«Հայ ուսանողները՝ աշխարհի լավագույն բուհերում» շարքն այս անգամ ներկայացնում է Մարինե Գրիգորյանի պատմությունը: Մարինեն մասնագիտությամբ բժիշկ է, ավարտել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ դեռ ուսանողական տարիներից մեծ ցանկություն է ունեցել՝ ուսումը շարունակել արտերկրում: «Օրդինատուրայի տարիներին այդ ցանկությունն առավել մեծ էր, քանի որ ընտրել էի այնպիսի մասնագիտություն (ռադիոլոգիա), որի թե՛ փորձի, թե՛ սարքավորումների, և թե՛ մասնագետների պակասն այդ տարիներին կար Հայաստանում: Օրդինատուրայի վերջին կուրսում համալսարանից տեղեկացա Էրասմուս-մունդուս ծրագրի մասին և որոշեցի դիմել: 1267 մասնակիցներից ԵՊԲՀ-ից ընտրվեցին երեքը, որոնցից մեկը ես էի, և 2012 թվականի հոկտեմբերից սկսվեց ուսումնառությունս Բելգիայի Լյովեն քաղաքի Կաթոլիկ համալսարանի բժշկական ֆակուլտետում, որի բազան համարվում է Լյովենի համալսարանական կլինիկան՝ Եվրոպայի մեծագույն կլինիկաներից մեկը: Այդպիսով սկսվեց կյանքի մի նոր էջ»:
Մեր զրուցակցի խոսքով՝ Լյովենը հեքիաթային, ուսանողական փոքրիկ քաղաք է, որտեղ ուսումնառության նպատակով բնակվում են հիմնականում երիտասարդներ աշխարհի տարբեր երկրներից: «Լյովենում է գտնվում Եվրոպայի մեծագույն և հնագույն համալսարաններից մեկը` Katholic University of Leuven-ը, որը հիմնադրվել է 1425 թվականին, և որն ընդգրկված է աշխարհի լավագույն 100 համալսարանների ցանկում: Ուսանողական կյանքը եռում է Լյովենում: Առավոտյան քաղաքի նեղ փողոցները լի են հեծանիվներով դասի շտապող ուսանողներով, իսկ երեկոյան նրանք հաճախում են տարբեր մշակութային օջախներ, ժամանցի վայրեր, հասարակական նշանակության կենտրոններ, ծանոթանում երկրի մշակույթին, հարուստ ավանդույթներին, նոր ծանոթություններ հաստատում: Այս ամենում հատկապես մեծ է համալսարանի միջազգային ֆակուլտետի դերը, որը ջանք չի խնայում ապահովելու այլազգի ուսանողին այն ամենով, ինչ անհրաժեշտ է՝ օգնելով հեշտությամբ ինտեգրվել հասարակությանը»,- պատմում է Մարինեն՝ հավելելով, որ իր ուսանողական կյանքը նույնպես շատ հագեցած էր այնտեղ:
Նա նշում է, որ համալսարանական կլինիկայում իրեն հասանելի էր այն ամենը, ինչ անհրաժեշտ է ուսումնառության գործընթացն առավել արդյունավետ և հետաքրքիր կազմակերպելու համար. գրադարան, արխիվ, ամսագրեր և կայքեր, հիվանդների ամենօրյա հետազոտությունների արդյունքներ, անձնական էջ հիվանդանոցի ներքին ցանցում, և այլն. «Օրս սկսվում էր տեսական պարապմունքով, ապա ինձ հանձնարարվում էր որոշակի թվով հիվանդների հետազոտություն: Կատարված հետազոտությունների արդյունքները և ստացած տեսական գիտելիքներն օրվա վերջում քննարկում էինք ռադիոլոգիայի բաժնի վարիչի հետ»:
Լյովենում սովորելու տարիներին Մարինեն հասցրել է ծանոթանալ Բելգիայի մշակույթին, լինել տարբեր քաղաքներում ու տեսարժան վայրերում, շփվել այլազգի ուսանողների հետ և որոշ չափով ծանոթանալ նրանց մշակույթին ու սովորույթներին. «Մասնակցում էի Լյովենում կազմակերպվող մշակութային տարբեր ծրագրերի՝ երաժշտական փառատոներ, թատերական երեկոներ, և այլն: Բացի այդ, Լյովենի ուսանողական հայ համայնքը նպաստում է, որ ազատ ժամերդ անցնեն հետաքրքիր և հագեցած, և քեզ զգում ես՝ ինչպես հայրենիքում»:
Մեր զրուցակիցն ընդգծում է՝ թե՛ մասնագիտական, թե՛ անձնական առումներով Լյովենն իրեն շատ բան է տվել. «Որպես անհատականություն՝ ես դարձա շատ ավելի ինքնուրույն, հոգեպես կայուն և ինքնավստահ: Մասնագիտական առումով Լյովենն ինձ տվեց լիարժեքության զգացողություն: Չնայած Լյովենում աշխատանքս շարունակելու բազմաթիվ հնարավորություններին՝ հայրենիքիս և ընտանիքիս նկատմամբ կարոտն ինձ ստիպեց վերադառնալ Հայաստան և ծառայել հայրենիքիս»:
Ռազմիկ Մարտիրոսյան