Մի կարևոր գործոն էլ կա, որը տարբերում է էս պատերազմը:
Աննախադեպ են Ադրբեջանից, Թուրքիայից, Ռուսաստանից եկող ուղերձները Հայաստանի ներքաղաքական թեմաների մասին:
Ալիևն ասում է, թե բա Հայաստանում Սորոսն է կառավարում՝ մտնելով հայտնի ռուսական թեմայի մեջ: Իհարկե, նոր չի ասում՝ ամառվանից էդ թեմայի մէջ է ինքը, ու, իհարկե, սորոսի հերն էլ անիծած:
Սա կարող ենք համարել զուտ քարոզչություն: Չնայած չեմ հիշում, որ նախկինում, հենց պատերազմի ժամանակ էլ նման թեմա լիներ՝ Հայաստանի ներքին հարցերը բարձրացվեին Ադ-ի կողմից:
Էրդողանը նույնպես թեմայի մէջ է: Կոչ է անում հայ ժողովրդին ազատվել կառավարությունից:
Աներկբա են նաև Ռուսաստանից եկող ուղերձները: Ռուսները ոչ միայն պարզապես սպասում են, որ խնդրենք իրենց միջամտությունը, այլև տարբեր «լեզուներով» ակնարկում են, որ դրա դիմաց կան քաղաքական պահանջներ:
Մեկն ասում է՝ կառավարության մեջ ներկայացուցիչ, մյուսը՝ բազմավեկտոր քաղաքականութունից հրաժարում, երրորդը՝ ընդդիմության ճնշման վերացում և այլն:
Ուրեմն, խնդիրը միայն ռազմական չէ, այլև քաղաքական՝ վիճարկել հայ ժողովրդի ինքնիշխանությունը նաև ներքին հարցերում, սեփական որոշումներ կայացնելու իրավունքը:
Իհարկե, կարելի է տարբեր կերպ վերաբերվել Փաշինյանի կառավարությանը, նաև 18-ի հեղափոխությանը: Բայց պարզ է, որ հարցն այստեղ դա չէ: Հարցը հենց հայ ժողովրդի ընտրության իրավունքն է: Ներկա իշխանությունն ընտրել է հայ ժողովրդի մեծամասնությունը, որը նաև իրացրել է հեղափոխությունը: Այս իրավունքն է վիճարկվում, որը ինքնիշխանության ամենա ներքին կետն է:
Ինչ-որ տեղ սա օրինաչափ է:
Կարծես հեղափոխություն իրականացրած ժողովուրդների մեծ մասի ընտրությունն է ենթարկվում վիճարկման արտաքին ուժերի կողմից:
Եթե դասական օրինակներ հիշենք՝ ֆրանսիական, ռուսական, իրանական հեղափոխություններ, բոլորն էլ այդ ուղին են անցել՝ պատերազմի միջոցով հաստատել իրենց իրավունքը:
Հեղափոխությունն ունի այդ պոտենցիալը՝ պատերազմի վերածվելու: Ժողովրդական զանգվածների ներգրավումը քաղաքականության մեջ ինքնաբերաբար հարց է դնում ինքնիշխանության իրական չափի բարձրացման: Եվ դա բնականաբար հակազդեցություն է բերում: Այդ իրավունքը հաճախ պետք է վերահաստատվի նոր պայքարի միջոցով:
Ինչ էլ լինի այս տեսական մասը, որը կարող է նաև որոշ կետերում վիճելի լինել, բայց մի բան պարզ է:
Ակնհայտորեն հարցի տակ է դրված հայ ժողովրդի ընտրության, սեփական ներքին հարաբերությունները, ներքին կարգը որոշելու իրավունքը: Եվ նաև սրա պաշտպանության համար են այսօր մղվում մարտերը: Ոչ թե ներկա կառավարության, այլ կրկնեմ՝ բուն իրավունքի համար՝ որոշելու, թե սեփական տանն ինչպես պետք է ապրենք, և ով դա պետք է որոշի:
Հեղափոխական ժողովուրդները որպես կանոն անպարտելի են:
Հ.Գ. Ի դեպ, ֆրանսիական հեղափոխությունից ծնվեց ներկա ժողովրդական, զորակոչային բանակի համակարգը: Մինչ այդ կռվում էին պրոֆեսիոնալներով: Բայց երբ Նապոլեոնը բոլորին հաղթեց ժողովորդական բանակի վրա հենված, իրա թշնամիներն էլ փոխառեցին այդ գործիքը:
Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից:
Մի կարևոր գործոն էլ կա, որը տարբերում է էս պատերազմը: Աննախադեպ են Ադրբեջանից, Թուրքիայից, Ռուսաստանից եկող ուղերձները…
Gepostet von Հրանտ Տէր-Աբրահամեան am Mittwoch, 30. September 2020