Կարո՞ղ է արդյոք նստակյաց աշխատանքը նպաստել թութքի զարգացմանը
Advertisement 1000 x 90

Կարո՞ղ է արդյոք նստակյաց աշխատանքը նպաստել թութքի զարգացմանը

Թութքը հիվանդություն է, որի դեպքում հետանցքի եւ ուղիղ աղիքի ներքեւի հատվածում գտնվող երակները այտուցվում եւ բորբոքվում են: Այս հիվանդությունն այսօր շատ տարածված է. որոշ տվյալների համաձայն, դրա հետ բախվում է աշխարհի բնակչության 14-ից 39 տոկոսը:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում պրոկտոլոգ Դավիթ Խալաթյանը պատմել է, որ այսօր թութքի զարգացման հիմնական ռիսկի գործոնը է աղիների անկանոն աշխատանքն է համարվում՝ լինի դա փորկապության, թե լուծի պատճառով:

Մասնագետի խոսքով՝ հնարավոր է, որ նստակյաց ապրելակերպն ու նստակյաց աշխատանքը նույնպես նպաստեն այս հիվանդության զարգացմանը, սակայն այս թեմայի վերաբերյալ հավաստի հետազոտություններ չկան: Այնուամենայնիվ, կարելի է նշել, որ վարորդները, ամենայն հավանականությամբ, ունենում են թութք, հատկապես եթե նրանք երկար ժամանակ ղեկի առջեւ են, ինչպես նաեւ` գրասենյակային աշխատողները: Նման մարդիկ իրենց խնդիրը կապում են կենսակերպի եւ սակավաշարժության հետ, բայց հնարավոր է, որ խնդիրը ոչ թե նստակյաց աշխատանքի, այլ աղիների անկանոն աշխատանքի մեջ է` ֆիզիկական ակտիվության պակասի եւ սխալ սննդակարգի պատճառով:

Մասնագետը նշել է, որ սխալ սննդակարգը, որը քրոնիկ փորկապության եւ մարսողական համակարգի այլ խնդիրների է հանգեցնում, իսկապես կարող է մեծացնել թութքի զարգացման ռիսկը: Եվ այդ խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում ավելի քիչ ֆաստ ֆուդ եւ ավելի շատ մրգեր, բանջարեղեն եւ մանրաթելերով հարուստ այլ սնունդ ուտել:

Թութքի կանխարգելման համար մասնագետը խորհուրդ է տալիս փորձել առողջ ապրելակերպ վարել, հնարավորության դեպքում նորմալ սնվել, հետեւել աղիների բնականոն աշխատանքին եւ չանտեսել արյան անոթների հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ` հիպերտոնիան:

Ավելին, խորհուրդ չի տրվում զբաղբել ինքնաբուժությամբ. ո՛չ թութքի առկայության կասկածի եւ ո՛չ էլ այլ հիվանդությունների դեպքում, քանի որ հիվանդը կարող է սխալվել ինքնաախտորոշման դեպքում եւ շատ ժամանակ եւ գումար ծախսել մի բանի բուժման վրա, որը նա իրականում կարող է եւ չունենալ: Օրինակ` հիվանդը կարող է ուռուցքաբանական հիվանդությունը սխալմամբ թութք համարել. ինքնուրույն տարբեր մոմիկներ եւ քսուքներ օգտագործելով` նա կկորցնի թանկարժեք ժամանակը, իսկ այդ ընթացքում ուռուցքաբանական հիվանդությունը կզարգանա:

Մասնագետը նշեց, որքան շուտ հայտնաբերվի որեւէ առկա խնդիր, այնքան ավելի հեշտ կլինի բուժել այն եւ այդքան ավելի հազվադեպ դրանք բարդությունների կհանգեցնեն:

news.am