Հոգեկան առողջություն. ինչպե՞ս հասկանալ, որ խնդիր ունես
Advertisement 1000 x 90

Հոգեկան առողջություն. ինչպե՞ս հասկանալ, որ խնդիր ունես

Հոգեկան առողջությունը երջանիկ ու ապահով կյանքի առաջնային նախապայմաններից է: Հոգեկան խանգարումները ազդում են մեր մտածական գործընթացների, զգացողությունների, այլ մարդկանց և շրջակա աշխարհի հանդեպ ունեցած վերաբերմունքի ու գործողությունների վրա: Դրանք նպաստում են կյանքի որակի անկմանը և մեծապես դժվարացնում առօրյան:

Ինչու՞ են առաջանում հոգեկան խանգարումներ

Բժիշկները դեռևս չգիտեն շատ հոգեկան խնդիրների առաջացման հստակ պատճառները: Սակայն դրանց մեջ կարևոր դեր ունեն մարդու գեներն ու կյանքի փորձառությունը: Շատ հոգեկան խանգարումներ փոխանցվում են ժառանգաբար, սակայն սա չի նշանակում, որ եթե Ձեր ծնողներից մեկն ունեցել է հոգեկան խնդիրներ, ապա Դուք նույնպես ունենալու եք: Հոգեկան խնդիրների պատճառ կարող են լինել նաև գլխուղեղի վնասվածքները, ինչպես նաև նեյրոնային շղթաները, որոնք պայմանավորում են մարդու մտածողությունը, տրամադրությունը, վարքագիծը: Օրինակ, կարող է դիտարկվել այդ շղթաներում եղած նեյրոհաղորդիչների չափազանց շատ կամ նորմայից պակաս ակտիվություն (նեյրոհաղորդիչները հատուկ քիմիական նյութեր են, որոնք մեկ նեյրոնից մյուսը տեղեկատվություն են փոխանցում):

Որոշ հոգեկան խնդիրներ կարող են առաջանալ կամ խորանալ, եթե մանկության տարիներին կամ դեռահասության ժամանակ եղել է լուրջ հոգեբանական տրավմա՝ օրինակ, ծանր էմոցիոնալ, ֆիզիկական կամ սեռական բռնություն, վաղ տարիքում ծնողների կորուստ:

Սթրեսի հիմնական աղբյուրները՝ հարազատի մահ, բաժանություն, ընտանեկան հարաբերություններում եղած խնդիրներ, աշխատանքի կորուստ, ինչպես նաև ալկոհոլի և թմրանյութի չարաշահումը, ևս կարող են հոգեկան խնդիրների պատճառ դառնալ: Սակայն, միանշանակ սխալ կլինի պնդել, որ եթե Դուք անցել եք նմանօրինակ սթրեսային իրավիճակներով, ապա անպայման կունենաք հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ:

Նմանատիպ իրավիճակներում բնականոն է զայրույթ, տխրություն, ընկճվածություն զգալը, սակայն այս ամենը հստակ տարբերվում է հոգեկան խանգարումներից:

Որո՞նք են հոգեկան խնդիրների ախտանշանները 

Հոգեկան խանգարումներն ունեն տարատեսակ դրսևորումներ: Մենք առանձնացրել ենք առավել հաճախ հանդիպող ախտանշանները, որոնք կարող են հուշել այս կամ այն խնդրի մասին: Դրանք են՝

  • չափազանց ցրված, շփոթված, կասկածամիտ, ջղային կամ տխուր լինելը

  • ինքնամփոփ և պարփակված վարքագիծը

  • տրամադրության հաճախակի տատանումները

  • հալուցինացիաները

  • ինքնասպանության մասին մտքերը, ինքն իրեն կամ ուրիշներին վնասելու փորձերը

  • քնի հետ կապված խնդիրները (երբ մարդը չափից շատ կամ քիչ է քնում)

Նմանատիպ ախտանշանների դեպքում ցանկալի է դիմել հոգեբանի կամ հոգեբույժի օգնությանը և հասկանալ, թե ինչ է կատարվում:

Ինչպե՞ս են բուժվում հոգեկան խանգարումները

Հոգեկան խնդիրների բուժման տարբերակը կախված է նրանից, թե ինչ հիվանդության հետ գործ ունենք: Ըստ այդմ, կարող են ընտրվել բուժման մեկ կամ մի քանի մեթոդներ: Բուժման առաջնային տարբերակը համապատասխան դեղորայքների կիրառումն է, քանի որ հոգեկան խանգարումներն ունեն կենսաբանական հիմքեր, իսկ կենսաբանական հիմքերի վրա կարելի է ազդել կենսաբանական մեթոդներով:

Դեղորայքային բուժումը հաճախ համադրվում է հոգեթերապիայի հետ, որը օժանդակ մեթոդի դեր է կատարում, սակայն կարող է նաև խնդրի հաղթահարման միակ տարբերակը լինել: Հոգեկան ոչ ծանր խանգարումների պարագայում դրական ազդեցություն ունեն նաև ապրելակերպի փոփոխությունները: Օրինակ, միջին ծանրության դեպրեսիայի պարագայում խորհուրդ է տրվում ֆիզիկական վարժություններ կատարել:

Բուժման ընթացքը կարող է ներառել նաև արթ-թերապիա; երաժշտական թերապիա, մեդիտացիա և այլն: Առավել ծանր դեպքերում բժիշկները կարող են դիմել ուղեղի աշխատանքը խթանող թերապիաների (օրինակ՝ էլեկտրոկոնվուլսիվ (նախկինում հայտնի՝ էլեկտրաշոկային) թերապիա) օգնությանը:

Իսկ վերջում հիշեցնենք, որ հոգեկան խանգարումների մեծ մասը բուժելի է: Անհրաժեշտ է միայն ժամանակին իրականացնել գրագետ բուժում, ինչի արդյունքում հնարավոր կլինի ապրել լիարժեք կամ որոշակի դեղամիջոցների օգնությամբ ունենալ կյանքի բավականաչափ բարձր որակ:

Նյութի աղբյուրը՝ https://www.webmd.com/

doctors.am