Հայաստանի և Ադրբեջանի միջև հստակ սահմանները պետք է որոշի հատուկ միջպետական հանձնաժողովը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ–ի գիտատեխնիկական բաժնի նախկին ղեկավար Հայկ Ավդալյանը։
Նրա խոսքով` բնակչության լայն շերտերը քիչ են տեղեկացված Սյունիքում կատարվողից։ Պետական մարմինները պետք է մարդկանց (հատկապես սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին) մանրամասն տեղեկություն տրամադրեն։
«Գոյություն ունեն դելիմիտացիա և դեմարկացիա տերմինները։ Որպես հիմք այսօր ընդունել են խորհրդային ժամանակների ռազմական քարտեզները և հիմա դեմարկացիայի նախնական աշխատանքներ են տարվում։ Ապագայում այն պետք է ճշգրտվի, պետք է բանակցությունների հիման վրա երկարատև աշխատանք տարվի», – ասաց Ավդալյանը։
Նա նշեց, որ պետք է շատ հստակ իրականացվի կոորդինատների «խորհրդային» համակարգերի տրանսֆորմացիա ներկա կոորդինատների համակարգի։ Այլապես հարյուրավոր և հազարավոր մետրերի շեղումներ կարող են լինել։ Խորհրդային քարտեզի վրա սահմանային գիծը կա, որն անհրաժեշտ է արդեն անցկացնել տեղանքում։
GPS համակարգը գեոդեզիական սարքերի այսօրվա շուկայում զարգացած տեխնոլոգիա է։ Այն կարող է մինչև մի քանի սանիտիմետր ճշտություն ապահովել։ Կարևոր է, թե ինչ կոորդինատներ են այնտեղ մտցվում։ Այսինքն՝ այն պարզապես նավիգացիոն համակարգ է (կան նաև այլ GLONASS, Galileo համակարգեր)։ ԶԼՄ–ներում հաճախ է խոսվում GPS–կոորդինատների մասին, սակայն նման հասկացություն չկա։
«Մենք GPS–ի օգնությամբ տեղում կարող ենք հստակ պարզել սահմանները, սակայն այլ հարց է, թե արդյո՞ք մեզ բավարարում են խորհրդային քարտեզները», – ասաց Ավդալյանը։
Մասնագետները նաև չգիտեն, թե հայկական կողմից կոնկրետ ո՞վքեր են ներգրավված սահմանների ճշգրտման աշխատանքներում։ Ավդալյանը համոզված է, որ նման մարդիկ կան, այլապես ուղղակի սարսափելի է պատկերացնելը, որ միայն ադրբեջանցիներն են որոշում սահմանագծերը։ Եթե հայ մասնագետներ տեղում չլինեն, չի բացառվում, որ ադրբեջացիները փորձեն խորամանկության դիմել և GPS սարքերում իրենց ձեռնտու տվյալներ մուտքագրել։
Խորհրդային ժամանակներում, և այն ժամանակաշրջանում, երբ Հայաստանը սահմանակից էր Արցախի հետ, սահմանների խնդրին ուշադրություն չէր դարձվում։ Ուստի այդ սահմանները կարող են անցնել տների միջով, կիսել լճերը և այլն։ Բայց ընդհանրապես սահմանները պետք է ինչ–որ կետերով անցնեն, ճշգրտված օբյեկտներով, որպեսզի ոչ ոք չտուժի։
«Դա արվում է բանակցությունների միջոցով։ Հատուկ միջպետական հանձնաժողովում պետք է ներառվեն բոլոր այն մարմինները, որոնք պետք է ապահովեն անվտանգությունն ու մարդկանց կեցության պայմանները։ Դրանք են քարտեզագիրները, գեոդեզիստները, բնապահպանները, պատմաբանները և այլն։ Նրանք պետք է որոշեն, թե կարող է սահմանը կոնկրետ վայրում ոտնահարել մարդկանց իրավունքը», – ասաց Ավդալյանը։
Ըստ նրա` կողմերը պետք է համատեղեն բոլոր նյութերը, փաստաթղթերը, քարտեզները, տիեզերական նկարները։ Այդ ամենը պետք է ուսումնասիրվի, ընտրվի ամենանպատակահարմար տարբերակը։
Սկզբում պետք է դելիմիտացիա իրականացվի, այն պետք է ընդունեն երկու կողմերը` երրորդ չեզոք կողմի միջնորդությամբ (օրինակ՝ ԵԱՀԿ ներկայացուցչի)։ Միայն դրանից հետո կարող է իրականացվել դեմարկացիա։
Ինչ վերաբերում է Google, Yandex և այլ քարտեզներին, ապա դրանք սիրողական քարտեզներ են։ Դրանք որևէ աշխատանքի համար հիմք չեն կարող հանդիսանալ։ Հայաստանում կան սարքավորումներ, մասնագետներ, նրանք կարող են իրականացնել համապատասխան աշխատանքը։ Սակայն բուն գործընթացը բավականին երկար է և բարդ։
«Շտապել չի կարելի, այդ թվում՝ որոշումների ընդունման հարցում։ Անհրաժեշտ է տարբեր տարիների նյութեր հավաքել, մեկտեղել տիեզերական պատկերներով նկարները, մասնագետների հրավիրել, քննարկել հանձնաժողովի շրջանակում և այլն։ Վեճերի և բանակցությունների միջոցով կողմերը ընդհանուր հայտարարի կգան», – նշեց Ավդալյանը։
Սակայն ընդհանուր առմամբ սահմանը պետք է որոշվի բանակցությունների միջոցով և առավելագույնս մոտ լինի բնական պատնեշներին (ջրհավաք ավազաններ, գետեր, հողատարածքներ)։ Վիճահարույց կետերի առաջացման դեպքում հնարավոր է ապագա սահմանների տարբեր հատվածներում տարածքների «փոխանակում» իրականացնել։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։
Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։