Պատերազմի օրերին ռազմաճակատ մեկնեցին նաև ՏՏ ոլորտի ներկայացուցիչները։ Նրանցից մեկը ինժեներ, ՏՏ հեղինակավոր ընկերություններից մեկի համակարգչային ծրագրերի մշակող 30-ամյա Արման Գրիգորյանն էր։ Պատերազմի առաջին իսկ օրը կազմակերպությունն իր աշխատակիցների հետ տեսակոնֆերանս անցկացրեց (կիրակի էր` սեպտեմբերի 27-ը)` ընդգծելով, որ ռազմաճակատ մեկնելու դեպքում նրանք կպահպանեն իրենց տեղն ու աշխատավարձը։
Գրիգորյանը ծանուցագիր ստացավ հենց հաջորդ օրը։ Սեպտեմբերի 29-ին նա այլ պահեստազորայինների հետ արդեն Ջրականի (Ջաբրայիլ) ճանապարհին էր։ Մինչև հոկտեմբերի 13-ը կռվում էին Արցախի հարավում։ Հետո նահանջեցին մինչև Սանասար (Կուբալթու)։ Հոկտեմբերի վերջին հակառակորդին հաջողվեց ճեղքել ճակատը, զինվորները նահանջեցին մինչև Սյունիքի մարզ։ Նրանց 3 օր արձակուրդ տվեցին, և նրանք մեկնեցին Երևան։
Մայրաքաղաք վերադառնալուց հետո Արմանը գործընկերներից իմացավ, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում ռազմական ծրագրավորողների կուրս են բացել։
«ՏՏ ոլորտի մասնագետները պետք է սովորեին հայկական անօդաչուներ կառավարել, – պատմում է Արմանը։ – Ծրագրին մասնակցելու հայտ ներկայացրի, երկու փուլ անցա, սպասում էի երրորդին` դրոնների հետ պրակտիկային, որն անցկացվում էր մայրաքաղաքից հեռու։ Մինչ սպասում էի պատասխանին, վրա հասավ նոյեմբերի 10-ը, պատերազմն ավարտվեց, և ծրագիրը կասեցվեց։ Այդ օրվանից հետո նախարարությունից որևէ մեկն ինձ հետ կապ չի հաստատել», – ասում է Արմանը։
Նրա գործընկեր Մհերն էլ, որը ծրագրավորողների առաջին հոսքում է եղել և մասնակցել է անօդաչուների գործնական պարապմունքներին, պատմում է, որ ռազմական ծրագրավորողի կողմից կիրառվող տեխնոլոգիաները տարբերվում են նրանցից, որոնց սովոր են ՏՏ ոլորտի գրասենյակային մասնագետները։ Անօդաչուները նոր էին, շատ բաների մասին էլ խոսելն արգելված է։
«Մեր գործն ավելի շատ ոչ թե ծրագրավորողի աշխատանքի էր նման, այլ հետախույզի»,– ասում է նա։
«Պետք է հասնել նրան, որ հայկական ռազմական տեխնիկան փոխարինի արտասահմանյանին։ Ի պատիվ այդ կազմակերպությունների պետք է ասել, որ իրենք անձամբ են սերիական արտադրություն կարգավորել իրենց մոտ և փորձարարական ստենդներ տեղադրել։ Ամենակարևորը պաշտպանության համար անհրաժեշտ բնութագրերի համապատասխանությունն է։ Այդ դեպքում մենք մի քանի տարվա պատվերներ կտանք», – նշել էր նախարարը։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am