Անիմատոր Նառառա Մուրադյանը միացել է 168.am-ի շարքին՝ 5 գիրք առաջարկելով երեխաներին: Տուվե Յանսոնի՝ մումիների մասին պատմող հեքիաթներից մինչև Սարոյանի՝ «Իմ անունը Արամ է». գրականություն, որը կզարգացնի երեխաների երևակայությունը, նրանց կտեղափոխի զարմանահրաշ աշխարհներ ու կտա երազելու անսպառ հնարավորություն:
Մումիների մասին պատմող բոլոր գրքերը – Տուվե Յանսոն
Առաջինը, ինչ անիմատոր Նառառա Մուրադյանը առաջարկում է ընթերցել երեխաներին, ֆինն գրող, նկարչուհի Տուվե Յանսոնի գրքերն են Մումի Տրոլլների մասին: Ինքը՝ նկարիչ-անիմատոր Նառառան կյանքի է կոչել Տուվե Յանսոնի հերոսներին իր «Ամանոր» ֆիլմում:
Մումիներն այնքան սիրված են, որ Նաանտալի քաղաքից ոչ հեռու գտնվող կղզում բացվել է Մումի տրոլների աշխարհ թեմատիկ այգին, որը նվիրված է մումի տրոլների շարքի գրքերի հերոսներին։
«Գարգանտյուա և Պանտագրյուել» – Ֆրանսուա Ռաբլե
16-րդ դարի ֆրանսիացի գրող Ֆրանսուա Ռաբլեի վեպը՝ բաղկացած 5 գրքից, պատմում է երկու բարի շատակեր հսկաների մասին, որոնք հայր ու որդի են:
Հեղինակը դատապարտում է մարդկային հավերժական արատները և ծաղրում իր ժամանակի թուլություններն ու խնդիրները։ Ռաբլեի ծաղրի սիրելի առարկաները եկեղեցին և վանականության կաթոլիկ ինստիտուտներն են, ինչը զարմանալի չէ. նա անձամբ գիտեր հոգևորականների ծուլության, տգիտության, ագահության և կեղծավորության մասին, քանի որ ինքն էլ իր երիտասարդության տարիներին ապրել է վանքում: Բացի այդ, հայտնի է, որ Ռաբլեն բժիշկ էր, ուստի նրա համար անընդունելի էին եկեղեցական սնահավատությունները:
«Հոբիթ կամ գնալն ու գալը» – Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին
Անգլիացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի ֆանտաստիկ վեպը պատմում է հոբիթ Բիլբո Բեգինսի արկածների մասին, որոնց մեջ նրան ներքաշում են Գենդալֆ կախարդը և 13 թզուկները։ Նրանց ճանապարհորդության նպատակն էր հասնել Միայնակ լեռանը և հետ վերցնել այն գանձերը, որոնք թզուկներից խլել էր Սմոգ անունով վիշապը։
Թոլքինը սիրում էր իր երեխաներին հեքիաթներ պատմել և նրա տանը գոյություն ունեին մի շարք ավանդույթներ՝ կապված դրանց հետ։ Օրինակ Սուրբ Ծննդին երեխաները ստանում էին նկարազարդ և գունազարդ նամակներ, որոնք պատմում էին Ձմեռ պապիկի և նրա ընկերների՝ Էլֆերի, գոբլինների, Սպիտակ արջի մասին։ Նաև ամեն տարի տեղի էին ունենում «ձմեռային ընթերցումներ». գրողը նստում էր բուխարու մոտ և պատմում այս կամ այն հերոսի մասին։ Իր հեքիաթներում չխճճվելու համար Թոլքինը սկսել է գրել դրանք։ Մի օր, մաքուր թուղթ տեսնելով, նա վերցրել է այն և գրել. «Ժամանակով գետնի տակ, իր բնում մի հոբիթ էր ապրում։ Հենց այսպես էլ ծնվել է հայտնի հեքիաթի գաղափարը։
«Պինոքիոյի արկածները։ Փայտե տիկնիկի պատմությունը» – Կառլո Կոլլոդի
Պինոքիոյի պատմությունը շատերը, գրեթե բոլորը գիտեն: Բայց որքա՞նն է կարդացել իտալացի մանկագիր Կառլո Կոլլոդիի հեքիաթը: Վարպետ Չիլիեջանյի՝ փայտի մի կտորից ստեղծած երեխայի մասին պատմությունը, որն առաջին անգամ հրատարակվել է 1881 թվականի հուլիսի 7-ին Հռոմում, համարվում է մանկական գրականության դասական ստեղծագործություններից մեկը:
Գիրքը թարգմանվել է 87 լեզուներով։ Ֆլորենցիայում՝ Կառլո Կոլլոդի հարազատ քաղաքում կանգնած է Պինոքիոյի հուշարձանը։
«Իմ անունն Արամ է» – Վիլյամ Սարոյան
Վիլյամ Սարոյանի կարճ պատմվածքների գիրքը, որն առաջին անգամ տպագրվել է 1940 թվականին, պատմում է հայկական արմատներ ունեցող Արամի, ով մեծացել է Ֆրեզնոյում, ԱՄՆ, և նրա մեծ ընտանիքի անդամների մասին:
Շարքի հեղինակ՝ Անի Գաբուզյան