Արդեն 8 օր է, Արցախն Ադրբեջանի կողմից գտնվում է շրջափակման մեջ, փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։ 8 օր շարունակ Արցախ չի մատակարարվում առաջին անհրաժեշտության ապրանք, դեղորայք։ Բազմաթիվ հիվանդներ, որոնք անհապաղ պետք է վիրահատվեն, չեն կարողանում տեղափոխվել Երևան։
Ստեղծված իրավիճակում ի՞նչ հնարավորություններ կան օդային ճանապարհն օգտագործելու համար, դրա համար ի՞նչ քայլեր են անհրաժեշտ։
168.am-ի հետ զրույցում ավիացիայի փորձագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն անդրադառնալով այս հարցերին, նախ նշեց, որ աշխարհը բանդիտիզմով չի կառավարվում ու ղեկավարվում։
«Գոյություն ունեն Միացյալ Ազգերի Կազմակերպության՝ ՄԱԿ-ի թռիչքներ՝ իրենց հովանու ներքո, ես անձամբ դրա ներքո աշխատել եմ, և գոյություն ունի ՄԱԿ-ի ներքո գտվող Համաշխարհային պարենային ծրագիր։ Այսինքն՝ այդ օդանավերով կարելի է և՛ ուտելիք հասցնել, և՛ մարդկանց տեղափոխել։ Վերջին հաշվով, գոյություն ունեն Կարմիր խաչի օդանավեր։ Մարդկությունը չի ասել՝ ով ինչ ուզում է, թող անի։ Հակառակը՝ ասում է, որ անտեղ մարդիկ են ապրում, նրանք պետք է սնվեն, նրանք ապրելու իրավունք ունեն։
Կարծում եմ, եթե ռուսական խաղաղապահները չեն կարողանում ապահովել այն, ինչ իրենք պարտավորվել են ապահովելու, նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագիրն ուղղակի դառնում է աղբ։ Այն նետում են մի կողմ ու ասում, որ նման պայմանավորվածություն չի եղել, և վերադառնում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դաշտ»,- նշեց Հակոբ Ճաղարյանը։
Ավիացիայի փորձագետի մեկնաբանությամբ՝ ճանապարհը հետևյալն է, Ադրբեջանը՝ համաձայն քաղաքացիական ավիացիայի միջազգային օրենքների, իրավունք ունի թույլ չտալու իր տարածք մտնել, Հայաստանն էլ կարող է թույլ չտալ իր տարածք մտնել։
«Իրավունք ունի դեպի Ստեփանակետ գնացող քաղաքացիական օդանավերին ստիպել ուրիշ օդանավակայանում վայրէջք կատարեն, մաքսային ստուգումներ անցնեն, հետո նոր շարունակեն։ Եվ Ադրբեջանը չի կարող ոչ մի պարագայում ընդդիմանալ ՄԱԿ-ին, ոչ մի երկիր չի կարողացել նման բան անել։ Եթե ՄԱԿ-ը սկսի Համաշխարհային պարենային ծրագիրը կամ Կարմիր խաչը գործունեություն ծավալի, ապա Ադրբեջանն ուղղակի ոչ մի ճանապարհ չունի դրանից հրաժարվելու, այսինքն՝ այդ օդանավերը կաշխատեն։ Կաշխատեն Հայաստանից, կաշխատեն Վրաստանից, բայց կաշխատեն»,- շեշտեց Հակոբ Ճաղարյանը։
Հարցին՝ արդյո՞ք 8 օրը բավարար չէր, որ հայկական կողմը նման քայլեր ձեռնարկեր, Հակոբ Ճաղարյանը հարցով պատասխանեց.
«Արդյո՞ք երկու տարին բավարար չէր կռահելու համար, որ նման բան է լինելու, և այս երկու տարվա ընթացքում դա կազմակերպեին։ Կապիտուլյացիայից երկու տարի է անցել, շատ խե՞լք էր պետք, որպեսզի հասկանային, որ այս օրը գալու է։ Իհարկե հնարավոր էր և պարտադիր էր այս օրերին ինչ-որ բաներ անել, բայց այն ժամանակից այդ գործառույթները պետք է արած լիներ։ Այսօր արդեն օրհասական վիճակ է, և ամեն ինչ շատ արագ պետք է լինի։ Այսօր ես պատրաստվում եմ դրանով զբաղվել։ Արցախի կառավարությանը դրա մասին տեղեկություն եմ ուղարկել, տեսնեմ՝ այսօր ինչ իրավասություն կտա ինձ, դրանից հետո ես կդիմեմ ՄԱԿ, կամ Արցախի կառավարությունը պետք է դիմի ՄԱԿ։ Նույնիսկ անհատի ջանքերն այստեղ քիչ է, պետք է այս գործին լծվեն ՄԻՊ գրասենյակները, արտգործնախարարությունները, նաև Կարմիր խաչը, այսինքն՝ այս ամենն արվի պետական մակարդակով»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։