Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է Արցախ-Ուտիքի ազնվազարմ տոհմերից՝ Առանշահիկների պատմությունը:
Հայկական ազնվական շատ տոհմեր իրենց դերակատարմամբ էական հետք են թողել թե՛ հայոց, թե՛ տարածաշրջանի պատմության մեջ՝ կերտելով մեր պատմությունը, մշակույթը…
Առանշահիկների արքայական տոհմն ի տարբերություն Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների, մյուսարքայական տոհմերի՝ համեմատաբար փոքր տարածաշրջանում է գործել, բայց ոչ պակաս կարևորդերակատարություն է ունեցել. Ավելին՝ կենսունակ է գտնվել ժամանակի արհավիրքների նկատմամբ ևտոհմի շատ անդամներ ապրեցին ու գործեցին նաև մեր պատմության նոր շրջանում:
Առանշահիկների տոհմը գործել է Հայոց Արևելից կողմանց երկրում՝ Աղվանքում, ինչպես նաև՝ Արցախ-Ուտիքում: Նրանց անվան հետ է կապված երկրամասի պատմության փառահեղ ու հաղթական էջերը:
Տոհմանունը ծագում է Հայկ նահապետի որդի՝ Սիսակի զարմից, Առան նահապետից: Խորենացին այս Առանի մասին գրում է՝ «Առաջինը բոլոր մտավոր և հանճարեղ գործերում»: Հետևաբար՝ Առանշահիկները բնիկ հայկյան տոհմ էին և ծագմամբ որևէ աղերս չունեին աղվանների կամ կովկասյան այլ ժողովուրդների հետ: Ծագելով Հայկ նահապետից՝ նրանք որպես ազնվազարմ տոհմ՝ ամենաերկարակյացն ու ամենակենսունակը եղան հայ իրականության մեջ:
Հայոց Արշակունիների թագավորության անկումից հետո, Առանշահիկները հինգերորդ դարում Հայոց Աղվանքը անկախ հռչակեցին և տիրակալեցին նաև Արցախ-Ուտիքում: 5-րդ դարի կեսին Աղվանից աշխարհում աչքի ընկավ Վաչէ Բ արքան, որ Աղվանքն ապստամբեցրեց պարսից դեմ: Սակայն Վաչէն չհետևեց վարդանանց կործանարար գծին ու Աղվանքը զերծ պահեց ավերումներից:
Ամեն դեպքում՝ Առանշահիկներից Բակուր իշխանը, իր 700 մարտիկներով Վարդանանց բանակում մասնակցեց Ավարայրի ճակատամարտին:
Վաչէ Բ եղբորորդին՝ Վաչագան Գ Բարեպաշտը (487-510), իրեն փառավորեց մեծամեծ գործերով: Նա ընդարձակեց իր տիրապետության սահմանները՝ հյուսիսում հասնելով Կովկասյան լեռներին, իսկ հարավում նրա տիրույթներն ընդգրկում էր Քուռ գետի միջին հոսանքը: Նա ոչ միայն հզոր ու ինքնիշխան տիրակալ էր, այլև՝ լավ վարչարար: Հինգերորդ դարում Վաչագան Բարեպաշտն ստեղծեց աշխարհում առաջին սահմանադրությունը:
Հետագայում՝ 18-րդ դարում, երկրորդ սահմանադրությունը դարձյալ հայերինս էր՝ Մադրասի խմբակի ստեղծած ,,Որոգայթ փառացը,,: Աշխարհի մյուս ժողովուրդները սահմանադրություն ունեցան սոսկ 18-րդ դարում…
Շուտով Առանշահիկների դեմ ոխերիմ թշնամիներ հայտ եկան: Հայոց Աղվանքում հաստատվեց պարսից Միհրանյանների տոհմը: Ճիշտ է, Միհրանյանները քրիստոնեություն ընդունեցին և հայացան, բայց նրանք Առանշահիկների դեմ արյունահեղ կռիվներ մղեցին՝ առաջնության համար: Միհրանյաններին հաջողվեց ծուղակը գցել Առանշահիկներին և նրանք գրեթե բնաջինջ արեցին հայոց հնամենի այդ տոհմը: Սական Առանշահիկներից ոմանք, ամենայնիվ փրկվեցին, և վերսկսեցին պայքարն իրենց իրավունքների համար: 7-րդ դարի Աղվանքի պատմությունն իրենից ներկայացնում է այդ հզոր տոհմերի միջև արյունահեղ պատերազմների թատերաբեմ: Ի վերջո՝ այս պատերազմում Առանշահիկները հաղթեցին: Նրանք բնաջնջեցին Միհրանյաններին և դարձյալ Հայոց Արևելից կողմանց իշխանությունը վերցրին իրենց ձեռքը:
Իններորդ դարում, հակաարաբական պայքարի բովում, Առանշահիկներից իրեն փառավորեց հատկապես Եսայի Աբու Մուսեն: 852 թվականին, երբ արաբ զորավար Բուղան 200 հազարանոց բանակով արշավեց Հայաստան և հպարատեցրեց գրեթե ողջ երկիրը, համառ դիմադրության հանդիպեց Արցախում: Եսայի իշխանը փոքրաթիվ ուժերով ամրացավ Քթիչ բերդում: Ամիսներ շարունակ Բուղան չկարողացավ ընկճել բերդի քաջ պաշտպաններին: Արաբները կատաղությունից հիմնահատակ կործանեցին բերդի ստորոտում գտնվող հայոց եկեղեցին: Որպեսզի արաբներին բարոյապես ընկճեն՝ Եսայի իշխանի հրամանով քաջ արցախցիք ցերեկը կռիվ էին տալիս թշնամու դեմ, գիշերը սարի գլխին նոր եկեղեցի կառուցում: Ի նշանավորումն այդտեղ վարած թեժ մարտերի՝ սարը և եկեղեցին կոչվեցին Թեժ:
Չկարողանալով հաղթել քաջ հայորդուն՝ Բուղան միայն խաբեությամբ ու սուտ երդումներով կարողացավ ամրոցից իջեցնել Եսայի իշխանին, գերել և իր հետ Բաղդադ տանել:
Առանշահիկների մյուս ճյուղը, որ հաստատվել էր Խաչենում Սահլ Սմբատյանի գլխավորությամբ, ևս հզոր մարտեր մղեց արաբական տիրակալության դեմ: Սահլ իշխանը 837 թվականին ջարդելով Բաբեկի զորագնդերը, նրան ձերբակալեց և հանձնեց արաբական խալիֆայությանը: Սահլ Սմբատյանից հետո Խաչենում հայերի պայքարն առաջնորդեց Ատրներսեհ իշխանը, իսկ նրա զարմից Համամ Արևելցին այնքան հզոր էր, որ իր երկիրն անկախ թագավորություն հռչակեց՝ հիմք դնելով Փառիսոսի թագավորությանը:
Առանշահիկները շարունակեցին առաջնորդել Արևելյան կողմանց հայոց՝ ազատագրական պայքարում: 11-րդ դարում Հայաստանը ենթարկվեց սելջուկ-թուրքերի ասպատակություններին:
Առանշահիկների մի մասն ամրացավ Արցախի Դիզակ գավառի Գորոզ ամրոցում և կազմակերպեց տարածաշրջանի պաշտպանությունը սելջուկներից: Ի դեպ, նրանք թագավոր տիտղոսն էին կրում, որ, իհարկե, այդ ժամանակաշրջանում չէր համապատասխանում նրանց դիրքին և աստիճանին:
Առանշահիկների մյուս ճյուղը հաստատվեց Խաչենում և նրանց նստավայրերն էին Հանդաբերդն ու Խոխանաբերդը: Հետագայում, Խաչենի և առհասարակ, Խամսայի մելիքները սերեցին հենց Առանշահիկների այս փառահեղ ճյուղերից: Իսկ Խամսայի մելիքությունները փաստացի միակ հայկական անկախ իշխանապետությունն էր Հայաստանի տարածքում՝ Բագրատունյաց թագավորության անկումից հետո:
Անգամ մոնղոլական արշավանքները չկարողացան ընկճել Առանշահիկներին Արցախ-Խաչենում: Այստեղ Առանշահիկների Վախթանգյան տոհմն իր շուրջն է համախմբում կարող ուժերին և ամրակուռ իշխանություն ստեղծում: Հաթերքի տեր Վախթանգ իշխանի մահից հետո նրան հաջորդում է Հասան Ջալալ Դոլան, ով հայ մատենագրության մեջ անգամ թագավոր տիտղոսով է հորջորջվում: Զաքարյանների և Օրբելյանների կողքին սա ինչ խոսք, խոսուն փաստ է Առանշահիկների հզորության մասին:
Հասան-Ջալալ Դոլայի մայրը հայոց թագավորներ Զաքարե և Իվանե Զաքարյանների քույր Խորիշահն էր:
Հասան-Ջալալ իշխանն իրեն փառավորեց նաև Արցախի մարգարիտի՝ Գանձասարի վանական համալիրի կառուցմամբ:
Հենց այս Հասան-Ջալալ Դոլայից սերեց ուշ միջնադարում Արցախում մեծ հեղինակություն և ազդեցություն ունեցած Հասան-Ջալալյանների տոհմը:
Հասան-Ջալալյաններն իրենց ձեռքն առան երկրամասի թե՛ քաղաքական, թե՛ հոգևոր իշխանությունը: Հասան-Ջալալյանները Գանձասարում Էջմիածնին հակաթոռ կաթողիկոսություն ստեղծեցին և տոհմիկ վարում էին նաև Գանձասարի կաթողիկոսության պաշտոնը:
Նրանցից ամենանշանավորը թերևս, 18-րդ դարի գործիչ Եսայի Հասան Ջալալյանն էր՝ իր հակասական կերպարով. Եսայի Հասան-Ջալալյանը մերթ կանգնած էր ազգային ազատագրական շարժման ակունքներում, մերթ՝ թուրքերի հետ հաշտեցման և Արցախի հպատակեցման դիրքերում: