Հայաստանում հավկիթի արտադրությամբ զբաղվող փոքր եւ միջին տնտեսվարողները հայտնվել են լուրջ խնդրի առաջ: Չի բացառվում, որ նրանք առաջիկայում փակվեն: Պատճառը ձվի շուկայում որոշ ընկերությունների սահմանած ցածր գներն են, որոնց չեն դիմանում փոքր տնտեսվարողները: Բանն այն է, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան ձու է հանել վաճառքի, որը ինքնարժեքից էժան է: Այս ընկերությունն սկսել է ձվի շուկայում գնային տատանումներ անել: Նույնը կրկնում են մյուս խոշոր ընկերությունները, որոնք այլընտրանք չունեն, պետք է էժանացնեն, քանի որ կուտակած հավկիթ ունեն եւ պետք է իրացնեն։ ՏՄՊՊՀ–ն, թեև ուսումնասիրություններ էր սկսել, սակայն, դրանց արդյունքը, մեղմ ասած, չի երևում։ Մեկ ընկերություն առանց որևէ խոչընդոտի դեմպինգի է դիմում` ըստ էության շուկայից դուրս մղելով փոքր ու միջին խաղացողներին։
Ուշագրավն այստեղ այն է, որ մամուլի ներկայացուցիչներին թռչնաֆաբրիկայի հեռախոսահամարը փոխանցել էին «Նալբանդյան հոլդինգից»: Օրեր առաջ մամուլը գրել էր, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով գնել է «Պրոյեկտ ինտեր–ինվեստ» ՍՊԸ–ն, որի 100% բաժնետերը Նարեկ Նալբանդյանն է, որն այս ընկերությունը ձեռք է բերել 2018-ի դեկտեմբերին Մայիլ Թորոյանից: «Պրոյեկտ ինտեր–ինվեստ» ընկերության համար 2019-ին կառավարությունը արտոնություններ էր սահմանել՝ ներդրումային ծրագրի շրջանակներում 3 տարի ժամկետով հետաձգել ընկերության համար ԱԱՀ–ից, ինչպես նաեւ ազատել մաքսատուրքից՝ ներդրումային ծրագրի շրջանակներում։
Այս ընկերության ֆեյսբուքյան էջում 2021 թվականի օգոստոսին հրապարակվել է լուսանկար, որտեղ Նարեկ Նալբանդյանը Սեւանա լճի ափին շրջակա միջավայրի այն ժամանակվա նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ է։ Նախարարության տվյալ օրվա հաղորդագրության մեջ հիշատակվում է Սեւանա լճի հանրային լողափում կատարված աշխատանքները, նշվում է, որ ընկերության աշխատանքներից տպավորված է նախարարը, սակայն, նշված չէ, թե որ ընկերությունն է։
Մամուլը գրել էր նան, որ Նալբանդյանին է պատկանում նաեւ «Շիրակ» թռչնաֆաբրիկան, «Նոր Լուսակերտ» թռնչաֆաբրիկայի 50 տոկոս բաժնետերն է: Նալբանդյանը նաև անասնակերի, այսպես ասած` կոմբիկերի արտադրություն ունի: Համակցված կերերի արտադրությունն իր հարազատ Եղվարդ քաղաքում, ավելի կոնկրետ՝ «Եղվարդի համակցված կերեր» գործարանում է իրականացնում: Մամուլը նաև գրել էր, որ Նալբանդյանը խոշոր ներկրող է. մի քանի հարյուրի հասնող ապրանքներ է ներկրում Հայաստան: «Գոլդեն Փելիսի» գնորդը հետաքրքրված է նաև ավտոապահեստամասերի առքուվաճառքով, նաև ցեմենտի գործ է անում ու ակտիվ կապեր ունի այդ շրջանակներում:
Ձվի շուկայում ստեղծված քաոսը, կարծես թե, մոտ չէ լուծվելուն, համենայնդեպս, պատկան մարմինները այդ ուղղությամբ որևէ լուրջ և գործնական քայլեր չեն կատարում: Հեղափոխությունից առաջ Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր Սերժ Սարգսյանին՝ այսպես ասած սեփական օլիգարխներ աճեցնելու և մոնոպոլիստներ ստեղծելու մեջ, իսկ այսօր՝ կարծես թե այդ նույն գործելաոճը որդեգրել է նաև ինքը՝ Փաշինյանը: Ամեն դեպքում, տարակուսելի է, որ երեք տարի շարունակ չվաճառվող հյուրանոցը վերջապես գնորդ է գտնում, այն էլ՝ 5 միլիարդ դրամով և դրանից անմիջապես հետո հյուրանոցը գնած անձին պատկանող թռչնաֆաբրիկան որոշակի դեմպինգային վարք է սկսում դրսևորել ձվի շուկայում: Այստեղ, իհարկե, գլխավոր հարցերը ուղղված են իշխանություններին, որոնց լուռ համաձայնության ներքո էլ այս ամենը տեղի է ունենում: Գործարարը, ինչպես ասում են, բաշարում է` անում է, քանի որ գործարարի նպատակը հենց իր բիզնեսը առաջ մղելն ու զարգացնելն է: Ավելին՝ օլիրգախ բառը ինքը` Փաշինյանը, վիրավորական չի համարել և եթե նայենք դասական տնտեսագիտությանը, ապա օլիգարխ հասկացության մեջ վիրավորական ոչինչ չկա, դա պարզապես քաղաքական համակարգում գործող մեծահարուստ մարդ է: Հետևաբար՝ հարցերը ուղղված է են հենց քաղաքական համակարգին: Ինչպես հասկանում ենք՝ հետհեղափոխական Հայաստանի իշխանությունները որևէ վատ բան չեն տեսնում օլիրգախների ձևավորման և մենաշնորհների ձգտման միջև…