Հենց սկզբից ասեմ, որ Շերիֆը Վահանենց աքլորն է, Վահանն էլ Ալեքսի պապիկը: Իսկ թե ինչպես Շերիֆը փոքրիկ խորոզից դարձավ մեծ կարմրակտուց աքաղաղ ու ավելին՝ Ալեքսի իսկական ընկերը՝ կիմանաք քիչ անց:
Ծնողներն անունը Ալեքսանդր՝ պապիկի պատվին դրեցին, հնչեղ է, բայց դե, այնքան էլ համահունչ չէ նորակառույցի տասնվեց հարկը վզզալով իջնող և բարձրացող վերելակի արագությանն ու ինտերնետով պիցցա պատվիրելու ժամանակներին, ուստի բոլորը ծնված օրվանից ուղղակի Ալեքս կանչեցին նրան: Ամբողջական անվան մոգականությունն ամեն դեպքում չկորավ, Ալեքսը ծնված օրից իր հետաքրքրություններով տարբերվեց հասակակիցներից: Ալեքսի մայրն ու հայրը ծրագրավորողներ էին ու ամբողջ օրը անց էին կացնում իրենց էկրանային աշխարհներում, Ալեքսը բարձրահարկի պանելե պատերից ներս՝ մեծ աշխարհն էր բացահայտում՝ աստիճանաբար, յուրովի: Հրճվում էր, երբ սենյակ պատահաբար որևէ թռչող միջատ կամ թրթուր էր մտնում: Անշարժ դիրքում քարանում էր, հետո անշշուկ քայլ դնում, զննում միջատին մոտիկից, ու միայն դրանից հետո ձողիկի օգնությամբ դնում էր պատուհանագոգին, որ մոլորված պստլոն հետ գնա իր աշխարհը: Մեկ ուրիշ անգամ ծափ էր զարկում, եթե անկոչ հյուրը թևիկներ ուներ ու ձեռքերի շարժումներից առաջացող քամու ուղղությունը հուշում էր բզեզին՝ տունդարձի ճամփան: Երկու տարեկան չկար դեռ, զբոսանքի ժամանակ մոր ձեռքը ձգում էր, տանում ճամփեզրի թխկու մոտ, երկար նայում ծառի կեղևին, կամ մի տերև էր վերցնում ու արևի տակ տերևի միջով անցնող ջղերը ցույց տալ մորը: Մայրը ժպտում էր, շոյում Ալեքսի գլուխն ու շարունակում քայլել իր հոլոգրաֆիկ իրականության մատրիցայում:
-Էս երեխեն հաստա՞տ ձերն է, — մեկ-մեկ կատակում էր Վահանըՙ աղջկա ու փեսայի աչքերն արագ թարթում էին մի քանի վայրկյան, հետո Ալեքսին հրահանգում էին՝ պապիկին տատիկին կլսես, ու մի տեսակ թեթևացած մեծ բեռ ուսերից ցած դնողի պես, միասին շրջվում էին ու կորում՝ ամենքն իր համակագչի մեջ: Վահանը հերթական անգամ համոզվում էր. դարի մարդկանց աչքերը աղյուսակներ են ՝ այս դեպքում թվային:
Ալեքսը մանկապարտեզ չգնաց, տանը սակայն, պարապ չէր մնում, բակի խխունջներին էր կերակրում պարտաճանաչ, նկարում էր կամ գունավոր թղթերով խճանկար հավաքում: Աշնանը հավաքած սերմերը հատ-հատ տեղադրում էր բամբակեպատ ամանում, ջրում էր խաղալիք ջրցուղով, էլի ինչ որ բաներ էր բստրում ու մեկ էլ ծիլ տված սերմերը ամանով բերում էր պապիկի այգում՝ հողի մեջ տեղափոխելու:
-Միչուրինն է թոռդ, — ուրախանում էր կինը՝ Աշխենը, պապն էլ իր կողմից սիրուն ու հետաքրքիր զրույցներ էր պատմում թոռանը՝ իրենց համատեղ բնագիտական բացահայտումներին զուգահեռ:
Վահանենց տունը Երևանում է, Սարալանջի երրորդ թե չորրորդ փողոցում, ու այդ փողոցում մի կողմից մեքենաներն են ազդանշանով անցնում, մյուս կողմից կողք-կողքի բացվում են հարևանների պտղատու այգիները: Գյուղ չի, բայց էստեղ էլ յուրաքանչյուրն իր փոքր հողակտորում հրաշագործ է: Մի քանի փողոց այն կողմ բարձր ոտքերով աթոռի համար ավելի բարձր գոռալու մրցույթ է, այստեղ հարևաններն իրար զարմացնում են միայն ծաղկի նոր տեսակ աճեցնելով, կամ ծառից ավելի հյութեղ մրգային բերքահավաքով: Մի անգամ Դուբայից հատուկ կոկոսի տնկի բերեց Վահանի մանկության ընկերը, բայց դե բերք չտվեց. կամ խոնավությունն էր պակաս, կամ ծովի մտերմությունը, իր համար դեռ բոյին է տալիս միայն: Դրա փոխարեն լիմոն ինչքան ասես կա Վահանի բակում: Մեծ ու փոքր ամաններում աճող լիմոնի ու նարնջի թփերի պտղատվության գիտակը Վահանն է, նրա անբաժան օգնականը՝ Ալեքսը:
Շենքում ապրողները մի կում մաքուր օդի հետևից վազում են քաղաքից դուրս, ամառանոցներ, կամ գյուղեր, Ալեքսին ծնողները բերում են այս փոքրիկ այգին, որ քաղաքում է, բայց նաև հեռու քաղաքի փոշուց: Ալեքսի բոլոր շաբաթ-կիրակիներն անցնում են այստեղ:
-Ի՜նչ պակաս ապարանք է. մի կողմը սիրուն տաշած քարերով պարիսպ ունի, մյուս կողմից մոշի թփեր են բարձրանում:
Ալեքսը մոշի փշերին լավ ծանոթ է. ծակծկում են մատները խաղի ընթացքում, երբ թաքնվում է թփերի հետևում, բայց ինքը չի լացում: Ձեռքերն արագ-արագ տրորում է, ու քիչ անց աչքերը կրկին ուրախ փայլում են: Պապիկն է հուշել՝ անմեղ բույսի վրա չեն չարանա, ծակոց է եղածը, հաջորդ պահին կանցնի, իսկ աշնանը մոշը բռերով է ուտում:
-Տատիդ էս թսխկաններին տեռորի է ենթարկում ամեն գալուցդ առաջ, — ծառը մլակների դեմ սրսկելուն զուգահեռ ասում էր Վահանը, — սկզբում խաթրով համոզում է, հետները խոսում, հետո պայման է կապում, չոր հաց ու գարի խոստանում, վերջը չի դիմանում, մի երկու «քաղցր» բառ է շրխկացնում, հետո էլ դուռը շրխկացնում վրեքներն ու մտնում տուն: Հրե՜ն, ձեն են տալիս, կչկչում, տատիդ պատվերը կատարել են:
Ալեքսը վազում էր ու վերցնում հավի տակից թարմ ածած ձուն, եթե Շերիֆը մոտակայքում չէր:
Շերիֆն Ալեքսի ընկերն է, երկու տարի առաջ, ծնունդին նվեր ստացավ: Քեռու հետ ծննդյան օրը հարևան Աշոտենց տուն գնացին՝ նոր գնված հեծանվի ակը փչելու: Աշոտը շնորհավորեց, ուսին թփթփացրեց.
-Պահ -պահ, երբ էսքան մեծացար, արդեն երկու ակնանի հեծանիվ պիտի քշես, մի քանի տարուց մեքենայի հերթը մոտենում է:
Որ իմացավ Ալեքսի ծնունդն է՝ ասաց.
— Նոր ծնված ճտերից մեկին ընտրի, քո ղսմաթն է, Ալեքսն էլ ընտրեց ճապոնական ցեղատեսակի մի խորոզ ու բերեց իրենց հավաբուն:
Տատը սկզբում մի քիչ փնթփնթաց, բայց հետո հատուկ ընտիր գարի բերեց, ծղոտով զամբյուղ դրեց ու նոր բնակչին առանձին տեղավորեց, մինչև մեծանա, հավերին ոտնատակ չգնա:
Իրիկունը երբ իշոտնուկին նստած էին պապի հետ, Ալեքսը սկսեց անուն մտածել իր նոր ընկրոջ համար.
— Ի՞նչ անուն դնենք պապ: Շուն լիներ Չալո, կամ Ջիջի կդնեինք անունը: Աքլորին ի՞նչ անուն են դնում:
— Տղես, աքլորը շնից ինչո՞վ է պակաս, ինչ անուն ուզում ես դիր՝ վաղը մյուս օր օտարի չի թողնելու մեր բակը մտնեն: Հենց էս ծուռվիզ ճուտը մի քիչ թփռոշանա, ոտքերը ուժով խփելու է հողին ու իրեն բակի միանձնյա թագավոր հռչակի: Հլը ո՜ւր ես: Աքլորն անհաղթ, իր տիրույթները պաշտպանող թռչնատեսակ է:
Անհաղթ բառի վրա Ալեքսը հիշեց կոմիքսներից մեկի անհաղթ շերիֆին.
— Շերի՞ֆ:
— Թող լինի Շերիֆ:
Պապը փակեց դարպասը, համոզվեց, որ հավաբունն էլ փակ է, ու կատու չի մտնի: Հավերը արդեն քնել էին, Շերիֆը դեռ աչքերը բաց կտուցն էր շարժում, երևի նոր բնակարանի անսովորությունից քունը չէր տանում:
— Բարի գալուստ մեր բակ, Շերի´ֆ, առավոտյան կհանդիպենք:
Ալեքսը պապիկի հետ բարձրացավ տուն ու քնեց:
Երազում Շերիֆը մեծացել, մեծ աքլոր էր դառել: Ինքը հեծանիվ էր քշում, Շերիֆը հետևից
վազում էր, իսկ կատարը կարմրին էր տալիս: Ու քանի որ երազում ամեն բան ավելի գունեղ է, ու երեխաները աքաղաքների լեզուն են հասկանում նաև, Ալեքսը հասկացավ ամենն, ինչ ասում էր Շերիֆը իր ծուղրուղու-ով: Նախ, զգուշացրեց, որ դիմացի բակի կատուները արշավանք են նախապատրաստում ցախանոցի վրա ու պիտի այս քանի օրը հատկապես ուշադիր լինել: Բակ երկու անծանոթ մտան՝ ձեռքներին տարօրինակ՝ ռադիոալիքներ որսացող սարքեր. Ալեքսը հիշեց այդ սարքերով կարողանում ես գտնել մոտակայքում եղած բոլոր համակարգիչներն ու դրանց «ուղեղը» մտնելով՝ առևանգել միջի ինֆորմացիան: Մայրն ու հայրը վերջին ամիսներին համակարգչային նոր խաղի մոդել էին մշակում… (Ալեքսն անհանգիստ շուռումուռ եկավ անկողնում): Պատուհանից այն կողմ երկու ստվեր ՝ուրվականի պես, մոտենում էին: Ալեքսը ձեռքի մատները շարժեց հեռացրեց իրարից այնպես, ինչպես անում են համակարգչի էկրանին զումի համար, պատկերը մեծացավ, մոտեցավ: Չէր սխալվել. տեսավ մայրիկի համակարգչի էկրանի պատուհանիկների արագ-արագ թարթումները: Այդ պահին Շերիֆը հայտնվեց, բարձր ծղրտաց (հաչոցի նման էր) ու սկսեց կտցահարել ու քաշքշել օտարականների շալվարների փողքերը, հետո թռավ մեջքներին, չանչերով մազերից կախվեց ու սկսեց կծոտել ուր պատահի, այնպես, որ անծանոթները, հետ-հետ գնացին, ցավից ախուվախ արեցին, մի կերպ ազատվեցին աքաղաղի ճանկերից ու քոռ-փոշման փախան: Իսկ Շերիֆը երրորդ անգամ էլ ծուղրուծու կանչեց. արդեն՝ հնչեղ ու ամուր առյուծի մռնչողի պես, պոչը թափահարեց, ուռեցրեց, փոշու ամպ հանեց նրանց ետևից ու ոտքերն էլ մաքրելու պես ուժեղ քստացրեց, հետո կատարը ցից՝ գնաց:
Առավոտ շուտ, աչքերը բացելուն պես՝ Ալեքսն իջավ բակ, ստուգեց հավաբունը:
Շերիֆը չէր հաչում, ոչ էլ ծուղրուղու էր կանչում, ծղոտի մեջ հարմարվել քնել էր, երևի գիշերվա չառած քունը հիմա էր եկել: Տատիկից մի քիչ հատիկ ուզեց ու ամանով դրեց Շերիֆի զամբյուղի մեջ: Խորոզը մեկ-երկու կտցեց, թևիկները թափ տվեց, վիզը ձգեց ու փորձեց կանչել, դեռ փոքրիկ էր ու կողքի ընկավ, իրեն թափ տվեց մեկ էլ կանգնեց, երրորդ փորձից դուրս թռավ զամբյուղից ու որպես սկիզբ ուղղակի ամուր կանգնեց ոտքերի վրա:
Երկու տարի անց ճիշտ նույն օրը տատին որոշելու է մատաղ անել Շերիֆին: Ալեքսը օրեր առաջ մթնշաղին հեծանիվ քշելիս վթարի էր ենթարկվել ու հրաշքով փրկվել: Տատը խաղաղվեց այնժամ միայն, երբ բժիշկները միաձայն համոզեցին, որ Ալեքսի կյանքին վտանգ չի սպառնում, կոտրված արմունկը կլավանա, ոտքի քերծվածքներն էլ շատ խորը չեն, մի քանի օր մշակելուց հետո կամաց-կամաց ետ կքաշվեն: Տատը որոշեց, որ մինչև լիարժեք կազդուրվելը Ալեքսը իրանց տանը կմնա.
— Ձեր տանը դիմացի շենքի պանելներից ու համակագչի ստեղնաշարի կտկտոցից ավելի շուտ՝ մաքուր օդին կառողջանա, – ասաց այնպիսի տոնով, որ Ալեքսի մայրն ու հայրը ուղղակի ստպված էին համաձայնել:
— Մատաղ անեմ երեխուս համար, — որոշեց երեկոյան տատը:
Հաջորդ առավոտյան դանակն առավ, իջավ հավաբուն ու… չգտավ Շերիֆին, որովհետև Ալեքսը պատահաբար լսել էր տատի-պապի խոսակցությունը: Առաջին անգամ կյանքում սիրտը կծկվել էր ուժեղ, իր համար ընկերոջը մորթե՞ն, հետո արագ որոշում էր կայացրել: Կամացուկ, երբ բոլորը քնել էին, զամբյուղով աքլորին տարել ու թաքցրել էր մառանում: Զամբյուղը ծանր լաթով փակել էր, որ Շերիֆը ծուղրուուղու չկանչի ու չմատնի իր տեղը:
-Հը, «ծովահեն», դո՞ւ ես առևանգել ընկերոջդ, — սենյակ մտավ, Ալեքսի կողքին նստեց պապիկը ու ժպտաց,- Տատիիդ համոզել եմ, չի վնասի Շերիֆին:
— Մառանում է, հիմա երևի սովածացել է…
Պապ ու թոռ իջան մառան ու հանեցին զամբյուղով Շերիֆին, որ չէր հասկանում ինչ է կատարվել, սկզբում զամբյուղի մեջ անշարժ էր, բայց մի քանի րոպեից ուշքի եկավ, վազվզում էր բակով: Մառանում երևի շատ մութ էր եղել, Շերիֆը երեք օր ծուղրուղու չկանչեց, իսկ երրորդ օրվա լուսադեմին երեք անգամ կանչեց Ծուղ-րու-ղու, երրորդը շատ երկար ու զիլ՝ Արիգա՜տո…