Ի՞նչ լեզու ենք լսում խորհրդարանում. հայ մարդը պետք է տեսնի, թե ինչպես է խոսում իր ընտրյալը և ընդօրինակի՞. Վիկտոր Կատվալյան
Advertisement 1000 x 90

Ի՞նչ լեզու ենք լսում խորհրդարանում. հայ մարդը պետք է տեսնի, թե ինչպես է խոսում իր ընտրյալը և ընդօրինակի՞. Վիկտոր Կատվալյան

Փետրվարի 21-ին աշխարհը նշում էր Մայրենի լեզվի միջազգային օրը։ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանի կարծիքով՝ այդ օրը պետական մի շարք միջոցառումներ պետք է կազմակերպվեին, իրական տոն պետք է լիներ:

«Պահպանել մայրենի լեզուն՝ նշանակում է պաշտպանել մեր էությունը, ինքնությունը, և այս իմաստով բոլորս ենք պարտավոր մեծ հոգածություն ցուցաբերել մեր լեզվի նկատմամբ: Ցավոք, այսօր գրական նորմերի նկատմամբ չկա հոգածություն և հաճախ հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ գրական լեզուն պետք է միշտ լինի գեղեցիկ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը՝ ընդգծելով, որ առաջին հերթին լրատվամիջոցները պետք է նախանձախնդիր լինեին այս հարցում:

«Հեռուստատեսությունը պետք է դրոշակակիրը լիներ: Այն պետք է լիներ բարձր մշակույթ տարածող, սակայն, ցավոք, չգիտես ինչու՝ որոշել են, որ հեռուստատեսությունն այսօր պետք է իջնի մասսաների մակարդակին: Մինչդեռ հեռուստատեսությունը, լինելով մշակութային իրողություն՝ պետք է մասսաներին բարձրացնի դեպի վեր, նշաձող սահմանի: Բոլորը մտածում են, թե պետք է այնպես անել, որ ժողովրդի համար հասկանալի լինի, բայց մի՞թե գրական գեղեցիկ լեզուն ժողովրդի համար հասկանալի չէ; Հիշենք կարճամետրաժ ֆիլմերից «Տերն ու ծառան», «01-99»-ը, որտեղ հայերենն այնքան գեղեցիկ է ներկայանում: Տաղանդի խնդիր էր: Հիմա ևս պետք է ունենան բավականաչափ տաղանդ, որպեսզի ներկայացվի աշխույժ, բայց մաքրամաքուր հայերեն: Ցավոք, այս երևույթը մենք այսօր չենք տեսնում: Նույնիսկ որոշ հաղորդավարներ իրենց իրավունք են վերապահում գործածել օժանդակ «ա» բայը՝ «է»-ի փոխարեն: Դա սղոցում է ականջը, խաթարում գրական հայերենը»,- նշեց Վիկտոր Կատվալյանը:

ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի գնահատմամբ՝ միայն հեռուստատեսությունը կամ այլ լրատվամիջոցները չէ, որ լեզվի խաթարման հարցում ունեն իրենց մեղքի բաժինը.

«Ցավոք, նաև դպրոցում ստեղծված չէ այնպիսի համակարգ, որը թույլ կտար, որ սովորողները կարողանային բանավոր և գրավոր գեղեցիկ արտահայտվել: Կարծում եմ՝ այստեղից պետք է սկսել, և կրթական համակարգում պետք է մեծ լինի գործնական աշխատանքների դերը՝ գրական խոսքի զարգացման առումով: Եթե ուսուցիչ լինեի՝ երեխաներին ամեն օր մեկ թեմա կտայի և կհորդորեի բանավոր  պատմություն հորինեին, ու կտեսնեի նրանց սխալները, կշտկեի: Հետո նույնը գրավոր կհանձնարարեի: Դպրոցում պետք է հասնենք նրան, որ յուրաքանչյուր շրջանավարտ, անկախ իր մասնագիտությունից, կարողանա մաքուր, գեղեցիկ խոսել: Դպրոցից պետք է սկսել և շարունակել բուհերում: Բուհերում վերջին ժամանակներս նկատում ենք Հայոց լեզվի դասաժամերի կրճատման  միտում. հայ մտավորականն իրավունք չունի գեղեցիկ հայերենով խոսել չկարողանալ: Պետք է ընդլայնել Լեզվի կոմիտեի իրավասությունները, որպեսզի վերահսկի նաև պետական խոսքը: Ի՞նչ լեզու ենք լսում խորհրդարանում. հայ մարդը պետք է տեսնի, թե ինչպես է խոսում իր ընտրյալը և ընդօրինակի՞»:

Վիկտոր Կատվալյանը տեղեկացրեց, որ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը  մոտ 15 բուհական հաստատությունների հետ առցանց միջոցառում է կազմակերպում՝ նվիրված մայրենիին: Հրավիրված են մասնակցելու արտերկրի բազմաթիվ մանկավարժներ:

«Մայրենի լեզվի նկատմամբ հարգանքը, գնահատանքը պետությունն է առաջացնում: Մայրենին կարող է պետություն ստեղծել ու պահել, դրա համար պետք է գնահատել, արժևորել մայրենին՝ իր բոլոր դրսևորումներով»,- շեշտեց Վիկտոր Կատվալյանը՝ հիշեցնելով 1947 թվականը, երբ անգլիացիները վերջապես հեռանում էին Հնդկաստանից, կազմավորվեց Պակիստան պետությունը։ Այն կազմված էր երկու խոշոր տարածաշրջաններից, որոնք իրարից կտրուկ տարբերվում էին մշակույթով և լեզվով. արևմտյան Պակիստանում իշխում էր ուրդու լեզուն, իսկ արևելյանում՝ բենգալերենը։ Չնայած բենգալերենը միլիոնավոր մարդկանց մայրենի լեզուն էր,  1948 թվականին Պակիստանի կառավարությունն ամբողջ երկրի համար պետական լեզու էր հռչակել ուրդուն։ Կառավարության որոշումը երկրի արևելյան մասի բնակչության մեծ մասը դժգոհությամբ էր ընդունել, բողոքի ցույցեր էին տեղի ունենում։ Կառավարությունը ոչ միայն հաշվի չառավ արևելյան տարածաշրջանի բնակիչների պահանջները, այլև ճնշեց բենգալերենի պաշտպանությանն ուղղված ցույցերը։ Իսկ 1952 թվականին Դաքքա քաղաքում կայացած ուսանողական ցույցը ճնշելիս մի քանի մարդ էր զոհվել, զոհվեցին հանուն իրենց մայրենի լեզվի իրավունքի պաշտպանության։ Այս ողբերգական դեպքերի հետևանքով արդեն բողոքի զանգվածային ցույցեր ծայր առան։ Հակամարտության ընթացքում 1956 թվականին բենգալերենը, ի վերջո, պետական լեզվի կարգավիճակ ստացավ։ Մայրենի լեզվի իրավունքների համար մղվող պայքարը նպաստեց բենգալցիների ազգային ինքնագիտակցության աճին։ Ազգային-ազատագրական պատերազմից հետո Արևելյան Պակիստանն առանձնացավ և 1971 թվականին ստեղծվեց նոր պետություն՝ Բանգլադեշը։ Բանգլադեշում փետրվարի 21-ը նշվում է որպես ազգային տոն՝ Մայրենի լեզվի օր, իսկ մայրաքաղաք Դաքքայում զոհված ուսանողների հիշատակին հուշարձան է կանգնեցվել։ Բուռն իրադարձությունների հիշատակին 1999 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օր է հռչակել։

Անի Կարապետյան



Նման նյութեր