Սիրիա, Իրաք, հակամարտության երկու կողմում ապրողների մասին հազարավոր լուսանկարչական պատումներ։ Վերջին կանգառը՝ Արցախ․․․ Մեր զրուցակիցը 44-օրյա պատերազմի վավերագիր, ֆրանսահայ ֆրիլանս լուսանկարիչ Անտուան Ագուջյանն է։
-Պարո՛ն Ագուջյան, պատերազմն սկսվելուն պես հայրենիք վերադարձաք և մեկնեցիք Արցախ։ Ինչպե՞ս էր կազմակերպվում օտարերկրյա թղթակիցների տեղաշարժն Արցախում, ի՞նչ դժվարություններ եղան։
— Մինչ մեկնելս կապվեցի «Լե Ֆիգարո» ամսագրի հետ, որոնց հետ համագործակցում եմ, առաջարկեցի միանալ ինձ։ Պատկերացում չունեին հակամարտող կողմերի մասին և թե ինչ մասշտաբի պատերազմ է։ Հայաստան եկա մենակ, վարակվեցի կորոնավիրուսով։ Արցախ հասա հոկտեմբերի 12-ին ու մնացի մինչև դեկտեմբերի կեսը։
Հայաստանում ինձ առաջինը հարցրին՝ որ կազմակերպությունից եմ։ Մի բան է, երբ արկածախնդրությունից դրդված ես գնում՝ հակամարտություն լուսաբանելու, մեկ այլ բան, երբ խոշոր լրատվամիջոցի անդամ ես։ Մարդիկ ամեն կերպ փորձում էին ինձ օգնել։
Արցախում շատ լրագրողներ կային, ամեն մեկը մի բան էր ուզում։ Առաջին օրվանից մեքենայի ու վարորդի խնդիր ունեցա։ Մի քանի օր տևեց, մինչև գտա իմ թիմը։ Ընթացքում առանձնացա մյուսներից և միացա Արտակ Բեգլարյանի խմբին։ Իրաքի քաղաքացիական պատերազմում իմ փորձառությունը ցույց էր տվել, որ լուսանկարչի համար ճիշտ է կոնկրետ մեկ խմբի հետ լինել, որքան էլ այն վտանգավոր լինի։ Այդպես քեզ ավելի ապահով ես զգում, կազմակերպված ես աշխատում։ Բացի դրանից՝ ես միշտ մենակ եմ աշխատել։ Այդ դեպքում միայն քո կյանքի համար ես պատասխանատվություն կրում։ Իսկ երբ երկուսով եք, «հենվում ես» ուրիշի վրա, ավելի փխրուն ես դառնում։
Սկզբում Ստեփանակերտի ապաստարաններում էի աշխատում, հետո դիրքեր գնալու խնդիր առաջացավ։ Պահն էր ընտրելու՝ ուր գնալ․ ակտիվ կրակոցների գոտի՞, թե՞ մի տեղ, որտեղ ոչինչ չի կատարվում։ Ես ընտրեցի ոսկե միջինը։
-Պատմեք, խնդրում եմ, ապաստարանների մասին։ Ընդհանուր առմամբ՝ ի՞նչ տրամադրություն էր հոկտեմբերին և զինադադարից հետո։
—Պարգև Սրբազանի (Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան- հեղ․) հետ մտերիմ էինք, եկեղեցու ապաստարան միշտ ելումուտ ունեի։ Մոտ 50-70 տեղահանված կար, ճաշ էին եփում, երեկոյան 11-ին աղոթք անում։ Երևանից մի կին էր եկել, որի տղան դիրքերում էր։ Ի՜նչ աչքեր ուներ․ հայկական ծանրություն կար այդ աչքերում, հայի տխրություն։ Ինձ միշտ հուզել է, թե ինչպես կարող է մարդու դեմքը մի ամբողջ կյանք պատմել։
Ամբողջությամբ՝ ardi.am