Զովացուցիչ աղանդերային սննդամթերք հանդիսացող պաղապաղակն ամենապահանջվածն է ամառային սեզոնին:
Պաղպաղակի շատ տեսակներ պարունակում են սննդի համար անհրաժեշտ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, հանքային աղեր և վիտամիններ։ Հիմնական հումքը կաթնամթերքն է (կաթ, սերուցք, կարագ և այլն), շաքարը, պտուղները կամ հատապտուղները (թարմ կամ սառեցրած), մուրաբաները, շոկոլադը, ընկույզը, նուշը, մրգակճեպը, ձուն, կայունարարները, բուրումնավետ նյութերը և այլն:
«Պաղպաղակը խորը սառեցման է ենթարկվում, և եթե պահպանման պայմանները պահեն՝ նրա ժամկետը չի սահմանափակվում: Այսինքն, պահեն պաղպաղակի պահպանման համար նախատեսված սառցախցիկներում: Սակայն հիմա՝ հատկապես փոքր խանութներում, ափսոսում են էլեկտրաէներգիան, գիշերն անջատում են, առավոտը՝ միացնում, իսկ դա արդեն թունավորման պրոցես է ենթադրում, քանի որ գիշերը հալվում է: Պաղպաղակի համար առաջին պայմանը պահպանման ռեժիմն է: Կարևոր է, որ սառցախցիկում, բացի պաղպաղակից, այլ ապրանք չդրվի, օրինակ՝ կոտլետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիտորինգի և մարքետինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանը:
Նրա խոսքով՝ պաղպաղակ կարելի է պատրաստել և՛ անարատ կաթից, և՛ կաթի փոշուց։ Օգտագործվում են նաև բուսական յուղեր, և քանի որ պաղպաղակը խորը սառեցման է ենթարկվում, վտանգ չկա:
«Պարզապես մակնշում պետք է լինի ու մանրամասն գրված, թե ինչ են օգտագործել: Սակայն չեն գրում, դա է խնդիրը: Պետք է ուշադրություն դարձնեն նաև լցնովի պաղպաղակների պատրաստմանը: Երբ վաճառողը տեղում դույլի մեջ սարքում է ու մի տեսակ հեղուկի զանգվածի նման մի բան է լցնում սարքի մեջ, դա կոպիտ խախտում է: Իր ճաշակով ինչքա՞ն կաթ, շաքար է խառնում: Դա սխալ է: Հումքը նա պետք է ստանա պաղպաղակի գործարաններից՝ սերտիֆիկատով, ու տեղում չպետք է պատրաստի»,- նշեց Ռուբեն Հայթյանը՝ կարևորելով խիստ հսկողությունը:
Նա սխալ է համարում նաև փողոցում հաճախ քաղցր բամբակի վաճառքը:
«Փոշու մեջ սարքում են, ծնողներն էլ վերցնում, տալիս են երեխաների ձեռքը: Մեկը չի ասում՝ արի, գնանք խանութից նորմալ «Իրիս» առնեմ»,- եզրափակեց Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիտորինգի և մարքետինգային հետազոտությունների բաժնի պետը:
Հավելենք, որ պաղպաղակի պատմությունը սկսվել է ավելի քան չորս հազար տարի առաջ։ Հին Չինաստանում պաղպաղակ հիշեցնող աղանդերի մի տեսակ է եղել, իսկ իրականում այն մրգի կտորներով ձյուն է եղել, որը շատ են սիրել չինացիները։ Իսկ, օրինակ, հին հույները հաճույքով համտեսել են սառեցված կաթնամթերքը։ Արշավների ժամանակ Ալեքսանդր Մակեդոնացին իր զինվորներին մեղրից, սառույցից ու մրգերից պատրաստված աղանդեր է հյուրասիրել։ Սկզբում պաղպաղակը վաճառվել է ափսեներով և միայն քաշով: Իսկ արդեն 19-րդ դարի վերջին պաղպաղակը սկսեցին վաճառել նաև թղթով:
1921 թվականին հայազգի Հարրի Թաթոյանը հայտնագործել է պաղպաղակի կոն պատրաստելու մեքենան: Որակյալ պաղպաղակը պետք է ունենա հաճելի համ, ուտելիս պետք է զգացվի կաթի և կարագի առկայությունը։ Նրա մեջ չպետք է լինեն սառույցի կտորներ, և այն պետք է հալվի շատ դանդաղ:
Անի Կարապետյան