tert.am–ը զրուցել է երգչուհի Արաքս Մանսուրյանի հետ
-Դուք ողջունե՞լ եք նրա (խոսքը Շուշան Պետրոսյանի մասին է:) քաղաքական գործունեությունը, քաղաքական բեմահարթակ բարձրանալը։ Ձեզ շատ անկեղծ մի բան ասեմ՝ երբ ես մի անգամ նմանատիպ մի բանի մասին խոսեցի իմ մոր հետ, նա կարճ ու կտրուկ ասաց՝ «Գործ չունես, դա քո տեղը չէ»։ Եվ այն էլ մի պարագայում, երբ վիճակներս վիճակ չէր, և մայրս՝ աչքս թեքում էի թե չէ՝ տան տաքացուցիչներն անջատում էր։ Ուզում եմ իմանալ՝ Դուք ի՞նչ ասացիք Ձեր աղջկան։
-Սա ինձ համար հիվանդագին հարց է։ Ասեմ ինչու՝ բաներ կան, որ, այո, շատ վտանգավոր է անկեղծ ասելը։ Բայց ես անկեղծ կլինեմ Ձեզ հետ. երբ այդ առաջարկը եղավ, Շուշանս ինձ մոտ էր։ Ես նրան ասացի՝ «Շուշան, լավ մտածե՞լ ես։ Ես չեմ ուզում, որովհետև քո արվեստը շատ բարձր եմ գնահատում»։ Նա ասաց՝ «Մամա, մի մտահոգվի, եթե ես գնամ, համարյա նույն բանը պիտի անեմ, ինչն իմ արվեստով եմ անում՝ պիտի ծառայեմ իմ ժողովրդին, պիտի անեմ այն, ինչը դեռ ինչ-որ մեկը չի արել։ Ես չեմ շարունակելու ինչ-որ մեկի գործը, այլ անելու եմ այն, ինչ սկսել եմ իմ երգով»։
–Բայց դա բավականին ռիսկային քայլ էր, կամ, միգուցե, ես եմ սխալվում, չգիտեմ։ Ցանկացած կտրուկ խոսքի սխալանքը մեծ է. այո-ի ներսում պիտի կարողանաս, միգուցե, ոչ-երը ցույց տալ կամ՝ հակառակը։ Չի բացառվում, որ դադարը, լռությունը հենց մեզ տրված այդ կարողությունն է, որ կա։
–Անշուշտ։ Բայց եթե նրա երգը ինձ, մարդկանց, իսկապես, տակնուվրա է անում, այդ զգացումը նա պիտի մարդկային հարաբերությունների մեջ կիսեր։ Եվ անկեղծ ասեմ՝ տեսնում եմ, որ նա արդեն անում է այդ գործը։ Լսում եմ, տեսնում եմ, թե ինչպես է Ղարաբաղում օգնում, կարծեմ, 39 դպրոցի։ Այնտեղ դաշնամուր տարավ, նկարչական լաբորատորիա, տարբեր պիտույքներ։ Եվ ես հասկացա, որ նա մտավ այս գործի մեջ, ուրեմն, ուներ այդ երազանքն իրականացնելու ցանկություն։ Եվ ոչ որպես քաղաքական, այլ՝ ավելի շուտ որպես հասարակական գործիչ։ Ես միշտ նրան գրում եմ՝ «Շուշան, ես հպարտ եմ քեզնով, ապրես։ Աստված քեզ այնքան ուժ տա, որ շարունակես քո գործերը, օգնես մարդկանց»։ Բայց ասում եմ՝ սկզբում ես դեմ էի։ Ասել էի՝ «Երգդ չկեղտոտես»։ Ինձ համար քաղաքականությունը միշտ էլ անբարոյականություն է եղել։ Ես չեմ սիրում քաղաքականություն և չեմ հետաքրքրվում դրանով։ Միգուցե, հիմա շատ համարձակ բաներ եմ ասում։ Կարծում եմ՝ Շուշանը մտել է ոչ թե քաղաքականության մեջ, այլ այդ բառի անվան տակ ընտրել է մի լուսավոր ճանապարհ՝ գործով օգնել մարդկանց։
-Դուք հիշո՞ւմ եք այն շրջանը, երբ Տիգրան Մանսուրյանն էլ պատգամավոր էր, հետո՝ Կոնսերվատորիայի ռեկտոր, որից նա հրաժարվեց։ Դա, անշուտ, որոշակի դիրք էր, որտեղից նա էլ կարող էր ավելի ակտիվ գործել։ Բայց նա, ամեն դեպքում, հեռացավ իր աշխարհ։ Իսկ նա մեզ համար բարոյականության, մշակութային ամենաբարձր երկնքի էակ է։
-Նա ետ քաշվեց դեպի իր աշխարհ, իր տիեզերք։ Այո, բայց Տիգրանը մի քանի տարի այդտեղ էր, այդ աշխատանքների մեջ։ Իսկ Շուշանը նոր է մտել՝ 1,5 տարի է ընդամենը։
-Այսինքն, կարծում եք, կվերադառնա՞ դեպի իր երգը, դեպի իր տուն։
-Այո, ես երազում եմ, որ նա նորից մտնի իր երգարվեստի մեջ։ Շնորհակալ եմ Աստծուն, որ նրան փրկեց այս վթարից, այս սարսափելի աղետից։ Դրա տակ, անշուշտ, մի ծրագիր կար։ Ուրեմն, նա դեռ շատ կարևոր առաքելություն ունի։ Մարդիկ կան, որ դեռ նայում են նրա օգնությանը։ Ես տեսել ու լսել եմ այդ մարդկանց աղոթքները։ Ինձ էլ զանգահարում, խոսում են։ Ղարաբաղից շատ են զանգում, թե՝ «Շնորհակալ ենք, որ մեզ Շուշան եք նվիրել»։ Դա ինձ համար ամենամեծ գնահատականն է։ Բայց ես, միևնույն է, ուզում եմ, որ Շուշանը երգի։ Երգն աստվածային պարգև է։ Չի կարելի դնել անկողնու տակ ու պահել։ Ափսոս է։ Չէ՞ որ երգարվեստը երկար կյանք չունի։ Բայց նա դեռ երգում է։ Հետո կորցնում ես որակ։ Ես ուզում եմ դեռ լսել Շուշանիս ձայնը։ Իհարկե, թող նա անի այս գործը, դա արդար է։ Բայց ասեմ՝ նրա արդարությունն ու ուղղամտությունն էլ է սխալ ընկալվում։ Շատերը ցավով են ընդունում, որովհետև կեղծիքն ու չարությունը շատ են։ Գնահատանք չկա։
–Ես բավականին պինդ մայր ունեմ, ով ամենաշատն է ինձ քննադատում, օրինակ, վերջերս ինձ տեսավ հեռուստացույցով և հատուկ զանգեց ու հատ-հատ խոսեց բոլոր թերությունների մասին։ Վերջում էլ, թե՝ «Դու ընդամենը լրագրող ես, մի թող, որ քեզ ասեն մեդիափորձագետ, ամոթ է»։ Ես, իհարկե, նրան հաշվետվություն տվի, որ դա իմ զբաղեցրած աշխատատեղի անվանումն է, բայց դա բնավ էլ նրան համոզիչ չթվաց։ Ինչ է ասելիքս, որ բոլորս էլ կարող ենք ընկնել թե՛ փառասիրության և թե՛ անգամ ռազմահայրենասիրական պաթետիկայի մեջ, ու միայն մեր ամենասիրելիները կարող են բռնել մեր մազերից ու դուրս հանել այդ փորձության միջից, չէ՞։
–Ես հասկանում եմ, իհարկե, թե ինչի մասին եք Դուք ասում։ Այո, համաձայն եմ Ձեզ հետ։ Այս բոլորին Շուշանը շատ մեծ ցավով է նայում և երբեմն, երևի, խիստ զգացմունքային է արձագանքում։ Միշտ չէ, որ նրա արդարամտությունը ճիշտ է ընկալվում։
–Ես, օրինակ, նրան ընկալում եմ որպես մանսուրյանական ընտանիքի մի ճյուղ և կարծում եմ, որ նրա հանրային ընկալումը խիստ կարևոր է։ Դրա համար էլ խոսեցի այս մասին, կներեք։ Որովհետև Մանսուրյանների երգի երկինքը համարյա անապական եմ ուզում տեսնել։
–Գիտե՞ք, հիմա պատմեմ երեկվա դեպքը։ Ես մայրն եմ, մենք միասին տանն էինք։ Հանկարծ նա վեր թռավ ու ասաց՝ «Մամա, կներես, հիմա Տավուշի հետ կապված մի ծրագիր պետք է նայեմ»։ Քիչ հետո եկա ու տեսա, որ նա արցունքներն աչքերին նայում է՝ քթի տակ բարկացած ինչ-որ բաներ խոսելով։ Տեսնում եմ, որ նրա մեջ շատ մեծ ցավ կա։ Այս բոլորին նա մեծ ցավով է նայում։ Երանի խաղալու ընդունակություն ունենար։ Ես, հաստատ, կողջունեի։ Նա ասում է՝ «Ես իմ տատիկի նման եմ»։ Այո, մեր մաման շատ հայրենասեր էր։ Միշտ ասում է՝ «Աննա տատիկը որ սա իմանար, շատ հպարտ կլիներ»։ Երանի, թե նա կարողանար իր պոռթկումները փակել, պատնեշ դնել, մի բան իր ներսում թողնել։ Չի կարողանում։
–Բայց ծնողներն ամեն բանի ելքը գտնում են, ու ես էլի Տիգրան Մանսուրյանի մի պատմությանն եմ գալիս, երբ նա շատերիս պես գրքեր է ժամանակին թռցրել գրադարանից, և Ձեր հայրը գտել է խաղաղ կապիտուլյացիայի ելքը՝ որդուն ասելով, թե գրադարանին տեղեկացրել է, որ որդու ընկերներից մեկն է այդ գրքերը վերցրել, ամաչում է վերադարձնել ու նրան է խնդրել, որ գրքերը հանձնի։ Դուք հիշո՞ւմ եք այդ պատմությունը։
–Դեպքը չեմ հիշում, բայց պատմությունն, անշուշտ գիտեմ։ Տիգրանն անընդհատ կարդում էր և ընկերություն անում միշտ իրենից մեծերի հետ։ Հիշում եմ նրա և հորս զրույցները, ես տան փոքրն էի։ Մենք չորսն ենք, գիտեք, մյուս եղբայրսˋ Մհերը, գեղանկարիչ է, հիմա Փարիզում է բնակվում, փոքր քույրսˋ Սոնան, նույնպես այնտեղ է։ Իսկ հայրս, այո ազնվագույն մարդ էր։ Մեր տանը երբեք կեղծիք չի եղել։ Իսկ մաքրամաքուր հայերենը զնգում էր։ Ծաղրում էր, երբ ռուսերեն բառեր էին ասվում հայերեն խոսքի մեջ. սարսափելի հիվանդագին էր ընդունում, երբ լեզուն աղավաղվում էր։ Լեզուն սրբություն էր մեր տանը։ Ես էլ այդպես եմ մեծացրել իմ երեխաներին։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: