Այս օրերին շատ է խոսվում Արցախի կարգավիճակի փոփոխման` Արցախը որպես պետական միավոր ճանաչելու մասին: Նախ, անհրաժեշտ է զերծ մնալ զգայական (էմոցիոնալ) վերաբերմունքից եւ հիմնավորումներից: Հաշվի առնելով հարցի ինչպես կարեւորությունը, այնպես էլ հրատապությունը` առաջարկում եմ Արցախի կարգավիճակի խնդիրն ընկալելու եւ այն ներկայացնելու մեխանիզմը:
Այս տեղեկատվությունը մեր` հայերիս շրջանում շատերի մոտ կամրապնդի Արցախի կարգավիճակի իրավական պատկերացումը: Բացի այդ, դրա լայն տարածումը կնպաստի տարածաշրջանում (այդ թվում` Ադրբեջանում) եւ աշխարհում Արցախի իրավունքի եւ դրանից բխող կատարված քայլերի օրինականության մասին հասարակական կարծիքի ձեւավորմանը:
1) 1990թ.-ի դրությամբ, թե Արցախը (Լեռնային Ղարաբաղը), այնպես էլ Ադրբեջանը գտնվում էին մի սուվերեն (ինքնիշխան) սուբյեկտի` Խորհրդային Միության (ԽՍՀՄ) կազմում, եւ կարեւոր է, թե որքանով են պահպանվել Արցախի կարգավիճակին առնչվող գործող օրենսդրության պահանջները:
2) 1990թ. ապրիլի 3-ին ԽՍՀՄ կողմից ընդունվել է օրենք, որով կարգավորվել են ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության եւ նրա կազմում գտնվող ինքնավար միավորների (այդ թվում` ինքնավար մարզի) դուրս գալու հետ կապված հարցերը: Կից ներկայացվում է այդ օրենքով ինքնավար մարզին (օրինակ, ԼՂԻՄ-ին) վերաբերող երկու հոդվածները:
3) Համաձայն նշված օրենքի 3-րդ հոդվածի, այն միութենական հանրապետություններում, որոնց կազմում գտնվում էին ինքնավար միավորներ (օրինակ, ԼՂԻՄ), ինչպես Միությունից, այնպես էլ միութենական հանրապետությունից դուրս գալուն եւ անգամ պետական-իրավական կարգավիճակը սահմանելուն վերաբերող հանրաքվեի անցկացում նախատեսվում էր այդ ինքնավար միավորներին տրված առանձին իրավունքով: Այսինքն, նրանք ունեցել են ինքնուրույն դուրս գալու իրավունք` հանրաքվեի միջոցով:
4) 1991թ. դեկտեմբերի 10-ին, պահպանելով գործող օրենսդրության պահանջները, ԼՂԻՄ տարածքում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (այժմ` Արցախի Հանրապետություն):
5) Համաձայն վերոհիշյալ օրենքի 6-րդ հոդվածի, հանրաքվեի արդյունքները պետք է դիտարկվեին Ադրբեջանի Գերագույն Խորհրդի կողմից` Լեռնային Ղարաբաղի հետ համատեղ: Սակայն, հանրաքվեի արդյունքը հրապարակելուց հետո, մինչեւ ԽՍՀՄ գոյության պաշտոնական դադարեցումը (1991թ. դեկտեմբերի 26-ին), Ադրբեջանի կողմից նման նախաձեռնություն չի ցուցաբերվել, որի արդյունքում Խորհրդային Ադրբեջանի տարածքում երկու պետական միավոր է առաջացել` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ Ադրբեջանի Հանրապետություն: Գործող օրենսդրության համաձայն, հարցի այլ կարգավորում նախատեսված չի եղել: Հարկ է ավելացնել, որ Ադրբեջանում ԽՍՀՄ կազմից դուրս գալու հանրաքվե անցկացվել է արդեն ԽՍՀՄ գոյությունը դադարելուց 3 օր անց` 1991թ. դեկտեմբերի 29-ին: Այսինքն, մինչ ԽՍՀՄ փլուզումը, Ադրբեջանը շարունակել է մնալ միութենական հանրապետություն եւ չի կատարել իր օրենքով նախատեսված պարտականությունը:
6) Իրավական առումով անկախություն ձեռք բերելուց հետո (այստեղ հարկ է շեշտել, որ մինչ այդ պահը նախկին ԽՍՀՄ միավորները ինքնուրույն բանակ չէին կարող ունենալ), Ադրբեջանը սանձազերծել է չհայտարարված պատերազմ Լեռնային Ղարաբաղի հանդեպ (ինչպես, օրինակ, Գերմանիան Խորհրդային Միության հանդեպ): Պատերազմի արդյունքում, Լեռնային Ղարաբաղը տարել է հաղթանակ եւ ապահովել է ոչ միայն իր նախկին (ԼՂԻՄ) տարածքի հիմնական մասի պահպանում, այլ նաեւ ունեցել է այլ տարածքների ազատագրում: Պատերազմի ժամանակ հակահարվածի արդյունքում ձեռք բերված տարածքները ՉԵՆ ՀԱՄԱՐՎՈՒՄ ԳՐԱՎՅԱԼ:
7) Առ 1994թ.-ը, երբ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ներկայացուցիչը (Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ միասին) իր ստորագրությունը դրել է մայիսի 12-ից անժամկետ հրադադարը սահմանող փաստաթղթի վրա, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պետական իրավասությունը տարածվում է այդ ամբողջ տարածքի հանդեպ` նախկին ԼՂԻՄ եւ ազատագրված տարածքներ:
8) Իր այս սահմանված տարածքում Արցախը կարող է Հայաստանի հետ փաստացի միավորվել որպես մի պետական միավոր: Վերը նշվածի ներկայացումը ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ազգերի ինքնորոշման իրավունքից եւ նախկին ԼՂԻՄ տարածքի մակարդակից` այն հաստատելով առ 1994թ. մայիսի 12-ը փաստացի գործող սահմանների (սահմանագծի) շրջանակում:
Մեզ թշնամին տվել է հաղթելու հնարավորություն: Ընդունում ենք: ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:
Վահագն ՎԱՐԴԱՆՅԱՆ, Միջազգայնագետ (ք. Հոնկոնգ)