Ամանորի նախաշեմին շատերը կազմում են իրենց անելիքների պլանն ամբողջ տարվա համար: Առողջ սնվել, մարզվել, այցելել մշակութային միջոցառումների և կարդալ շատ գրքեր: Նույնն անում են ծնողները՝ իրենց երեխաների համար: Եթե դեռ չեք կազմել գրականության ցանկ ձեր երեխաների համար, դերասանուհի Անի Ղազարյանի առանձնացրած հինգ գրքերը լավ մեկնարկային կետ կարող են դառնալ: Դե ինչ, Հովհաննես Թումանյանից մինչև Ջոան Ռոուլինգ, ձեր երեխաների աշխարհը լցրեք հեքիաթային պատմություններով:
Հեքիաթներ – Հովհաննես Թումանյան
«Առաջին Գիրքը, որ կուզեմ առանձնացնել, Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն է: Թումանյան մեծությունը հետաքրքիր է բոլոր տարիքի երեխաների համար: Աղջիկներս երեք, հինգ և տասը տարեկան են, և բոլորն էլ շատ մեծ հետաքրքրությամբ լսում են, երբ կարդում եմ իրենց համար: Կարդացած հեքիաթներից մի քանիսն էլ ամրապնդում ենք՝ տարբեր թատրոններում Թումանյանի հեքիաթների հիման վրա բեմադրած ներկայացումները դիտելով»:
«Գտնված երազ» – Դիլաքյան եղբայրներ
«Երկրորդ գիրքը Դիլաքյան եղբայրների «Գտնված երազն» է: Իհարկե, սկզբում երեխաներս մուլտֆիլմն են նայել, հետո արդեն գիրքը գնեցինք ու հաճախակի կարդում ենք: Անբացատրելի բարի ու հեքիաթային ձգողականություն ունի այդ ստեղծագործությունը, որից երբեք չես հոգնում ու չես ձանձրանում: Ի դեպ, դեկտեմբերի վերջին Խամաճիկների թատրոնում հեքիաթի բեմականացման պրեմիերան էր: Մենք դեռ չենք հասցրել դիտել, բայց անպայման պիտի գնանք»:
Հարրի Փոթերի մասին պատմող վիպաշարը – Ջոան Ռոուլինգ
«Վստահ եմ՝ շատ շատերը անգիր գիտեն Հարրի Փոթերի պատմությունը՝ իր բոլոր մանրամասներով, բայց, միևնույնն է, գիրքը կարդացվում է մեծ հետաքրքրությամբ»:
«Կորալինա» – Նիլ Գեյման
«Կարծում եմ՝ գիրքը դեռահասների համար է: Մեծ աղջկաս ամենասիրելի գրքերից է: 2009-ին գրքի հիման վրա մուլտֆիլմ նկարահանվեց, որը շա՜տ մեծ հետաքրքրությամբ դիտում են թե փոքրերը, թե մեծերը»:
«Առանց ընտանիքի» – Հեկտոր Մալո
«Վերջին գիրքը, որը կառանձնացնեմ, իմ ամենասիրելի գրքերից է մանկական գրականության մեջ: Հեկտոր Մալո, «Առանց ընտանիքի»: Առաջին հայացքից տխուր թվացող այս պատմության մեջ անսահման սեր կա, որ ամբողջությամբ փոխանցվում է ընթերցողին»: