Ռեյ Բրեդբերի. 3 ստեղծագործություն, որ կարող եք կարդալ հայերեն
Advertisement 1000 x 90

Ռեյ Բրեդբերի. 3 ստեղծագործություն, որ կարող եք կարդալ հայերեն

Ռեյ Բրեդբերին գիտաֆանտաստիկ ժանրի գրող է, որը կարողացել է իր մանկության երազանքներն ու մղձավանջները, վատ տեսողությունը (որը ստիպել է նրան հրաժարվել զինվորական ծառայությունից) և սառը պատերազմի պարանոյան վերածել փայլուն գրական կարիերայի, որը տևել է 74 տարի և ներառել սարսափ, ֆանտաստիկա, ֆենթըզի, հումոր, պիեսներ, պատմվածքներ, վեպեր և այլն։

Ձեզ ենք ներկայացնում Ռեյ Բրեդբերիի ստեղծագործություններից երեքը, որոնք խորհուրդ կտանք կարդալ․

«451° ըստ Ֆարենհայթի»

1953 թվականին հրատարակված վեպ է: Համարվում է Բրեդբերիի ամենահայտնի ստեղծագործությունը:

Նրա ապագա աշխարհը լի է միայն հեռուստացույցներով և չմտածված զվարճանքներով, մարդիկ արդեն դադարել են մտածել և շփվել միմյանց հետ, և այդպիսի զանգվածներն այլևս գրականության կարիք չունեն, հետևաբար, Բրեդբերիի այս աշխարհում հրշեջները պետք են ոչ թե կրակը մարելու, այլ գրքեր այրելու համար․․․

Վեպի գաղափարը հիմնված է Բրեդբերիի «Bright Phoenix» (1947) պատմվածքի վրա։ Բրեդբերին, չունենալով իր սեփական գրասենյակը, գրել է վեպը UCLA հանրային գրադարանում վարձակալած գրամեքենայով, որի կես ժամվա համար վճարել է 10 ցենտ։ Վեպը գրել է ընդամենը 9 օրում՝ այդպիսով իր բեսթսելլերի վրա ծախսելով ընդհանուր 9,80 դոլար:

Առաջին անգամ «Ֆարենհայթի» կրճատված տարբերակը (մոտ 25 000 բառ) հրապարակվել է Galaxy Science Fiction ամսագրում, 1951 թվականին, «Հրշեջը» անվամբ։ Վեպի ամբողջական տարբերակը (երկու անգամ ավելի երկար) հրատարակել է Ballantine Books հրատարակչությունը՝ 1953 թվականին:

Բացի «Հրշեջը» պատմվածքից, վեպի համար հիմք է հանդիսացել նաև «Հետիոտնը» ստեղծագործությունը։

«Այս վեպը հիմնված է իրական փաստերի, ինչպես նաև գրքեր այրողների հանդեպ իմ ատելության վրա», – ասել է Բրեդբերին Associated Press-ին 2002 թվականին:

Վեպի իրադարձությունները տեղի են ունենում ապագայում, երբ ամերիկյան հասարակության տոտալիտար ռեժիմն այրում է բոլոր գրքերը՝ սպառողական մտածելակերպն ամրապնդելու նպատակով։ Թաքստոցներում պահվող փոքրաթիվ գրքերը հայտնաբերվում ու հրապարակայնորեն ոչնչացվում են հատուկ այդ աշխատանքի համար ստեղծված հրկիզողների ջոկատի միջոցով:

Մեջբերումներ գրքից՝

«Մարդկանց գլուխները լցրեք անպետք թվերով, խցկեցեք այնքան չնչին փաստեր, մինչև որ նրանց սիրտը խառնի։ Ոչինչ, հետո նրանց կթվա, թե շատ կրթված են»։

-Երբեմն ծածուկ խոսակցություններ եմ լսում մետրոյում կամ էլ հանքային ջրի կրպակների մոտ: Եվ գիտե՞ք ինչ։ –                                           -Ի՞նչ:                                                                                                                                                                                                                                                 -Մարդիկ ոչնչի մասին են խոսում:                                                                                                                                                                                               -Չի կարող պատահել։                                                                                                                                                                                                                    -Այո.. Ոչնչի մասին։ Դատարկախոսում են՝ նորաձևություն, լողավազաններ, ավտոմեքենաների մակնիշներ և ամեն ինչին ավելացնում են «Փառահեղ է»: Նրանք բոլորն էլ չաչանակի նման շարունակ նույն միտքն են կրկնում… Բայց չէ՞ որ այդ ամենը կատարելապես անբովանդակ գունախաղ է…

Ոչ ոք չի կարող որոշել այն ճշգրիտ պահը, երբ մարդկանց միջև ծնվում է ընկերությունը: Դա նման է անոթը կաթիլ առ կաթիլ ջրով լցնելուն. ի վերջո հասնում ես այն վերջին կաթիլին, որից հետո ջուրը դուրս է թափվում անոթից: Ճիշտ այդպես մի բարությունից մյուսը չես էլ նկատում, թե երբ ավելացրիր բարությանդ վերջին կաթիլը, որը ստիպեց, որ դիմացինիդ սիրտը հեղեղվի քեզնով:

Մենք ունենք այն,ինչ պետք է երջանիկ լինելու համար, բայց մենք դժբախտ ենք…

Կարևոր չէ, թե ինչ ես անում, կարևոր է, որ այն ամենը, ինչին ձեռք ես զարնում՝ ձևափոխվի, նախկինից տարբեր ձև ստանա, որ նրա մեջ քեզանից մի մասնիկ մնա։

Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ մարդիկ այլևս արժեք չունեն։ Մեր օրերում մարդը թղթե անձեռոցիկ է. մաքրիր քիթդ, ճմռթիր, դեն նետիր, վերցրու նորը, մաքրիր քիթդ, ճմռթիր, շպրտիր… Մարդիկ չունեն իրենց դեմքը։

 «Խատուտիկի գինի»

«Խատուտիկի գինին» առանձնանում է Ռեյ Բրեդբերիի գրական ստեղծագործություններում՝ գրողի անձնական վերապրումներով։ Գիրքը մեծամասամբ ինքնակենսագրական է, որի իրադարձությունները տեղի են ունենում 1928 թվականի ամռանը՝ հորինված քաղաք Գրին Թաունում: Քաղաքի նախատիպն ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Ուոկիգան քաղաքն է (Ռեյ Բրեդբերիի ծննդավայրը)։

Գրքի մեծ մասը նկարագրում է գավառական ամերիկյան քաղաքի առօրյան և անցյալի պարզ ուրախությունները, որոնց կենտրոնը խատուտիկի թերթիկներից գինու պատրաստումն է։ Հենց այս գինին է դառնում այն ​​մետաֆորիկ շիշը, որի մեջ լցվում են ամառվա բոլոր ուրախությունները։ Չնայած այն հանգամանքին, որ գիրքը չի պարունակում գրողին հատուկ գերբնական թեման, կախարդանքն ինքնին պտտվում է մանկության զգացողությունների և փորձառությունների շուրջը, որոնք այլևս հնարավոր չէ կրկնել չափահաս տարիքում:

Սուժեի կենտրոնում Դուգլաս ու Թոմ եղբայրներն են:

Մեջբերումներ՝

«Վերջիվերջո, ինչ որ թռել գնացել է, վերջացել է անդարձ: Մարդ միշտ ներկայում է: Թեկուզև նա աղջնակ է եղել մի ժամանակ, բայց դա արդեն կապ չունի: Մանկությունն անցել է և ոչ մի կերպ հետ չի դառնա»:

Ես միշտ իմացել եմ, որ սիրո որոշիչը հոգին է, թեև մարմինը երբեմն հրաժարվում է դա ընդունել: Մարմինն ապրում է իր համար … Իսկ հոգին չէ՞ որ արևից է ծնվել… Կարելի՞ է մարմնի պես խղճուկ, եսասեր, գիշերածին բանը համեմատել ամբողջ կյանքը լուսավորող արևի, հոգու և մտքի հետ:

-Ես չեմ հիշում, որ երբևէ մեկնումեկը հաղթած լինի մի տեղ։ Պատերազմում չեն հաղթում, Չարլի։ Միշտ տանուլ են տալիս …

Տասն­յոթ տա­րե­կա­նում ա­մեն ինչ գի­տես: Երբ քսան­յոթ ես և­ ա­ռաջ­վա պես ա­մեն ինչ գի­տես, ու­րեմն դեռ տասն­յոթ ես:

Ամենից առաջ հասկանում ես կյանքում, որ հիմարի մեկն ես: Վերջում էլ հասկանում ես, որ նույն հիմարն ես:

 «Մարսյան քրոնիկոն»

1950 թվականին Ռեյ Բրեդբերիի դեբյուտային վեպը՝ «Մարսյան քրոնիկոնը», նրան համաշխարհային ճանաչում բերեց: Վեպում նա խոսում է մարդու կողմից ուտոպիստական ​​մարսյան բնակչության ռազմատենչ գաղութացման մասին։ Ստեղծագործությունը կառուցված է պատմությունների շղթայի տեսքով, որոնցից յուրաքանչյուրը ծաղրում է մարդկության այն ժամանակվա իրական խնդիրները՝ ռասիզմը, կապիտալիզմը և մոլորակի նկատմամբ հսկողություն սահմանելու համար չափազանց մեծ պայքարը։

Ամենայն հավանականությամբ, «Մարսյան քրոնիկոնին», ինչպես նաև Բրեդբերիի որոշ այլ ստեղծագործություններին ընթերցողը ծանոթանում է մանկության տարիներին։ Մեծահասակները հեշտությամբ կարող են նկատել, որ հեղինակի բոլոր ֆանտաստիկ աշխարհները պարզապես մեր Երկիր մոլորակն է, որն այնքան զարմանալի է և առեղծվածային, և որին ոչնչացնում են ոչ թե տարօրինակ արարածները, այլ հենց մարդը․․․

Հեղինակն այն նվիրել է կնոջը՝ Մարգարետին։

Վեպում ներկայացվում է, թե ինչպես են հետզհետե ոչնչացող և քայքայվող Երկիր մոլորակից մարդիկ մեկնում Մարս և գաղութացնում այն, և թե ինչպես է զարգանում բնիկ մարսեցիների և նոր գաղութատեր երկրացիների միջև հակամարտությունը։

Գիրքը միջանկյալ տեղ է զբաղեցնում պատվածաշար և էպիզոդիկ վեպ ժանրերի միջև։ Այստեղ նաև զետեղված են Բրեդբերիի՝ դեռևս 1940-ականների վերջին գիտաֆանտաստիկ ամսագրերում հրատարակված պատմվածքները՝ «Հրթիռի ամառ», «Իլլա», «Ամռան գիշեր», «Երկրաբնակները», «Հարկատուն», «Երրորդ արշավախումբը», «…Եվ դրսում լո՜ւյս է սպիտակ»։

Մեջբերումներ «Հրթիռի ամառ» պատմվածքից

Օհայոյի ձմեռ էր, բոլոր դռները փակ էին, պատուհանները՝ գոց, ապակիները՝ եղյամից կուրացած, սառցալուլաները՝ տանիքներից կախված, երեխաները դահուկներով սահում էին զառիթափ, տատիկները հաստամարմին սև արջերի պես մորթապատ դնդում էին փողոցներում: Հետո ջերմության մի ալիք անցավ փոքրիկ քաղաքում:
Սառույցները սկսեցին փշուր-փշուր հալվել: Դռներն ու պատուհանները բացվեցին: Երեխաներն ազատվեցին իրենց հաստ շորերից, իսկ տատիկները դեն նետեցին իրենց արջի մորթիները:

vnews.am