Արգենտինացի Գուստավո Դենիելն աշխատում է «Զվարթնոց» օդանավակայանում, մինչ պայմանագրի ժամկետի լրանալն ապրելու է մեր քաղաքում: Մենեջերի մասնագիտությունը նրա երկրորդ մասնագիտությունն է: Գուստավոն և՛ կոչումով, և՛ առաջին մասնագիտությամբ պրոֆեսիոնալ պարող է: Էլ ի՞նչ արգենտինացի, որը պարել չի սիրում: Գուստավոն դասական բալետի կանոններն ուսանելուց հետո զբաղվել է ժամանակակից բալետով: Նա պարել է Մայա Պլիսեցկայայի հետ, երբ բալետի հանրահայտ ու փայլուն պարուհին Արգենտինա էր ժամանել: «Մեռնող կարապն» ու Մորիս Բեժարի բեմադրած «Բոլերոն» անմոռանալի էին: Ես էլ, լինելով բալետի դպրոցի շրջանավարտ, մասնակցում էի այդ բեմադրություններին, սակայն, երբ տեսնում էի նրա պարը, կարծես քարանում ու մոռանում էի իմ շարժումները»,- ասում է նա: Գուստավոյի համար շրջադարձային նշանակություն ունեցավ տանգոն ու բալետային աստղ Խուլիո Բոկայի խմբում ընդգրկվելը:
Արգենտինայում տանգոն սրբություն է, ապրելակերպ է: Նույնիսկ ընդմիջման ժամերին մարդիկ ակումբներ են շտապում` տանգո պարելու: Նրանց համար նշանակություն չունի ոչ պարելու վայրը, ոչ էլ զուգընկերը: Տանգոն երկու անհատների մարմինների խոսակցություն է, համատեղ զբոսանք, որտեղ ոչ մեկը հաջորդ քայլը կռահել չի կարող և չի էլ ցանկանում: Կինը պարում է տղամարդու համար, իսկ տղամարդը` կնոջ: Կարևորը հպումն է, քանի որ տանգոն թարգմանաբար հենց հպում է նշանակում: Իսկ տանգոն այդ հպումից ծնված կայծն է: Այդ կայծը կարող է ոչ մի բան չնշանակել, կամ էլ չափազանց մեծ նշանակություն ունենալ: Տանգոն աշխարհի ամենաինքնաբավ պարն է, որն ունի իր կանոններն ու ավանդույթները: Պարողները փորձում են գոնե մի քանի րոպեների ընթացքում ներդաշնակության հասնել: Կավարտվեն տանգոյի վերջին հնչյունները, և պարողները կհեռանան, քանի որ մեծ իմաստով բոլորն էլ այս կյանքում միայնակ են: Տանգոն միայնակության մասին է, և այդ մասին միայն երկուսով են պարում: Տանգոն ցավի, փշրվող պատրանքների մասին է, այն միշտ իրականության և երազանքի եզրին է: Հասկանում ես, որ սերը, ինչպես և պարը, շուտով ավարտվելու է, բայց քանի դեռ պարում ես` զուգընկերդ քոնն է…
Երեք րոպեանոց պարը երեք րոպեանոց սեր է ծնում, սակայն էրոտիզմը միշտ տանգոյի ենթատեքստում է մնում: Տանգոն ոչ թե էրոտիկ, այլ` զգացմունքային պար է, կամ էլ գիտություն է կրքի մասին: Եվ այդ գիտությունը վաղուց արդեն դասավանդում են Արգենտինայի համալսարանում: Տանգոն մահանում է, երբ փորձում ես զուսպ ու գիտակցաբար կատարել տանգոյի շարժումները: Այսպիսին է տանգոյի վարպետ Գուստավո Դենիելի կարծիքը, ով առանց տանգոյի իր կյանքը չի պատկերացնում:
– Ինչպե՞ս եկաք Հայաստան և ինչպե՞ս կարողացաք հրաժարվել տանգոյից:
– Տանգոն փոխեց իմ ողջ կյանքը: Տանգոն շատ ավելի ազատ և հարուստ պար է, քան յուրաքանչյուր այլ պար: Ես Խուլիո Բոկայի պարային խմբի հետ ողջ աշխարհով շրջագայել եմ: Մենք մեր ներկայացումներում տարբեր պարային տեխնիկաներ էինք օգտագործում: Պարում էինք «Կարմեն», հետո տանգո, հետո որևէ ժամանակակից պար: Շատ հետաքրքիր փորձ էր, որը սակայն մի օր պետք է ավարտվեր: 1995 թվականին ես դուրս եկա այդ խմբից, որովհետև արդեն տարիքով մեծ էի: Սկսեցի բալետի դասեր վարել, հետո՝ հեռուստատեսությամբ հաղորդում էի անում, բայց լավ հասկանում էի, որ արդեն պատանի չեմ և, ինչպես ընդունված է ասել, պետք է ավելի լուրջ գործով զբաղվեմ: Եվ Էդուարդո Էռնեկյանի հրավերով Հայաստան եկա և հիմա որպես մենեջեր եմ աշխատում: Ես ինձ մի քիչ տարօրինակ եմ զգում, քանի որ իսկական բիզնեսմեն եմ դարձել և հեռացել եմ պարից: Երևի դա նորմալ է, բայց անկեղծ ասած՝ մի քիչ ձանձրալի է: Առանց պարի ինձ դատարկված եմ զգում:
– Տանգոն կարծես Արգենտինայի բրենդն է դարձել, ասում ենք` Արգենտինա, և առաջին հերթին մտաբերում ենք տանգոն:
– Այո, բայց ոչ թե Արգենտինայի, այլ` միայն Բուենոս Այրեսի, քանի որ տանգոն հենց այդ քաղաքում է ծնվել: Եվ համարվում է մեկ քաղաքի, մեր մայրաքաղաքի պարը: 19-րդ դարում էմիգրացիայի մեծ ալիք սկսվեց, և տարբեր ազգերի ներկայացուցիչներ Բուենոս Այրեսում հայտնվեցին: Նրանք սկսեցին քաղաքը զարգացնել և նաև պարել: Արգենտինայի այլ քաղաքներում ուրիշ երաժշտություն առաջ եկավ, իսկ տանգոն միայն մայրաքաղաքում էր: Տանգոյի կախարդանքը նրա ստեղծագործ էության մեջ է: Իհարկե, պետք է տանգոյի պարային շարժումները սովորել, սակայն դա չէ գլխավորը: Կարևորն ամեն վայրկյան կատարվող իմպրովիզացիան է: Պետք է իմանաս քո դերն ու ստեղծագործես:
– Հնարավո՞ր է, որ դուք որոշեք ավելի երկար ժամանակ մնալ Հայաստանում ու տանգոյի դպրոց բացել:
– Շատ եմ ուզում, բայց ես լեզվական խնդիրներ ունեմ, նույնիսկ անգլերեն եմ դժվարությամբ խոսում, իսկ դուք, ցավոք, իսպաներեն չգիտեք: Ճիշտն ասած, ես ատում եմ անգլերեն լեզուն, թեև հասկանում եմ, որ սա բիզնեսի լեզու է, և պետք է այն իմանալ: Իսկ տանգոն միայն ցուցադրելով չես սովորեցնի, պետք է հասկանալ նրա փիլիսոփայությունը: Հայաստանում տանգո պարողների հետ ծանոթ չեմ, սակայն գիտեմ, որ այլ երկրներում տանգոն խառնում են լատինաամերիկյան ուրիշ պարերի հետ: Չես կարող հասկանալ` սա տանգո՞ է, չա-չա-չա՞, թե՞ ուրիշ մի պար: Կամ էլ տանգոյի շարժումները մոտեցնում են պարահանդեսային պարերին, օրինակ` վալսին: Մի բան է միայն հաստատ, տանգոն մենակ չեն պարում: Տանգոն էքսպրեսիա է, երկու մարդու երկխոսություն:
– Ինչի՞ մասին է այդ վեճ-երկխոսությունը:
– Սկզբում տանգո միայն տղամարդիկ էին պարում, կանանց մուտքն այդ պար արգելված էր: Իսկ տղամարդկանց տանգոն մենամարտի էր նման: Մի տղամարդը մյուսին մարտահրավեր էր նետում, ոտքերով պարային շարժում էր անում ու սպասում այդ շարժման պատասխանին: Տանգոյի ծնվելու ժամանակ Բուենոս Այրեսում տղամարդիկ քսան անգամ ավելի շատ էին, քան կանայք, և տանգոն դարձավ տղամարդկանց կարողությունների ցուցադրման մի յուրահատուկ ձև: Տղամարդը կարող էր պարտվել տանգոյում և կորցնել իր հեղինակությունը: Իսկ դա կնշանակեր, որ նա կին է կորցնում: Հաճախ պարից հետո տղամարդիկ իրենց դանակներն էին հանում ու իրականում էին մենամարտում: Բացի դրանից, տանգոն շատ էրոտիկ էր, տղամարդիկ շոյում էին իրենց ոտքերը, մարմինը և իրենց զգացմունքները մարմնով էին արտահայտում: Դա մարմնի խաղ էր, որի գլխավոր թեման, անկասկած, սերն էր:
– Ժամանակակից տանգոն էլ է մենամարտի նման, կնոջ և տղամարդու կարճատև ներդաշնակություն է արտահայտում: Կարծես միշտ կա հարց և կա պատասխան:
– Եվ երկուսն էլ տարբեր դերեր ունեն: Տղամարդը միշտ առաջնորդն է, նա է իրավիճակ թելադրողը, իսկ կինը պատասխանում է նրա որոշումներին: Կինը տանգոյում պետք է միշտ պատրաստ լինի արձագանքելու տղամարդու շարժումներին: Եթե տղամարդը փոխում է շարժման բնույթը, կինն անպայման պետք է հետևի նրան: Դրանում է տանգոյի գաղտնիքը: Պետք է զգալ, կռահել և պատասխանել: Տղամարդն իր ձեռքը կնոջ թիկունքին դնելով՝ հուշում է, թե նա ինչ շարժում պետք է անի: Տանգոյի շարժումները սովորելը բարդ գործ չէ: Իմ կատարած շարժումը կարող է մեկ այլ տղամարդ նույնությամբ կրկնել, բայց դա բոլորովին այլ պար կլինի, քանի որ կնոջ արձագանքն այլ է լինելու: Այդ պատճառով տանգո պարողներն աշխատում են հաճախ փոփոխել իրենց զուգընկերներին, որպեսզի տարբեր զգացմունքներ ապրեն: Նույն մարդու հետ պարելը ձանձրալի է: Յուրաքանչյուր մարդ, ով ընդունում է տանգոյի սկզբունքը, կարող է պարել: Նշանակություն չունի ո՛չ տարիքը, ո՛չ կազմվածքը, ո՛չ էլ քաշը: Տանգոն սրտով են պարում: Բոլոր տանգո պարողները պետք է իրենց սեփական սրտին ու էմոցիաներին հետևեն: Եվ երբեք զուգընկերոջ աչքերին չպիտի նայեն, դա արգելված է տանգոյում: Ավանդույթ է: Կինը տղամարդու աչքերին չպիտի նայի, պիտի մարմնով զգա տղամարդու ցանկությունները: Նույնիսկ պարի հրավիրելու ընթացքում խոսել կամ նայել չի կարելի: Դա պետք է լուռ հրավեր լինի: Եվ այն մարդը, ով սկսում է տանգո պարել, պետք է մոռանա շուրջը կատարվածի մասին և միայն պարի ազատ ու բնազդաբար:
– Փորձե՞լ եք հայ պարարվեստի ներկայացուցիչների հետ հանդիպել և տաքարյուն տանգոն Հայաստան բերել:
– Բուենոս Այրեսում հանդիպել եմ Վիլեն Գալստյանի հետ, սակայն կոնկրետ այդ մասին չեմ խոսել: Եթե հրավեր լինի, մեծ հաճույքով կմնամ Հայաստանում: Կարծում եմ` դուք շատ լավ տանգո կպարեք: Տանգոն, իհարկե, ազգություն չունի, բայց դա առաջին հերթին հարավային ժողովուրդների պար է:
– Հետաքրքիր է, որ Արգենտինայի խորհրդանիշն ամենազգացմունքային պարն է համարվում, իսկ Հայաստանի խորհրդանիշը զուսպ, կրքից զուրկ ու ամրություն ենթադրող քոչարին է:
– Քոչարին տղամարդկանց ուժի ու հավասարության մասին է, իսկ տանգոն պայքար է, որտեղ միայն մեկ հաղթող կա: Քոչարիում բոլորը միասին են պայքարում, իսկ տանգոյում` իրար դեմ են դուրս գալիս: Դա է տարբերությունը:
– Սոցիալական բավականին շատ խնդիրներ ունեցող Հայաստանում ապրելով՝ դուք ձեզ հարմարավե՞տ եք զգում:
– Մարդիկ շատ քաղաքավարի են, զուսպ, շփման մեջ միշտ փորձում են հեռավորություն պահպանել: Մեր մենթալիտետն ու մշակույթը տարբեր են: Դուք ավելի պահպանողական եք, մանավանդ` կանայք: Կարծում եմ, ձեր կանայք իրենց ազատ չեն զգում: Արգենտինուհիներն ավելի ազատ, զգացմունքային և ազնիվ են: Բայց իրականում մեր երկրները նման են իրար: Պարզապես Հայաստանում միջին խավը մեծ չէ, կան մի քանի հարուստ ընտանիքներ, բայց ժողովրդի մեծ մասը դժվար է ապրում: Իմ տպավորությունն այնպիսին է, որ հայերն իրենց սոցիալապես պաշտպանված չեն զգում, մանավանդ՝ մեծահասակները: Բայց դա միայն իմ զգացողությունն է: Ցավոք, Արգենտինայի միջին խավն էլ արդեն չի կարող միջին համարվել, շատերը վատ են ապրում: Եթե համեմատեք Ամերիկայի հետ, Արգենտինան էլ է աղքատ երկիր համարվում: Բայց, կարծում եմ, կհամաձայնեք ինձ հետ, որ նույնիսկ, եթե Ամերիկան հարուստ է, նա, միևնույն է, և՛ մեզանից, և՛ ձեզանից աղքատ է: Հայաստանում ես հաճելի զարմացած եմ, որ գրեթե բոլոր հայերը երկու լեզվի են տիրապետում, սկզբում դա ռուսերեն լեզուն էր, հիմա էլ` անգլերենը: Արգենտինացիները համարում են, որ իրենց միայն իսպաներենն էլ է հերիք: Հայերն ամեն ինչի նկատմամբ կառուցողական վերաբերմունք են ցուցաբերում. կարծում եմ, երկիրը մեծ փոփոխությունների արդեն պատրաստ է:
– Շատերը մեզանից Երևանի հետ կատարվող փոփոխություններին՝ պուրակների, կանաչապատ տարածքների վերացմանը ու այս հսկա շինարարությանը լավ չեն վերաբերվում:
– Զարմանալի բաներ եք ասում, քանի որ իմ բոլոր շփումների ընթացքում մարդիկ ասում են, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է: Գուցե ես շատ խորը կոնտակտներ ձեռք բերել դեռ չեմ հասցրել, կամ էլ դուք եք շատ զուսպ խոսում օտարերկրացիների հետ:
– Իսկ Արգենտինայում հայկական սփյուռքի հետ շփվե՞լ եք:
– Այո, դուք փոքր, բայց մեծ իշխանություն ունեցող սփյուռք ունեք: Արգենտինահայերի ձեռքում բավականին մեծ գումարներ են կուտակված, և իրենք շատ կապված են միմյանց հետ, ամեն հարցում աշխատում են աջակցել իրար: Բոլոր հայ երեխաները հայկական դպրոցներ են գնում, գիտեն իրենց պատմությունը, լեզուն: Նրանց կարելի է նույնիսկ նախանձել, այդպիսի կապվածություն ես կցանկանայի նաև արգենտինացիների միջավայրում տեսնել:
– Ձեր կարծիքով, արվեստը կարո՞ղ է փոխել մարդուն:
– Արվեստը միշտ արտահայտում է այն, ինչ կատարվում է իրական կյանքում: Կարող է արտացոլել և՛ սարսափը, և՛ ոգևորությունը: Օրինակ, «Մեռնող կարապի» պարը դիտելով, կարելի է մտածել` ի՞նչ է ուզում այս մոլորված հիմար արքայադուստրը, բայց կարելի է նաև այդ պարի մեջ մեծ ողբերգություն տեսնել: Արվեստը միշտ սիմվոլներ է օգտագործում, իսկ սիմվոլների ետևում թաքնվածը հասկանալն արդեն մարդու շնորհն է: Տեսնելով «Կարմենը», ազատություն ես տեսնում և այդ ազատությանը հասնելու անհնարինությունը: Արվեստը շատ լուրջ և խորն ուղերձ է աշխարհին: Կախարդանքը տեղի է ունենում այն պահին, երբ մարդը հասկանում է այդ ուղերձը: Տանգոն դրա ամենալավ ապացույցն է:
Նունե Հախվերդյան
«3 Միլիոն»