Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է լուծարել «Գոյ» թատրոնը՝ որպես առանձին միավոր, և միացնել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը դեմ է միավորմանը՝ համարելով, որ միտում կա այդպիսով դադարեցնել թատրոնի գործունեությունը։
Թատրոնի անձնակազմը խնդրի առնչությամբ հարցում է ուղարկել ԿԳՄՍ նախարարություն և ստացել պատասխան, որտեղ նշված է, որ շրջանառության մեջ է «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն պետական ոչ առևտրական կազմակերպությունը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միացման ձևով վերակազմակերպելու նախագիծը, որը բխում է ոչ թե ԿԳՄՍ նախարարի տեղակալի անձնական դիրքորոշումից, ինչպես նշված է թատրոնից ստացված դիմումում, այլ ՀՀ կառավարության ծրագրի և ոլորտում պետական մշակութային քաղաքականության տրամաբանությունից:
«Նախագիծը, նախևառաջ, կոչված է լուծելու թատրոնում առկա այն խնդիրները, որոնց անդրադարձել եք գրության մեջ, այն է՝ լրացուցիչ ստեղծագործական տարածքների պակասորդ, գույքային և ֆինանսական հնարավորությունների բացակայություն, թատերախմբի կառավարման անարդյունավետություն: Նախատեսվող փոփոխությունն ուղղակիորեն նպաստելու է ձեր գրության մեջ արտացոլված ստեղծագործական հղացումների լիարժեք իրագործմանը: Բոլոր նշված ծրագրերը կարող են իրականացվել նաև միասնական վարչական կառավարման ձևաչափով»,-պատասխանել են նախարարությունից՝ ընդգծելով, որ աշխարհի ազգային կարգավիճակ ունեցող առաջատար թատրոնների և փորձարարական թատերախմբերի գործունեության համադրումը նորություն չէ, միջազգայնորեն ընդունված պրակտիկա է:
Դերասանուհի Մարիաննա Դանիելյանը «Գոյ» թատրոնում սկսել է աշխատել Պետական կամերային երաժշտական թատրոնը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին միացնելու արդյունքում։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ դեմ է թատրոնների միավորմանը:
«Առհասարակ բացասական եմ վերաբերվում թատրոնների կրճատմանը, փակմանը: Եթե կա թերացում, անհամապատասխանություն, կարծում եմ, կարելի է շտկել, ինչ-որ բան վերացնել՝ օգնելով, այլ ոչ թե՝ փակելով»,- նշեց Մարիաննա Դանիելյանը:
Հոգեբանության տեսանկյունից ևս, ըստ դերասանուհու՝ դա շատ տհաճ երևույթ է, և ինքն արդեն մեկ անգամ անցել է դրա միջով:
«Եթե նախարարությունը բարեփոխումների ինչ-որ երկարաժամկետ պլանավորում ունի՝ որևէ վերջնարդյունքի հասնելու առումով, այն է՝ փոքր թատրոնների միավորում, ապա անտրամաբանական է, որ ԿԳՄՍՆ-ն հաստատեց ու Կամերայինից երկու դերասաններ գնացին «Գոյ» թատրոն, եթե այն ևս միացվելու էր այլ թատրոնի, չէ՞ որ յուրաքանչյուր մարդու համար նոր կոլեկտիվում ինտեգրվելը դժվար է: Արվեստը զգայական ոլորտ է, և դերասանն էլ երևույթներին վերաբերվում է ինչ-որ առումով՝ զգացական կետից ելնելով: Երբ մի թատրոնից գնում ես մեկ այլ թատրոն, այստեղ ձեռագրի, մտածողության, գեղագիտության, ճաշակի տարբերություններ կան: Եվ արդյո՞ք դու տեղավորվում ես այդ կոնցեպտի, մտածողության մեջ, սա է խնդիրը: Այսինքն, մեզ բերեցին այստեղ, փորձեցինք հարմարվել այս ձեռագրին, տեսակին, հասկանալ մեզ՝ դեռևս չփորձած ժանրում: Եվ երբ սկսում ես ինտեգրվել, ստանում ես դերեր, հասկանում, թե թատրոնն ի՞նչ ձևով է շնչում, ու մեխանիզմն ի՞նչ կերպ է աշխատում, մեկ էլ նորից իմանում ես, որ այն ևս լուծարվում է»,- նկատեց Մարիաննա Դանիելյանը:
Դերասանուհին կարևորեց նախքան նախագծի մշակումը՝ այն տեսքի բերելը շահառուների հետ քննարկելը:
Անի Կարապետյան