Երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության փողոցային շուրջօրյա պայքարի մասին, «Իրավունքը» զրուցել է քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:
– Դուք շատ ակտիվ էիք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հնարավոր բոլոր ակցիաներին ու հանրահավաքներին, ինչո՞ւ չեք միանում Ֆրանսիայի հրապարակում պայքարողներին:
– Այո, ես 2018 թվականից, ինչ Նիկոլ Փաշինյանը արել է իր քայլը Գյումրի քաղաքից, պայքարել եմ նրա դեմ, իսկ հետո արդեն նրա եւ նրա իշխանության դեմ: Պայքարում էի, որովհետեւ ինձ համար ավելի քան պարզ էր, թե ինչի համար են նրանք գալիս: Պարզ էր, որ արդեն իսկ Արցախը վտանգված էր, պարզապես չէի ցանկանում հավատալ, որ մենք այնքան թույլ կգտնվեիք, որ թույլ կտայինք նրան հանձնել Արցախը… Նրանց իշխանության գալուց հետո ամեն հնարավոր եւ անհնարին ձեւերով պայքարել եմ նրանց դեմ, մասնակցել եմ, ինչպես նաեւ կազմակերպել եմ մի շարք ակցիաներ, եղել եմ ակտիվ, թե՛ օնլայն, թե՛ օֆլայն տիրույթում՝ անկախ նրանից, որ ենթարկվել եմ ե՛ւ հանրային ճնշումների, ե՛ւ փորձել են լռեցնել մի շարք կեղծ քրեկան եւ վարչական գործեր հարուցելով: Բայց, բնականաբար, ոչնչի առջեւ կանգ չեմ առել եւ այսօր էլ կանգ չեմ առնի: Իսկ թե ինչու չեմ միանում Ֆրանսիայի հրապարակի պայքարին, պատճառները շատ են եւ խորքային, որոնցից մի քանիսը այս պահին չեմ ցանկանում հանրայնացնել՝ ելնելով այն բանից, որ միգուցե խիստ վատ անդրադառնա պայքարի հունի վրա: Իսկ ես չեմ կատարի մի քայլ, որը շարժման ձախողման դեպքում՝ որոշ քաղաքական ղեկավարների հնարավորություն կտա արդարանալու, թե ինչի այսպես եղավ։ Այդ մասին կխոսեմ մի փոքր ուշ: Փորձը ցույց է տվել, որ քաղաքական հաշվարկներում չեմ սխալվում, դրա վառ օրինակն էր 2018 թվականին Նիկոլին չստարելը, 2021 թվականին խորհրդարական ընտրություններին ակտիվ մասնակցություն չունենալը, իսկ քիչ հետո նաեւ Ֆրանսիայի հրապարում իմ չգտնվելը: Որպես կանոն չեմ անում քայլ, որի մեջ հստակություն չեմ տեսնում, հեռանկարը խիստ մշուշոտ է, ինչպես նաեւ իրական նպատակը, էլ չեմ խոսում արտաքին նախադրյալների բացակայության եւ առաջ քաշած օրակարգի մասին։ Ամեն դեպքում, ողջունում եմ այսօր Ֆրանսիայի հրապարակում գտնվող բոլոր այն ազնիվ հայրենասեր քաղաքացիներին, նաեւ որոշ քաղաքական, հասարակական գործիչներին, որոնք ուզում են ի սրտե փրկել մեր երկիրն այս ալիեւյան դիվերսանտից:
– Ձեր փոխարեն՝ այս օրերին պայքարողների շարքում են, օրինակ, Նիկոլ Փաշինյանի «սրտի» ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, նիկոլական ապարատի այլ նախկին պաշտոնյաններ: Ի՞նչ կասեք այս մասին:
– Գիտեք, Օսիպյանի ու ոչ միայն նրա, այլեւ մի շարք օսիպյանների հրապարակում լինելը խանգարում է ու նվազեցնում պայքարի կենսունակությանը: Ժողովրդին օսիպյանները չեն կարող համոզել, որ իրենք հանուն Հայաստանի ու Արցախի փրկության են դուրս եկել այսօր ու ճանապարհ փակում: Շատ կեղծ է այս ամենը, եւ հենց այդ կեղծ հայրենասերներն են մինչեւ օրս անհայրենիք Նիկոլին պահում իշխանության:
– Կհաջողվի՞ Նիկոլ Փաշինյանի կիրառած տեխնոլոգիաներով հասնել հենց նրա հրաժարականին, թե՞ այլ գործիքակազմ է պետք: Ի վերջո, ի՞նչն է պակասում, որ այս պայքարում բեկում լինի:
– Արտահերթ խորհրդարանական ընտրություններին նույնպես ընդդիմությունը տեխնոլոգիաներ կիրառեց, բայց արդյունքում պատերազմ տանուլ տված, 5000-ից ավելի զոհերի պատճառ դարձած Նիկոլ Փաշինյանը վերարտադրվեց: Տեխնոլոգիաներն արդյունավետ են, երբ դրանք օգտագործում են գրագետ, ճիշտ գործիքակազմով եւ ճիշտ մարդկանց ներգործության շնորհիվ: Ի դեպ, այս պայքարի մեջ կիրառվող տեխնոլոգիաների հիմնական մասն ավելի բարձր մակարդակով 2018 թվականի, այսպես կոչված, հեղափոխության ժամանակ կիրառվել են արդեն։ Հիմա կամ պետք էր նոր բան մտածել, կամ վստահ լինել, որ գերազանցելու են, արդեն իսկ եղածին։
– Տեսեք, որքան էլ այսօր փողոցում պայքարողներն ասում են, որ հիմա դրա ժամանակը չէ, բայց շարքային քաղաքացին ուզում է իմանալ, թե ո՞վ է գալու Նիկոլ Փաշինյանից հետո, ում համար կգա հրապարակ ու կպայքարի: Չե՞ք կարծում, որ ժամանակն է անուններ ասելու:
– Համաձայն չեմ այն թեզի հետ, թե կարեւոր չէ՝ ով է գալու Նիկոլից հետո։ Նրանք կրկնում են նույն սխալը, որն արդեն 2018 թվականին թույլ են տվել, երբ Սերժ Սարգսյան էին մերժում։ Զարմանում եմ՝ ինչպե՞ս կարելի է այս դժգույն, չմարդ, հակապետական երեւույթին իշխանության բերելուց հետո՝ նորից նման թեթեւամտությամբ եւ անպատասխանատվության մոտենալ նման լրջագույն հարցին:
– Հետեւապես, ի՞նչ անել եւ, վերջիվերջո, ինչպե՞ս է փրկվելու Հայաստանն ու Արցախը, որ, իրոք, երբեք չլինի Ադրբեջանի կազմում:
– Մենք պետք է իրողության հետ հաշվի նստենք, այդ պաթոսախեղդ կեղծ հայրենասիրությունից եւ ճառերից հրաժարվենք: Փաստացի կորցրել ենք Արցախի 85%, 15%-ը ՌԴ-ի վերահսկողության ներքո է: Ինձնով պայմանավորված լիներ, ես կցանկանայի հենց վաղը Շուշին էլ հետ բերեինք, Քարվաճառն էլ, ինչու ոչ, նաեւ Արեւմտյան Հայաստանը, բայց սա անիրական է այս պահին: Այսօր այն վիճակում ենք, որ շատ հավանական է թշնամապաշտ Նիկոլը դառնա Երրորդ հանրապետության վերջին վարչապետը: Իսկ եթե, իրոք, ցանկանում ենք վերականգնել մեր անկախությունը բառիս բուն իմաստով, ուզում ենք վերադարձել մեր հողերը, վերկանգնել մեր ազգայի արժանապատվությունը, պետք է մոտակա ամենաքիչը 20 տարին լծվենք տնտեսության զարգացմամբ, զարկ տանք բանակաշինությանը, դաստիարակենք վրիժառու սերունդ, եւ գլխավորը՝ Հայաստանը պետք է ղեկավարի բացառապես պետակամետ եւ հայամետ մտածողությամբ ազնիվ, հայրենատեր, կրթված, բայց ոչ սրիկա քաղաքական իշխանություն: Նոր քաղաքական էլիտա պետք է ձեւավորել նոր արժեքներով եւ նոր քաղաքական մշակույթով, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ հայաստանյան քաղաքական դաշտում սկսի աշխատել սոցիալական վերելակը: