հանդիպում կոմպոզիտոր Արման Ղուշչյանի հետ
Մեզանում ընդունված է սիրել հեռավոր երկրներից մայր հող կարճատև այցելող մեր հայրենակիցներին, մանավանդ եթե նրանք երիտասարդ են և տաղանդաշատ: Նրանց տրամադրվում է ելույթ ունենալու հնարավորություն, ողջունվում է ամեն տեսակի փորձի փոխանակում… Եվ դա, իհարկե, կարևոր և միանգամայն ողջունելի ավանդույթ է: Այդ առումով մեծ է Նարեկացի արվեստի միության դերը, որը արդեն տասը տարուց ավելի հանգրվանում է նման միջոցառումների: Սակայն վերջիններս երբեմն ոչ միայն առիթ են դառնում մեր գործընկերների հաջողություններով հպարտանալու, նրանցից սովորելու, այլև բացահայտում են մեր հասարակության խորքային խնդիրները, որոնք առնվազն ուշադրություն են պահանջում:
Ս. թ. ապրիլի 15-ին ՆԱՄ-ում կայացավ «Հանդիպում կոմպոզիտորի հետ» շարքի հերթական թողարկումը: Բեմահարթակում էր մոսկվայաբնակ մեր հայրենակից Արման Ղուշչյանը (ծնվ. 1981): Հանդիպումից մեկ օր առաջ Ղուշչյանը նույն սրահում հանդես եկավ վարպետության հետաքրքիր դասով, որին մասնակցեցին մեր կոնսերվատորիայի ուսանողները: Եվ ահա` երկար սպասված հանդիպում, երաժշտության ունկնդրում: Հանդիսատեսների թվում էր նաև երկարատև շրջագայությունից նոր ժամանած կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Հնչեցին Ղուշչյանի ստեղծագործությունները, հեղինակը մանրամասն խոսեց արդի երաժշտության` անձամբ իրեն հուզող խնդիրներից, բացահայտեց հնչած ստեղծագործությունների ձևակառուցողական և գեղագիտական մանրամասները:
Կոմպոզիտորի խոսքը, թեկուզ ռուսերենով, պարզ և բովանդակալից էր: Ակնհայտ էր երաժշտության մասին խոսելու նրա պատրաստակամությունը, և ոչ վերջին հերթին նաև` պատրաստվածությունը, արդի երաշտության միտումներին քաջատեղյակ լինելը: Եվ դա պատահական չէ, քանի որ նա կրթություն է ստացել Մոսկվայի, Բազելի և Դրեզդենի անվանի կոնսերվատորիաներում, որտեղ նրա ուսուցիչների թվում էին Ռոման Լեդենյովը, Ռոլանդ Մոզերը և հանրահայտ կոմպոզիտորր Մարկ Անդրեն:
Այդ երեկո ձայնագրությամբ հնչեց երեք ստեղծագործություն` սիմֆոնիկ նվագախմբի համար գրված “Peri-Ge”-ն, կամերային “Stanza”-ն և դեռևս վաղ ուսանողական տարիներին գրված «Մոտետը» (թե ինչու կոմպոզիտորի հասուն ստեղծագործությունների կողքին հնչեց շատ առումներով դեռևս «խակ» մի երկ` խոսքը առջևում է): Ղուշչյանի այսօրվա մտածողությունը համահունչ է ժամանակակից արևմտաեվրոպական երաժշտության միտումներին` մասնավորապես այն ուղղությանը, որը սկիզբ է առնում ավանգարդի «լուրջ», ոչ էքսպերիմենտալ ճյուղից. նա հավասարապես տիրապետում է թե՛ նվագախմբային գրելաձևին և թե՛ կամերային երաժշտության հյուսվածքներին:
“Peri-Ge”[1]-ի ոսկեծոր, «դանդաղ» նվագախումբը, թվում է, ճկուն հավասարակշռության մեջ է պահում ճապոնական գագակու երաժշտության սրտաճմլիկ թախիծն ու երկարաձիգ ձայնառություն-պեդալները և եվրոպական երաժշտության ձևակառուցողական տրամաբանությունը` իր ճշգրիտ հաշվարկված կուլմինացիաներով, համասեռ նյութի խնայողական օգտագործմամբ: Միևնույն ժամանակ, ֆլեյտայի, ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար գրված “Stanza”-ն, որի վերնագիրը հեղինակը մեկնաբանում է թե՛ որպես հնչողական տարածություն (իտալերենից այդ բառը թարգմանվում է որպես «սենյակ», «կացարան», «կանգառ»), և թե՛ որպես բանաստեղծական տուն` կառուցված լինելով Բեթհովենի 27-րդ դաշնամուրային սոնատից մեջբերման շուրջ, երաժշտական լեզվի առումով փոքր-ինչ ավելի «չոր» է, և նյութի արհեստավարժ զարգացմամբ հղվում է մերթ Հելմուտ Լախենմանի «գործիքային կոնկրետ երաժշտությանը», մերթ Վլադիմիր Տարնոպոլսկու երկերի որոշ առանձնահատկություններին: Ամեն դեպքում, երկու ստեղծագործություններն էլ մեծագույն բավականություն պատճառեցին ունկնդրիս` իրենց պրոֆեսիոնալիզմով, ասելիքի առատությամբ, և նախևառաջ` երաժշտական ձևի և բովանդակության համապատասխանությամբ, երբ երաժշտական նոր լեզվով ստեղծագործող կոմպոզիտորը յուրովի է կառուցում նաև ստեղծագործության ձևը` առանց հղվելու տվյալ համատեքստում անհարիր դասական օրինակներին:
Սակայն նոր, հետաքրքիր երկերի հետ հաղորդակցման ուրախությանը անընդհատ խոչընդոտում էր հանդիսատեսի զարմանալիորեն անհամապատասխան արձագանքը, որին, կարծում եմ, կարիք կա մանրամասն անդրադառնալու: Սկսենք այն բանից, որ, թեպետ արտասահմանում ստեղծագործող գործընկերների հետ նման հանդիպումները դեռևս սակավաթիվ են, իսկ միջոցառման ազդագիրը մոտ մեկ շաբաթ կախված էր կոնսերվատորիայում և հայտարարված էր սոցիալական կայքերում, հայ կոմպոզիտորները հիմնականում անտեսեցին այն:
Կոնսերվատորիայի ստեղծագործական ամբիոնի դասախոսական կազմը ներկայացնում էր միայն տողերիս հեղինակը, իսկ կոնսերվատորիայից դուրս ստեղծագործողներից ներկա էին միայն Տ.Մանսուրյանը և 1-2 երիտասարդ կոմպոզիտոր: Ուսանող-կոմպոզիտորներից էլ եկան միայն առավել հետաքրքրասերները: Ստեղծվում էր այնպիսի տպավորություն, որ գործընկերոջ աշխատանքը գրեթե ոչ մեկին չի հուզում` իբր, լավ է արել, գրել է, հետո՞ ինչ: Հատկանշական է, որ ներկայումս ապրող հայ ամենափորձառու հեղինակին` Մանսուրյանին, հետաքրքրեց, թե ինչ է անում Ղուշչյանը, և նա, չնայած իր 76-ամյա տարիքին, երկար ճամփորդությունից անմիջապես հետո հարգանքի տուրք տվեց երիտասարդ կոմպոզիտորին` այցելելով նրա ելույթը: Ինչևէ, դահլիճում մասնագետի կարծիք հայտնողների պակասն անմիջապես զգացվեց, երբ սկսվեցին մտքերի փոխանակումներն ու մեկնաբանությունները:
Արթուր Ավանեսով
Ամբողջությամբ՝ cultural.am