Արցախում կան բնակավայրեր, որոնց մասին երբևէ լսած չես լինի կամ չես կարդա մամուլում, եթե հատուկ չցանկանաս մանրամասներ իմանալ այդ շեների մասին։ Դրանցից մեկը Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղն է։
Ծովի մակերևույթից մոտ 700 մետր բարձրության վրա, լեռների արանքում ծվարած գյուղը բազմադարյա պատմություն ունի։ Դրա մասին են վկայում Քրիստոսից առաջ 2-րդ հազարամյակից մնացած դամբարանաբլուրներն ու «Աննա նահատակ» խոյակը, 1609 թվականի կիսավեր սբ. Գևորգ եկեղեցին։ Ավելի ուշ արցախյան այս գյուղը ենթարկվել է թշնամական հրոսակների հարձակման ու դատարկվել է, ապա կրկին կյանք է ստացել 1828-ից հետո, երբ գյուղում հաստատվել են Պարսկահայքից գաղթած հայերը։ Նրանք էլ տարածքում հանդիպած եկեղեցու պատվին գյուղը կոչել են Ճանկաթաղ։
Ճանկաթաղը խորհրդային տարիներին կրել է Չինգաթաղ, Ջանիաթաղ, Ջանյաթաղ անվանումները։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անցել է ադրբեջանցիների հսկողության տակ ու ավերվել։ Բնակավայրի ազատագրվելուց հետո 1994-ին ճանկաթաղցիները վերադարձել են տուն ու գյուղին վերադարձրել իր պատմական անվանումը։ Գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ Վրեժ Խաչատրյանի խոսքով՝ գյուղում ադրբեջանցիներ երբեք չեն ապրել, ինչի պատճառով էլ նրանք գյուղը գրավելուց հետո փորձել են հիմնահատակ քանդել այն։
«Հիմա դիմացի բարձունքում ադրբեջանցիներ են նստած, բայց խորհրդային տարիներին անգամ այդ հատվածը նրանց չի պատկանել, եղել է Արցախի կազմում։ Հիմա չգիտես ինչպես՝ նրանք հայտնվել են բարձունքի վրա։ Երբ խոսում են խաղաղության դարաշրջանի մասին, պիտի հասկանան, որ մեր թշնամին խաղաղություն չի ուզում, ի՞նչ խաղաղություն։ Դա միակողմանի չի լինում։ Ես դրա հավանականությունը չեմ տեսնում»,-ասում է Ճանկաթաղի դպրոցի ուսուցիչը։
2020-ի պատերազմի ժամանակ Ճանկաթաղը չի դատարկվել։ Կանայք ու երեխաները հիմնականում մնացել են գյուղում, իսկ տղամարդիկ կռվել են Արցախի տարբեր ճակատներում։ Առաջին պատերազմում 18 զոհ տված Ճանկաթաղը 2020-ի 44 օրվա ընթացքում ունեցել է 6 կորուստ։
Մելսիկ Ավանեսյանը մարտական գործողությունների ակտիվ մասնակիցներից է։ Ասում է՝ գյուղում ինչքան երիտասարդ տղամարդ կար, բոլորը առաջին օրից նետվեցին մարտի դաշտ ու կռվեցին ամենավտանգավոր տեղերում՝ նույնիսկ չկասկածելով, որ մինչև պատերազմը Արցախի խորքում գտնվող իրենց գյուղը պատերազմից հետո դառնալու է սահմանային։
«Ճանկաթաղցիները հիմնականում կռվել են Մարտակերտի ու Մատաղիսի արանքում, հետո մեզնից շատերին տարան Կարմիր Շուկա։ Տվեցինք 6 զոհ։ Մենք չենք պատրաստվում այստեղից հեռանալ, մեզ ուրիշ տեղ սպասող չկա։ Ճիշտ է, թուրքը այնտեղ է, բայց մենք սկսում ենք հարմարվել այս իրականությանը»,-ասում է Մելսիկը՝ ավելացնելով, որ իրենք նաև շինարարություն են անում, իսկ գյուղի բնակիչների թիվը աճում է։
Ամբողջությաամբ՝ armenisputnik.am