ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի փոփոխությունների նոր նախագիծ է դրվել քննարկման, որով առաջարկվում է չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի կոչումները։
Հիմնավորման մեջ նշված է, որ նշյալ պատվավոր կոչումների չեղարկումը պայմանավորված է մի շարք պատճառներով՝ մասնավորապես․
– Որևէ արվեստագետի/մշակութային գործչի ժողովրդական լինելը չի կարող սահմանվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ: Չկան ժողովրդականության չափման օբյեկտիվ չափանիշներ, և «ժողովրդական» կոչումն ունի զուտ բարոյական նշանակություն, արտացոլում է ստեղծագործողի ժողովրդականությունն ու հանրային ճանաչելիությունը, ինչը չի կարող վավերացվել որևէ մարմնի կողմից:
– Պետական մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է մշակութային հաստատությունների կառավարման արդիականացումը, ստեղծագործողի գործունեության արդյունավետության հարաբերականորեն չափելի ցուցիչների սահմանումը: Անորոշ սկզբունքներով վաստակավոր և ժողովրդական արտիստների պատվավոր կոչումների շնորհումը ուղղակիորեն խոչընդոտում է կադրային քաղաքականության վերափոխմանը: Տիտղոսները վարկանիշային անձեռնմխելիության դեր են կատարում, որ կանխում է տվյալ կառույցի տնօրենի անկաշկանդ, կադրային քաղաքականության և ստեղծագործական սերնդափոխություն իրականացնելու իրավունքն ու հնարավորությունը:
– Փորձը ցույց է տալիս, պատվավոր կոչումներն ունենում են բացասական ազդեցություն ինչպես առանձին կառույցների ներքին բարոյահոգեբանական մթնոլորտի, այնպես էլ մշակութային դաշտի բովանդակության վրա առհասարակ: Ձևավորվում են մրցակցային հարաբերություններ ոչ թե մասնագիտական տիրույթում, այլ` նեղ միջանձնային հարթությունում:
– Քաղաքակիրթ և առաջատար մշակույթ ունեցող երկրներում չեն գործում արվեստագետի արժևորման նման ձևաչափեր: Նշյալ պատվավոր կոչումները սովետական մշակութային համակարգի վերապրուկներ են:
– «Արվեստի վաստակավոր գործիչ» և «մշակույթի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումները կարող են ընդգրկել չեղարկվող կոչումների բովանդակությունը և ձեռք բերել առավել բարձր կարգավիճակ:
Նախագծով առաջարկվում է չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչումները և մշակույթի ու արվեստի բնագավառի համար որպես վաստակի գնահատման չափանիշ պահպանել ՀՀ արվեստի վաստակավոր գործչի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումները, որոնք առավել ընդգրկուն եզրույթներ են և ներառում են դաշտն ամբողջապես։ Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն առկա չեն: Հարկ է նշել, որ ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի կոչման արժանացած արվեստագետները ստանում են 40 000 դրամ պարգևավճար:
ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանի խոսքով՝ կոչումները Սովետական Միության հետ են կապում, բայց դա այդպես չէ:
«Այսօր Ֆրանսիայում արվեստի, մշակույթի մարդկանց համար կա «Պատվո լեգեոնի» 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճան, որոնք շատ ավելի ապահովված են պետության կողմից: Դրա համար տեղը մի բան պետք է ստեղծվի, նոր մտածեն անունը փոխելու մասին: Ի՞նչ վատ է՝ գրված է ժողովրդական կամ վաստակավոր, հո սովետական գրած չի՞: Նախ պետք է մի բան ստեղծել, նոր փոխել: Այդպես հապճեպորեն ժամանակին շատ բաներ քանդվեցին, այդ թվում՝ գործարաններ ու շինություններ: Ի վերջո, պետք է խրախուսել: Առավել ևս, կերպարվեստի ասպարեզում այսօր նախարարությունն ու պետությունը որևիցե մասնակցություն չունեն: Եթե առաջ թանգարանները հարստացնում էին ցուցասրահներից գնած մեր լավագույն գործերով, այսօր դա էլ չկա: Երբ այլ երկրների հետ են համեմատում, ապա այդ տեղերում կա նյութական շահագրգռվածության մեծ ասպարեզ: Ես Ճապոնիայում եմ եղել, այնտեղ տասնյակ մրցանակներ կային: Օրինակ, մեզ մոտ միություններ ստեղծելու գաղափարն ընդօրինակել են Ֆրանսիայից»,- 168.am–ի հետ զրույցում ասաց նկարիչը՝ ընդգծելով, որ ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է մշակույթի ու արվեստի բնագավառի համար որպես վաստակի գնահատման չափանիշ պահպանել ՀՀ արվեստի վաստակավոր գործչի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչումները, իսկ դա քիչ է:
«Մի քանի աստիճան պետք է լինի: Ինչո՞ւ կա գիտությունների թեկնածու, դոկտոր և այլն: Հապճեպ արված ամեն ինչ բերում է նրան, որ քանդվում է միջավայրը: Ես, օրինակ, չեմ հասկանում. եթե մեկն այսօր ժողովրդական կամ վաստակավոր արտիստ է, այն մյուսը, որը գուցե ավելի շնորհքով, կողքից աճում է, նա ոչինչ չունենա՞: Չէ՞ որ արվեստի պատմության մեջ մնում են ինչ-որ չափանիշներ, որոնք ժամանակին գնահատվել են: Այո, կոչումները պետք է զգուշությամբ շնորհել: Օրինակ, 1992 թվականից հետո Նկարիչների միության անդամը չի համարվում աշխատանք, բայց միությանը դիմում են ցուցահանդեսների համար: Սովետական Միության ժամանակ մինչև կյանքի վերջը դա աշխատանք և ստաժ էր: Հիմա, այն մարդիկ, ովքեր 50-60 տարեկան էին և այդ հեռանկարով իրենց ապագան ապահովել էին, ինչպե՞ս կարելի է միանգամից նրանց զրկել այդ հնարավորությունից: Ուրիշ հարց, որ ասեն՝ 1992 թվականից հետո երիտասարդները հույս չպետք է դնեն Միության վրա. դա աշխատանք չի համարվում, թոշակ չեն ստանալու և այլն»,- նշեց Հաղթանակ Շահումյանը:
Օպերային երգիչ, բաս, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանն էլ ընդգծեց՝ կոչում պարտադիր պետք է լինի, որպեսզի առաջ գնալու խթան հանդիսանա, որովհետև ամբողջ հասարակությունը և մարդկությունը զարգանում է գնահատականներով:
«Իհարկե, ամենավատ բանն է, որ անարժանին տալիս են կոչում: Կոչումները դրանք ցուցադրական կեղծարարություն չեն: Մշակույթը նույնպես հերոսություն է, սխրագործություն է. դուրս ես գալիս աշխարհի ուժերի դեմ, որակի դեմ: Պետք է հրաժարվել անարժանին կոչումներ տալուց: Ես ժամանակին Մշակույթի նախարարությանն առաջարկել եմ՝ «ժողովրդական արտիստը» կարող են հանել և դրա փոխարեն «ազգային արտիստի» կոչում շնորհել. «ազգային հերոս», «ազգային ճարտարապետ», «ազգային գիտնական», որովհետև ներկայացնում են ազգային մշակույթ, ոչ թե ժողովրդական: Ու այս կոչումը տրվում է այն մարդկանց, ովքեր ունեն միջազգային անուն: Նրանց պետք է տան շատ լուրջ թոշակ, որպեսզի երկիրը չզրկվի իր ժառանգությունից, լինի փոփոխություն, որպեսզի նրանք կարողանան գոյատևել այստեղ, փոխանցել իրենց գիտելիքները կամ արժանիքները»,- ասաց Բարսեղ Թումանյանը:
Օպերային երգչի խոսքով՝ պետք է չափանիշները խստացնել, ոչ թե ամեն մեկին կոչում տալ:
«Ամեն մեկին կոչում տալը ցույց է տալիս իրենց անկարողությունը: Ում հետ բաժակ են բարձրացնում, ստիպված պետք է կոչում տան: Մի՛ բարձրացրեք և կոչումներ տվեք նրանց, ովքեր արժանի են: Ընդհանրապես ամբողջ աշխարհում մի շարք կոչումներ են շնորհում. տալիս են ազնվականի կոչում, մարդիկ ստանում են տարբեր մեդալներ և այլն»,- եզրափակեց Բարսեղ Թումանյանը:
Անի Կարապետյան