Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ ավարտվել է Ալեն Մաթևոսյանի գործի դատական քննությունը: 39-ամյա Ալենը մեղադրվում էր իր ընտանիքի անդամներին խոշտանգելու, ֆիզիկական ու հոգեկան տառապանքներ պատճառելու համար՝ 2 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի դեկտեմբերի 30-ին, ժամը 21-ն անց 45-ի սահմաններում Ալենը իրենց բնակարանում թքել է 97 տարեկան տատիկի վրա, հրել-գցել է գետնին ու ոտքով ուժգին հարվածել է զառամյալ տատիկի ազդրին:
1in.am-ի փոխանցմամբ՝ դատական ակտում արձանագրված է, որ Ալենը ամուսնացած չէ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող բնակարանում նա ապրել է մանկուց հաշմանդամ, վատառողջ հոր, խորթ մոր, քրոջ և 97 տարեկան տատիկի հետ:
Ալենը պարբերաբար դաժան ծեծի է ենթարկել և խոշտանգել տատին ու հորը, վախի մթնոլորտ հաստատել բնակարանում:
2016 թվականի ապրիլի 16-ին Ալենը դուրս է եկել տանից, երկու օր տուն չի վերադարձել:
Ապրիլի լույս18-ի գիշերը՝ ժամը 4-ն անց 10-ի սահմաններում, Ալենը ալկոհոլ օգտագործած վիճակում գնացել է տուն:
Ընտանիքի անդամները քնած էին, արթնացել են Ալենի գոռգոռոցներից ու հայհոյանքներից: Սակայն իմանալով, որ Ալենը կարող է անկանխատեսելի վարք դրսևորել, դաժան վերաբերմունք ցուցաբերել իրենց նկատմամբ, ընտանիքի անդամները վախեցել են ձայն հանել: Ալենի հայրը որդուց գաղտնի զանգել է ոստիկանություն և օգնություն է խնդրել:
Այնուամենայնիվ, մինչև ոստիկանների վրա հասնելը երբ Ալենը սկսել է ավելի ու ավելի ագրեսիվ վարք դրսևորել, հարևանների գիշերային անդորրը չխանգարելու նպատակով Ալենի հայրը խնդրել է որդուն, որ դադարեցնի գոռգոռոցն ու հայհոյանքները:
Հոր դիտողությունից Ալենն ավելի է վրդովվել: Նա, գտնվելով խոհանոցում, բռունցքով հարվածել է մանկուց հաշմանդամ, հիվանդության ու տարիքի բերումով անօգնական վիճակում գտնվող հոր գլխին, նրան տարել է հյուրասենյակ, թքել է նրա վրա ու բռունցքով ևս չորս հարված է հասցրել նրա գլխին՝ պատճառելով ֆիզիկական ցավ ու հոգեկան տառապանք:
Ընդհանուր իրավասության դատարանում Ալեն Մաթևոսյանն իրեն մեղավոր է ճանաչել երկու դրվագով էլ: Նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:
Ալեն Մաթևոսյանը 2002 թվականին 1 անգամ միայն դիմել էր հոգեթերապիայի կաբինետ՝ կոնսուլտացիայի համար: Նրա մոտ ախտորոշվել էր հոգեկան առողջության որոշակի խնդիր, խորհուրդ էր տրվել, որ դիմի հոգեբուժական դիսպանսեր, ինչը Ալեն Մաթևոսյանը չի արել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: