասիրական խնդիր չէ, այլ` քաղաքական հաշվարկի:
Որոշում ընդունելը շատ բարդ է, քանի որ կապված է զոհերի հետ:
Բայց:
2016-ին պատերազմն ավարտվեց պաշտպանական հաղթանակով, քանի որ Հայաստանը համաձայնեց հրադադարի առաջարկին, որն եկավ 3 օր ուշացմամբ, այն պահին, երբ պարզ դարձավ, որ ադրբեջանական հարձակումը ձախողվել է, և հնարավոր չի լինի հայերին միանգամից պարտադրել «կարգավորման» պլան պարտության միջոցով:
Այդուհանդերձ, եղած արդյունքից էլ փորձեցին օգտվել լիուլի:
Երկրի ներսում տարածվեց պարտության քարոզը: Դիրքային կորուստը ներկայացվեց որպես պարտություն: Սա պատերազմի մասն էր, և շարունակությունը՝ այլ միջոցներով:
Սրան զուգահեռ ինտեսիվացան բանակցությունները, որոնց օրակարգում էր «խաղաղապահ» զորքի տեղադրումը (պլյուս տարածքների զիջում, անորոշ՝ միջանկյալ կարգավիճակ, անորոշ կամաարտահայտության անորոշ հեռանկար և այլն): Բանակցություններում հայկական դիրքը թուլացնելու համար էլ աշխատում էր պարտության միֆը, որովհետև պարտվողը պետք է զիջի: Ապակայունացվեց ներքին իրավիճակը երկրում: Փոխվեց կառավարություն՝ «Մարգարիտա Սիմոնյանի» ներկայացուցիչը նշանակվեց վարչապետ 2016-ի աշնանը, որից հետո մի փոքր հանդարտվեց ներքին վիճակը: Ցավոք, այն ժամանակ Մարգոն էսքան բաց չէր խոսում, ու մեր ասածներն ընկալվում էին որպես դավադրապաշտություն:
Ի վերջո, բանակցություններով հնարավոր չեղավ հասնել համաձայնության ոչ նախկին, ոչ ներկա կառավարության օրոք, որովհետև այդուհանդերձ իրական ռազմական պարտություն Հայաստանը չէր կրել: Եվ դրա արդյունքը եղավ նոր պատերազմը:
Այսօր վերադարձը նույն կետին կարող է գոնե մասամբ նշանակել նույն ցիկլի կրկնությունը: Դե, մեր Մարգոն էլի կառավարությունում տեղ էր ուզում իրա ներկայացուցչի համար: Բաց տեքստով էլ ասում է, թե բա Մերձավոր Արևելքի համար թիկունք եք՝ այն ինչ 4 տարի է շատերս ասում ենք, որ ՄԱ-ն ու Ղարաբաղը կապ ունեն միմյանց հետ: Ու այստեղ հավելյալ զորական ներկայությունը նաև այդ տեսակետից է կարևոր: Ի վերջո, Ղարաբաղի շուրջ նոր ապակայունացումը սկսվեց 2015-ի աշնանը Սիրիա ռուսական զորք մտցնելուց հետո:
Մեզ այսօր պետք է հաղթանակի նյութական, կոնկրետ մարմնավորում՝ անունով, սիմվոլով, քառակուսի կիլոմետրով: Դա կբացառի բոլոր հնարավոր սպեկուլյացիաները «պարտության» մասին: Կթուլացնի արդեն այսօր պլանավորվող ներքաղաքական սրացումներն ու ապակայունացման փորձերը: Օրակարգից կարող է դուրս հանել խաղաղապահների հարցը: Եվ կարևորը՝ երկար ժամանակով կարող է ապահովել խաղաղություն, և նոր հարաբերություններ նույնիսկ Ադրբեջանի հետ:
Իհարկե, սա շատ նախնական և միակողմանի վերլուծություն է: Այստեղ հաշվի առնված չեն հակառակորդ կողմի/կողմերի հնարավոր հակաքայլերն ու արձագանքները: Նաև՝ շղթայական զարգացումները՝ սկսած Ադրբեջանի ներքին կյանքից մինչև տարածաշրջանային: Սա էլ պետք է հաշվի առնվի՝ որքան հնարավոր է:
Բայց այս պահին նաև հանրային տրամադրությունը կարծես իր բնազդով կողմ է երկրորդ տարբերակին՝ ուժեղ հակահարվածին և հաղթանակի նյութականանացմանը: Այս բնազդային ձգտումը ևս չի կարելի հաշվի չառնել, քանզի հաճախ բնազդն ավելի արագ է հաշվարկում քան գիտակցությունը:
Հրանտ Տեր-Աբրահամյանի էջից:
Ինչո՞ւ այս պատերազմն ըտս հնարավորության չպետք է ավարտվի միայն պաշտպանական հաղթանակով կամ միայն նախկին դիրքերի…
Gepostet von Հրանտ Տէր-Աբրահամեան am Mittwoch, 30. September 2020