ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ
1903 թ. հունիսի 12-ին, հրապարակվեց հայ եկեղեցու գույքը բռնագրավելու մասին նիկոլայ Բ-ի տխրահռչակ հրովարտակը։ Այն ուղղված էր լուսավորական-կրթական հիմնարկությունների և առաջին հերթին` հայկական դպրոցների դեմ, որոնք պահվում էին վանքերի և եկեղեցիների կալվածքներից ստացվող եկամուտների հաշվին: Մաքսիմ Գորկին այդ օրենքը բնորոշեց որպես «ինքնակալական կառավարության կողմից Հայաստանի եկեղեցական ունեցվածքի թալանի ամենախայտառակ ակտ»։ Մկրտիչ Ա Վանեցի (Խրիմյան Հայրիկ) կաթողիկոսի կոչով կովկասահայությունը դուրս եկավ պայքարի: Այսրկովկասի հայաբնակ շրջաններում սկսվեցին ցույցեր, իսկ առանձին վայրերում` բախումներ: Առաջին զինված ընդհարումը տեղի ունեցավ Ելիզավետպոլի նահանգի Գանձակ քաղաքում:
1903 թ. օգոստոսի 29-ին հայոց Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում շուրջ 10.000 մարդու մասնակցությամբ տեղի ունեցավ բողոքի խաղաղ հանրահավաք: Ելույթները չէին ավարտվել, երբ Ելիզավետպոլի փոխնահանգապետ անդրեյ անդրեևի գլխավորած ռուս կազակների ջոկատները մոտեցան ցուցարարներին, նախ մարտական նռնակներ նետեցին, ապա հրացաններից անկանոն կրակ բացեցին հավաքվածների ուղղությամբ: Սպանվեցին 12 հայեր, վիրավորվեցին 70-ը: Նրանցից 21-ը օրեր անց նույնպես մահացան: Զոհերի մեջ կային երեխաներ, կանայք ու ծերեր: Հարյուրավոր խաղաղ ցուցարարներ դաժան ծեծի ու կտտանքների ենթարկվեցին։ Հանրահավաքը ցրելուց հետո Գանձակի հայկական թաղում սկսվեցին խուզարկություններ, ձերբակալություններ ու անմարդկային բռնություններ։
1904 թվականի սեպտեմբերի 11-ին, Գանձակից շուրջ 25 կմ հեռավորության վրա գտնվող Հաջիքենդ գյուղում, Գրիգոր անունով մի հայորդի սպանեց խաղաղ բնակչության սպանդի կազմակերպիչ անդրեևին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ՝
Երաժշտական ակումբի վերածված Գանձակի (գյանջա, ադրբեջան) Սուրբ Հովհաննես եկեղեցին
Արշալույս Զուրաբյանի էջից