Աշխարհի ամենահարուստ ընտանիքներն՝ ըստ Bloomberg-ի
Advertisement 1000 x 90

Աշխարհի ամենահարուստ ընտանիքներն՝ ըստ Bloomberg-ի

Bloomberg-ի վարկանիշով աշխարհի ամենահարուստ ընտանիքների ցուցակը չորրորդ տարին անընդմեջ գլխավորում է Ուոլթոնների ընտանիքը, որին պատկանում է մեծածախ եւ մանրածախ առեւտրի Walmart խոշորագույն ցանցը։ Գործակալությունը ընտանիքի կարողությունը գնահատել է 224,5 միլիարդ դոլար, մեկ տարվա ընթացքում այն նվազել է 13,7 միլիարդ դոլարով:

Walmart-ը հիմնադրվել է գործարար Սեմ Ուոլթոնի կողմից՝ 1962 թվականին։ Այժմ ամբողջ աշխարհում խանութների թիվը գերազանցում է 10 500-ը, կենտրոնակայանը գտնվում է Բենթոնվիլում (Արկանզաս նահանգ), ընկերության եկամուտը կազմում է 573 մլրդ դոլար։ Ուոլթոնների ընտանիքին է պատկանում ցանցի բաժնետոմսերի 47 տոկոսը։

Ամենահարուստ ընտանիքների թոփ 10-ում ներառվել են նաեւ՝

Մարսերի ընտանիքը՝ Mars հրուշակեղենի եւ երկարաժամկետ պահպանման սննդամթերքի արտադրության սեփականատերերը՝ 160 մլրդ դոլար (+ $18 մլրդ մեկ տարում),


Կոխերի ընտանիքը՝ ամերիկյան նավթաքիմիական Koch Industrues կորպորացիայի սեփականատերերը՝ 124,4 մլրդ դոլար (+ 4,4 մլրդ),

Սաուդյան թագավորական Ալ Սաուդների ընտանիքը՝ 105 մլրդ դոլար (+5 մլրդ դոլար),

Էրմեների ընտանիքը, ֆրանսիական Hermes նորաձեւության տան սեփականատերերը՝ 94,6 մլրդ դոլար (-17 մլրդ),

Ամբանիների ընտանիքը, նավթի արդյունահանման եւ վերամշակման Reliance Industries հնդկական հոլդինգի սեփականատերերը՝ 84,6 մլրդ դոլար (-9,1 մլրդ),

Վերթհայմերների ընտանիքը, ֆրանսիական Chanel նորաձեւության տան սեփականատերերը՝ 79 մլրդ դոլար (+ 17,2 մլրդ),

Կարգիլների ընտանիքը, Cargill գյուղատնտեսական ընկերության սեփականատերերը, 65,2 մլրդ դոլար,

Թոմփսոնների ընտանիքը՝ Reuters լրատվական գործակալության վերահսկիչ փաթեթի սեփականատերերը՝ 61,2 մլրդ դոլար,

Հոֆմանների ընտանիքը, շվեյցարական Roche Holding դեղագործական ընկերության մինորիտար սեփականատերերը՝ 45,1 մլրդ դոլար։

Ընդհանուր առմամբ վարկանիշում ներառվել է 25 ընտանիք։ Դրանց թվում են Ալբրեխտների ընտանիքը, որին պատկանում է գերմանական Aldi զեղչային խանութների ցանցը (41,4 մլրդ դոլար), Քոքսերի ընտանիքը, հեռահաղորդակցության Cox Enterprises ընկերության սեփականատերերը (28,3 մլրդ դոլար), Միստրիների ընտանիքը, հնդկական Hapoorji Pallonji Group շինարարական ընկերության հիմնական սեփականատերերը եւ այլն:

Bloomberg-ի տվյալներով՝ աշխարհի ամենահարուստ 25 ընտանիքների ընդհանուր կարողությունը կազմում է 1,5 տրլն դոլար՝ 143 մլրդ դոլարով պակաս, քան մեկ տարի առաջ։ Միաժամանակ, նշում է գործակալությունը, որոշ գերհարուստ ընտանիքների կարողությունը, ինչպիսիք են Ռոքֆելլերները, հաշվի չի առնվում, քանի որ նրանց ակտիվներին «չափազանց դժվար է հետեւել»։

Հետազոտության տվյալների համաձայն՝ աշխարհում ցենտիմիլիոնատերերի (կարողությունը սկսվում է 100 մլն դոլարից-խմբ․) թիվը կազմում է 25 490։ Սրանք հիմնականում տեխնոլոգիական եւ մուլտիազգային ընկերությունների սեփականատերեր են, ֆինանսիստներ եւ հարստության ժառանգորդներ։ Վերջին 20 տարիների ընթացքում նրանց թիվը ավելի քան երկու անգամ մեծացել է։

ԱՄՆ-ում է ապրում բոլոր ցենտիմիլիոնատերերի 38 տոկոսը (9730), Չինաստանն ու Հնդկաստանը համապատասխանաբար երկրորդ (2021) եւ երրորդ (1132) տեղերում են։ Չորրորդ տեղում Մեծ Բրիտանիան է (968), որին հաջորդում է Գերմանիան (966):

Տասնյակում ընդգրկվել են նաեւ Շվեյցարիան, որը զբաղեցնում է վեցերորդ տեղը (808), Ճապոնիան (765), Կանադան (541), Ավստրալիան (463): Ռուսաստանը եզրափակում է ամենաշատ ցենտիմիլիոնատերեր ունեցող երկրների տասնյակը՝ 435: Մյուս խոշոր տնտեսությունները՝ Ֆրանսիան (380) եւ Իտալիան (298), ցենտիմիլիոնատերերի թվով առաջատարների թվում չեն: Հետազոտողների գնահատմամբ՝ առաջիկա տարիներին Ասիայում եւ Աֆրիկայում սուպերհարուստ մարդկանց թիվն արագորեն կաճի։